«ԼԳԲՏ ակտիվիստ», «Սեքսիստ հայտարարություն»․ Նիկոլ Փաշինյանի ու Վիգեն Սարգսյանի վեճը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի բանավեճի ընթացքում, որն ուղիղ եթերում հեռարձակում էր Հանրային հեռուստաընկերությունը, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը «Իմ քայլը» դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ԼԳԲՏ մարդկանց վերաբերյալ հարց ուղղեց:

Սարգսյանը, մասնավորապես, ասաց, որ «մենք ունենք իրավիճակ, երբ իշխող կուսակցության հիմնադրամում, որը ֆինանսավորմամբ է զբաղվում, ներգրավված են ԼԳԲՏ երկու կարկառուն ակտիվիստներ» և հարցրեց՝ արդյոք Փաշինյանը պարտավորություններ ունի՞ այդ ակտիվիստների նկատմամբ: Սարգսյանը հարցրեց նաև՝ «ազգային արժեքնե՞րն են ավելի կարևոր, թե՞ ժողովրդավարական լիբերալիզմը»:

Ի պատասխան Փաշինյանը նշեց, թե Հայաստանի Հանրապետությունում ազգային արժեքները միշտ եղել ու լինելու են կարևոր:

«Ինչ վերաբերում է մեր՝ «Քաղաքացիական պայմանագրի» հոգաբարձուների խորհրդի անդամներին, նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Այն մարդը, որի մասին ձերոնք տարածում են, թե ակտիվիստ է, չորս երեխաների մայր է, հայկական ավանդական ընտանիքի մայր, և ես ուզում եմ ասել, որ ձեր իշխանության տարիներին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում հրապարակվել է սեռական այլ կողմնորոշում ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ: Դուք այդ իշխանության մեջ եղած մարդ եք, և ձեր կառավարության մի շարք հայտնի անդամներ հայտնի են որպես ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վիգեն Սարգսյանը Փաշինյանի խոսքը որակեց «սեքսիստ հայտարարություն»:

«ԼԳԲՏ համայնքն ունի բոլոր իրավունքներն, ինչ մնացածը: Մարդուն չի կարելի դատել իր կողմնորոշմամբ. դուք քաղաքացիներին հիմա բաժանեցիք կատեգորիաների»,- ասաց Սարգսյանն ու շարունակելով` կրկնեց հարցադրումը, թե ունի՞ Փաշինյանը ԼԳԲՏ համայնքի նկատմամբ պարտավորություն։ 

«Մարդն իրավունք ունի ինչ ուզի՝ իր փակ դռան հետևում անի։ Ես դեմ եմ սեռական պարադներին առհասարակ, լինի դա միասեռական, թե հետերոսեքսուալ։ Ես համարում եմ, որ երեխան, փողոցով քայլելով, չպիտի դա տեսնի, հայ երեխան չպիտի դա տեսնի»,֊ հավելեց Վիգեն Սարգսյանը։ 

Ի պատասխան Փաշինյանը, իր իսկ խոսքերով սիլլոգիզմ կիրառելով, մտահանգեց, թե Վիգեն Սարգյանը ԼԳԲՏ ակտիվիստ է:

«Կա սիլլոգիզմ. Վիգեն Սարգսյանը նոր ասաց, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ունեն նույն իրավունքներն, ինչ Հայաստանի մյուս բոլոր քաղաքացիները։ Դո՛ւք լսեցիք: Իր նշած մարդիկ`այդ կանայք, ասում են նույն բանն, ինչ Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանն այդ կանանց անվանում է ԼԳԲՏ ակտիվիստ այն բանի համար, ինչ ինքն ասաց, հետևաբար Վիգեն Սարգսյանն էլ ԼԳԲՏ ակտիվիստ է: Սա շատ պարզ տրամաբանական շղթա է»,- ասաց Փաշինյանն ու հայտարարեց, որ ինքը ոչ մի առանձին վերցրած հանրության առաջ չունի պարտավորություն, որ ինքը պարտավորություն ունի ՀՀ քաղաքացիների առաջ և այդ պարտավորությունների մասին հրապարակավ հայտարարել է:

Փաշինյանը հավելեց, որ իրեն հարկավոր էր արձանագրել Վիգեն Սարգսյանի «ակտիվիստ լինելն ու ակտիվիզմի ուղղությունը», ինչը, ըստ նրա, կարևոր էր ընթացող բանավեճի համար։ 

Հատկանշական է, որ բանավեճին մասնակցող մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հնարավորություն ունեին արձագանքելու և անդրադառնալու քննարկվող հարցին, սակայն չօգտվեցին այդ հնարավորությունից։ 

Վիգեն Սարգսյանի հարցն ու Նիկոլ Փաշինյանի արձագանքը կարող եք դիտել 1:37:30 վայրկյանից։