ԼԳԲՏ անձանց իրավունքները Հայաստանում պաշտպանված կլինեն, եթե ունենանք դեմոկրատիա. Լևոն Զուրաբյան

LGBTnews-ը ԼԳԲՏ անձանց և նրանց իրավունքների վերաբերյալ զրուցել է ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:

 

-Պարո՛ն Զուրաբյան, Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ բարձրաձայունում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքի մասին, ընդ որում՝ անգամ ԱԺ բարձր ամբիոնից և դրանում որևէ խնդիր չեն տեսնում: ԼԳԲՏ անձանց նկատմամբ ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

 

– Ինձ համար այդ հարցում առաջնորդող են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները:

 

 

– Ձեր կարծիքով ՝Հայասատանն ինչպե՞ս է իրականացնում Կոնվենցիայով, միջազգային մի շարք այլ փաստաթղթերով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ստանձնած իր պատրավորությունները:

 

– Հայաստանը չի կարող իր ստանձնած պարտավորությունները կատարել անկախ այն բանից՝ խոսքը կվերաբերի ԼԳԲՏ անձանց, կանանց, երեխաներին, բանտում գտնվող մարդու կամ մեկ այլ քաղաքացու իրավունքի: Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, առաջին հերթին կապված են քաղաքացիական ազատությունների հետ: Մինչև Հայաստանը չունենա լիարժեք ընտրովի իշխանություն, որն առանց խտրականության կհարգի բոլոր փոքրամասնությունների, խմբերի ու անհատների ազատությունները, մենք որևէ բնագավառում հաջողության չենք հասնի: Չի կարող լինել այնպես, որ ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանված լինեն, եթե Հայաստանում չլինի դեմոկրատիա:

 

– Դուք անընդհատ պայքարում եք իշխանությունների դեմ՝ նշելով, որ կարևորում եք մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Ձեզ երբևէ մտահոգե՞լ են ԼԳԲՏ անձանց իրավունքներն ու խնդիրները, մինչև հիմա ի՞նչ եք արել այդ խնդիրների լուծման համար:

 

– Մեզ մշտապես մտագոհել ու մտահոգում է բոլոր փոքրամասնությունների իրավունքների պահպանումը: Դա մեր հավատամքն է, և այդտեղ մենք որևէ խտրականություն չենք դնում: Դա սահմանադրական դրույթ է, և մենք հարգում ենք բոլորի իրավունքները: Ես նորից եմ ասում, որ այդ իրավունքների պաշտպանության առանցքային ուղղությանն այն է, որ Հայաստանում ժողովրդավարություն հաստատվի և լինի հարգանք բոլորի անհատական, խմբային, փոքրամասնական իրավունքների նկատմամբ:

 

– Ձեր կարծիքով՝ իշխանափոխությունից հետո իրավունքների նկատմամբ այդ հարգանքը կլինի՞:

 

– Դա կախված է այն բանից, թե արդյունքում ով կգա իշխանության և ինչ վիճակ կլինի: Եթե այդ իշխանափոխության արդյունքում Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ հարգանք և ժողովրդավարություն է հաստատվում, բնակաբար այդ ամենը կլինի, բայց քանի դեռ մենք չունենք ազատ ու արդար ընտրություններ, քանի դեռ հաստատված չեն ժողովրդավարական հիմնարար սկզբունքները, դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ որևէ խումբ կարող է պաշտպանված լինել: Ահա այդ է պատճառը, որ մենք մեր բոլոր ջանքները նախ և առաջ ուղղել ենք ամենաառանցքային խնդիրների լուծմանը:

 

– ԵԽԽՎ մի խումբ պատվիրակներ դեռևս հունվար ամսին Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ հայտարարություն էին ընդունել, որում Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակությանը կոչ էին արել իրենց գործընկերներին հստակ բացատրել, որ անհրաժեշտ է հեռու մնալ ատելության և անհանդուրժողականության դրսևորումներից: Դուք ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ եք, նման վարքագիծ ունեցող ձեր գործընկերներին դիմե՞լ եք, փորձե՞լ եք նրանց բացատրել որևէ բան:

 

-Ես, ճիշտն ասած, ԵԽԽՎ-ից նման կոչ չեմ ստացել: