ԼԳԲՏ անձանց իրավունքները ես մարդու իրավունք չեմ համարում. ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյան

LGBTnews-ը շարունակում է հարցազրույցների շարքը խորհրդարանի պատգամավորների հետ, և այս անգամ փորձել ենք պարզել ԼԳԲՏ անձանց և նրանց իրավունքների վերաբերյալ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանի կարծիքը:

 

– Տիկի՛ն Մուրադյան, ինչպե՞ս եք գնահատում ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակը Հայաստանում:

 

– Ես դա մարդու իրավունք չեմ ցանկանում դիտարկել:

 

– Եթե ոչ մարդու, ապա ի՞նչ էակի իրավունք եք ցանկանում դիտարկել:

 

– Ես ուզում եմ ասել, որ չի կարելի դեմ գնալ այն բանին, ինչ բնությունն է ստեղծում ու Աստված:

 

– Այդ դեպքում ինչո՞ւ եք դուք տրամադրված ընդդեմ ԼԳԲՏ անձանց, նրանց բնությունն ու, ինչպես դուք եք ասում, Աստվա՞ծ չի ստեղծել:

 

– Ես խոսում եմ հարաբերությունների, բնության շարունակականության մասին: Ես ունեմ իմ հստակ պատկերացումը, որ ամեն ինչ պետք է լինի բնական օրենքների շրջանակներում: Ես ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ, ամեն մարդ ինքն է ընտրում իր նախասիրությունները, բայց այդ սկզբունքի կողմնակից չեմ:

 

– Այսինքն ՝ դուք նույնասեռականությունը նախասիրությո՞ւն եք համարում:

 

– Ես չգիտեմ, նախասիրություն չեմ չեմ համարում, չգիտեմ էլ, թե ինչ գնահատական տամ:

 

– Դուք՝ որպես պատգամավոր, ձեզ պարտավոր չե՞ք զգում պաշտպանել Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող ԼԳԲՏ անձանց իրավունքները:

 

– Մեր ազգին մի քիչ հարիր չէ, էլի, այդ ամենը: Իսկ եթե ԼԳԲՏ անձանց չենք ընդունում, դեռ չի նշանակում, որ նրանց իրավունքները չենք պաշտպանում:

 

– Ինչպե՞ս եք պաշտպանում, ձեր՝ պատգամավոր ընտրվելուց ի վեր դուք ի՞նչ եք արել ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

 

– Այդ քաղաքացիները տարբեր ոլորտներում են, և նրանց իրավունքները պաշտպանված են: Այս ի՞նչ թեմա եք, ախր, վերցրել, ո՞նց կարելի է, եկե՛ք չպրոպագանդենք: Երբ խոսում ենք այս ամենի մասին, դա արդեն պրոպագանդա է:

 

– Քաղաքացիների խնդիրների մասին բարձարաձայնելը դուք պրոպագա՞նդա եք համարում:

 

– Ես իմ ասելիքն ասացի, վերջացրի: Ես այլ կարծիք չունեմ: Վե՛րջ: Այսքանը: