ԼԳԲՏ անձանց արտագաղթի նվազեցման պայմանները. հետազոտողների առաջարկությունների փաթեթը

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» և «Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» հ/կ-ների իրականացրած՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցության վերաբերյալ հետազոտությունը բաղկացած է երկու հիմնական հատվածից՝ 

 

 ԼԳԲՏ մարդկանց էմիգրացիայի և դրան նպաստող գործոնների առանձնահատկությունների սոցիոլոգիական ուսումնասիրություն:

 

Արտագաղթի տնտեսական ազդեցությունների տնտեսագիտական գնահատական։

 

Հետազոտության առաջին հատվածում ներկայացված են էմիգրացիայի ընդհանուր խթանիչ գործոնները, հոմոֆոբիայի ազդեցությունը ԼԳԲՏ անձանց էմիգրացիայի վրա, երկրից արտագաղթի ընդհանուր խթանիչ գործոնների ազդեցությունը ԼԳԲՏ անձանց վրա, ԼԳԲՏ անձանց արտագաղթի համար աձանձնահատուկ խթանիչ գործոնները, արտագաղթած ԼԳԲՏ անձանց կապերը Հայաստանի հետ ու տրանսֆերտների հարցը, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց արտագաղթի հետևանքները: 

 

Հետազոտության երկրորդ հատվածում ներկայացված են ԼԳԲՏ անձանց արտագաղթի հետևանքով կրթության ոլորտում հասարակության կատարած ներդրումների կորստի հաշվարկներն ու ՀՆԱ-ի կորուստն ու բյուջեի՝ չստացված եկամուտների հաշվարկը: 

 

Հետազոտությունն ավարտվում է ամփոփչի մասով և տարբեր միավորներին ուղղված առաջարկների փաթեթով: 

 

Համաձայն հետազոտության եզրակացության՝ ԼԳԲՏ անձանց էմիգրացիայի նվազեցման պայմաններն են՝ 

 

Հոմոֆոբիայի նվազեցում:

 

Անվտանգության երաշխիք պետության կողմից, արդար դատական համակարգ:

 

Տեղեկատվական քաղաքականություն, աշխատանք մեդիայի հետ:

 

Այլընտրանքային ընտանիքի գաղափարի հանրայնացում: 

 

Տեսանելիության մեծացում, սեփական շահերի քաղաքականացում և իրավունքների հետևողական պահանջատիրություն:

 

Ելնելով այս պայմանների ձևավորման անհրաժեշտությունից՝ հետազոտողները պետական մարմիններին առաջարկել են՝ 

 

  • Իրականացնել միասնական պետական քաղաքականություն` հիմք ընդունելով հասարակության կյանքի բոլոր ոլորտներում խտրականության բացառման սկզբունքը:
  • Իրականացնել ՀՀ Կառավարության 2012-2017թթ. ծրագրով նախատեսված սոցիալական քաղաքականությունն ու մարդկային կապիտալի զարգացումը` հիմք ընդունելով հասարակության խոցելի խմբերի, տվյալ դեպքում ԼԳԲՏ անձանց նկատմամբ տարբեր ոլորտներում խտրականության բացառման սկզբունքը:
  • Ընդունել խտրականության արգելման մասին առանձին օրենսդրություն, որը կբացառի այս կամ այն հատկանիշով պայմանավորված խտրականությունն աշխատաշուկայում և կյանքի այլ ոլորտներում, կապահովի հավասար իրավունքներ և հնարավորություններ բոլորի համար:
  • Ընդունել օրենքի կիրարկման գործուն մեխանիզմներ: Հակախտրական օրենսդրությունն, իհարկե, անհրաժեշտ է, սակայն բավարար չէ և առանց գործուն մեխանիզմների խտրականությունը հենց այնպես չի վերանա:
  • Օրենքներ և այլ իրավական ակտեր ընդունելիս հիմք ընդունել խտրականության բացառման սկզբունքը՝ որպես մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման հիմնարար կանոն:

 

Տեղական և միջազգային ձեռնարկություններին առաջարկվել է՝ 

  • Ձեռնարկությունների ներքին կանոնակարգերում հստակ ամրագրել այս կամ այն հատկանիշով խտրականության բացառումը, աշխատողների նկատմամբ խտրական վերաբերմունքի հետևանքները և ղեկավարների պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքում ձեռնարկել համապատասխան քայլեր:
  • Աշխատակիցների շրջանում տանել խտրականության հետևանքների վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպել փոխօգնության խմբեր, խրախուսել թիմային աշխատանքները: 

 

Հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական նախաձեռնություններին՝ 

  • Ջատագովել և խթանել ՀՀ-ում հակախտրական օրենսդրության ընդունումը: 
  • Բարձրացնել հանրության իրազեկվածությունը խտրականության, դրանից բխող բացասական հետևանքների և խտրականության բացառման և հավասարության սկզբունքների կարևորության մասին:
  • Ապահովել այլընտրանքային հարթակ` տեղեկացնելու, քննարկելու մարդու իրավունքերի, խտրականության, հանդուրժողականության թեմաները:
  • Քաղաքացիական նախաձեռնություններին՝ կազմել արհմիություններ՝ աշխատողների իրավունքների պաշտպանության և աշխատավայրում տարատեսակ խտրականության դեմ պայքարելու համար:

 

Զանգվածային լրատվության միջոցներին՝ 

  • Բարձրացնել հանրային իրազեկվածությունը ԼԳԲՏ հիմնահարցերի, նրանց նկատմամբ առկա խտրականության վերաբերյալ:
  • ԼԳԲՏ անձանց կամ նրանց խնդիրների մասին բարձրաձայնելիս ձայն տալ նաև համայնքի անդամներին և թույլ տալ նրանց արտահայտվել:
  • Խուսափել պիտակավորող, խարանող և խտրական արտահայտություններից և որակումներից:

 

Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ