ԼԳԲՏԻ-ներն ամենաշատը բռնության են ենթարկվում ուժային կառույցներում. հետազոտություն

ԼԳԲՏԻ անձինք ամենաշատն անհանդուրժողականության, խտրական վերաբերմունքի և բռնության են ենթարկվում ուժային կառույցներում: ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերող հաջորդ խումբն այդ համայնքի ներկայացուցիչների ընտանիքներն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  լրագրող-հետազոտող Նանե  Բագրատունին: Վերջինս «Նոր Սերունդ» Մարդասիրական հ/կ-ի հետ իրականացրել է «ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունը և իրավունքի խախտումները Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտությունը:

Հետազոտությունն անցկացվել է Հայաստանի 10 մարզերում ու Երևանում, ֆուկուս խմբերում ընդգրկված են եղել առողջապահական ոլորտի, ԶԼՄ ներկայացուցիչներ, ԼԳԲՏԻ անձանց ընտանիքի անդամներ, հանրային ակտիվություն ցուցաբերողներ, պետական ուժային կառույցների ներկայացուցիչներ:

Հետազոտության արդյունքներն ամփոփվել են ՝ հաշվի առնելով ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիական և հոգեբանական բռնության երևույթներն ու արդարացի վերաբերմունքի դեպքերը:

Ըստ Բագրատունու՝ ուժային կառույցներում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ դրսևորվում են վատ վերաբերմունքի՝ վերը թվարկված բոլոր տեսակները:

«Օրինակ՝ երբ բանակում հայտնի է դառնում անձի՝  նույնասեռական լինելու մասին, վերջինիս մեկուսացնում են, նրա ափսեից, բաժակից չեն օգտվում, հաճախ նրանք ենթարկվում են նաև սեռական բռնության»,- նշեց Նանե Բագրատունին:

Ընտանիքներում նույնասեռական անձինք ենթարկվում են ֆիզիկական բռնությունների ու հոգեբանական ճնշումների, անարդար վերաբերմունքի: Բագրատունու խոսքով՝ ընտանիքի անդամները հաճախ պատճառ են դառնում, որ ԼԳԲՏԻ անձինք անարդար վերաբերմունքի արժանանան նաև որոշ պետական կառույցներում: Մասնավորապես՝  հայտնի են դեպքեր, երբ ԼԳԲՏԻ անձի ծնողները նրան տեղավորում են հիվանդանոցում՝ մտածելով, որ նա հիվանդ է և բուժման կարիք ունի: Կազմակերպությանը հայտնի են դեպքեր, երբ ԼԳԲՏԻ անձի նկատմամբ բռնի բուժման փորձեր են կատարվել:

Այս հարցում, ըստ Բագրատունու, երևան է գալիս նաև մեկ այլ խնդիր՝ մասնագետների տեղեկացվածության պակասը:

Զեկույցում տեղ է գտել նաև 2016-ի ընթացքում մեդիա ոլորտում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ  ատելության խոսքի, անհանդուրժողականության դրսևորումների, խտրական վերաբերմունքի հարցը: Կազմակերպության՝ մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը նշեց, որ հետզոտությունն իրականացնելիս՝ ուսումնասիրվել են 2016-ի ընթացում ԶԼՄ-ներում ու սոցցանցերում ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ առկա հրապարակումները: 

Վերջինս բերեց մեդիա ոլորտում իշխանության ներկայացուցիչների կողմից ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի օրինակներ, ընդգծեց, որ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի և ատելության խոսքի տարածման համար  նախորդ տարվա ընթացքում անգամ կայք է բացվել:

Ամփոփելով իրենց խոսքը՝ բանախոսները նշեցին, որ համընդհանուր անհանդուրժողականության միջավայրում ապրող ԼԳԲՏԻ անձինք, գիտակցելով իրենց սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը, երբեմն անհանդուրժող են դառնում հենց իրենք իրենց նկատմամբ, սկսում ատել իրենք իրենց: Ըստ բանախոսների՝  հայտնի են դեպքեր, երբ ԼԳԲՏԻ անձինք  դիմել են կրոնական կազմակերպությունների՝ ակնկալելով, թե վերջիններիս օգնությամբ իրենք պիտի ազատվեն նույնասեռական լինելուց: 

Լուսանկարը՝ Մեդիակենտրոնի Facebook-ի էջից