ԼԳԲՏԻ պաստառների վերաբերյալ գործը նախապատրաստված է դատաքննության

Վարչական դատարանում այսօր շարունակվեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (Pink Armenia) հասարակական կազմակերպության հայցով նախնական դատական նիստն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի:

Կազմակերպությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով Երևանի կենտրոնում գտնվող «Սանտաֆե» սրճարանի մոտ տեղակայված գովազդային վահանակներից ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներին վերաբերող երեք պաստառները հեռացնելու Երևանի քաղաքապետարանի գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ, հայցվորի խոսքի ազատության, խտրականությունից զերծ մնալու իրավունքներին միջամտող և միջոցներ ձեռնարկել վերականգնելու համար ապամոնտաժված պաստառները:

Հիշեցնենք, որ 2017-ի մայիսի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպությունը հրապարակել էր երեք տեսահոլովակ, որոնց նպատակը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հանդուրժողականության տարածումն էր: Այդ տեսանյութերի բովանդակությամբ պատրաստված պաստառների տեղադրման վերաբերյալ հետագայում կնքվել էր պայմանագիր «Նուշիկյան ասոցիացիայի» հետ:

Պաստառներից մեկում պատկերված էր երկու նույնասեռական տղամարդու կերպարանավորող անձանց գրկախառնություն, որի տակ գրված էր. «Դու ուզու՞մ ես, որ բոլորը երջանիկ լինեն։ Ուրեմն՝ մաղթի՛ր մեզ երջանկություն»: Մյուս պաստառում պատկերված էին տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, իսկ պաստառի վրա գրված էր․ «Դուք հանդիպում եքնրանց ամեն օր»: Պաստառներից երրորդում պատկերված էր երեք ձեռք և գրված էր․ «Տրանս անձինք մեր հասարակության մասն են»:

Ընդդեմ քաղաքապետարանի Դատարան ներկայացված հայցում ասվում է, որ այն բանից հետո, երբ լրատվամիջոցներն անդրադարձել են վերը նշված պաստառների բովանդակությանը` այն հիշատակելով որպես ԼԳԲՏԻ մարդկան վերաբերյալ Հայաստանում առաջին սոցիալական գովազդ`սոցիալական ցանցերում մի խումբ քաղաքացիների կողմից նկատվել է ագրեսիվ արձագանք,անգամ այդ գովազդների «խնդիրը լուծելու» նպատակով խմբի ձևավորման կոչեր են եղել:

Արդյունքում պաստառներն ապամոնտաժվել են, պատռվել, նետվել աղբարկղը, և այդ գործընթացի լուսանկարները տարածել են հենց այն մարդիկ, ովքեր ԼԳԲՏԻ մարդկանց դեմ խումբ ձևավորելու կոչեր են հնչեցրել։

Հայցվոր կողմը վստահ է, որ պաստառներն ապամոնտաժվել են դրանց բովանդակության պատճառով և այսպիսով պնդում է, որ խախտվել է խտրականությունից զերծ մնալու և արտահայտվելու ազատության իրավունքը:

Այսօրվա նախնական դատական նիստի ընթացքում Pink Armenia կազմակերպության իրավաբան Հասմիկ Պետրոսյանը միջնորդեց գործի շրջանակներում որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել երկու անձի՝ «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանին և «Նուշիկյան ասոցիացիայի» գովազդային բաժնի պատասխանատու Գայանե Առուստամյանին:

Ըստ Հասմիկ Պետրոսյանի՝ պաստառների ապամոնտաժումից հետո «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանը հոդված է հրապարակել այն մասին, որ Քաղաքապետարանը քաղաքացիների բողոքին արձագանքել և ապամոնտաժել է պաստառները: Ուստի, ըստ Պետրոսյանի, Գալաջյանը տիրապետում է որոշակի ինֆորմացիայի, թե ով է բողոքել և ինչպես է որոշվել հեռացնել պաստառները:

Ինչ վերաբերում է Գայանե Առուստամյանին հարցաքննելուն, ապա, Պետրոսյանի խոսքով, վերջինիս, ինչպես նաև ասոցիացիայի նախագահի հետ իրենց կազմակերպության ներկայացուցիչները զրուցել են և դրա արդյունքում պարզել, որ պրակիտկայում «Նուշիկյան ասոցիացիան» գովազդների տեղադրման համար հազվադեպ է նախօրոք դիմել Քաղաքապետարանին, և նախկինում երբեք նման խնդիր չի առաջացել: Բացի այդ, նույն զրույցի ժամանակ Առուստամյանն ասել է նաև, որ իրենք պաստառների տեղադրման համար նորից չեն դիմի Քաղաքապետարան, քանի որ իրենց այնտեղից զգուշացրել են, որ չդիմեն:

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս Քաղաքապետարանի ներկայացուցիչ Լիլիթ Նարիմանյանը նշեց, որ Քաղաքապետարանը պաստառների վերաբերյալ գրավոր կամ բանավոր բողոք չի ստացել, դրանք ապամոնտաժվել են, քանի որ տեղադրված չեն եղել օրենքով սահմանված կարգով:

Դատավոր Ռաֆիկ Խանդանյանը մերժեց Պետրոսյանի միջնորդությունը: Նշենք, որ «Նուշիկյան ասոցիացիայի» վերը նշված ներկայացուցիչների և Pink-ի ներկայացուցիչների միջև խոսակցությունը վերջիններս ձայնագրել են և պատրատվում են հաջորդ դատական նիստին դրանք ներկայացնել դատարան: Գործն այս պահին համարվում է նախապատրաստված դատաքննության, և դատավորը դրա օրվա և ժամի մասին կողմերին պետք է ծանուցի: