ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցում հաջողության համար քաղաքական կամք է անհրաժեշտ. Միքայել Դանիելյան

Հայաստանում հոմոֆոբ է ոչ միայն հասարակությունը, այլ նաև պետական ապարատը: Սա է պատճառը որ ԼԳԲՏ անձինք հասարակության լայն զանգվածների կողմից չեն ընկալվում իբրև սովորական քաղաքացիներ: Այս մասին LGBTnews.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Միքայել Դանելյանը և կարծիք հայտնեց, որ ոչ միայն ԼԳԲՏ անձանց, այլ առհասարակ բոլոր մարդկանց իրավունքների հարցում կարելի է հասնել հաջողության, եթե լինի դրան հասնելու իշխանությունների քաղաքական կամք:

«Քանի դեռ այդ կամքը չկա, ոչինչ չի փոխվելու: Մենք միայն կարող ենք հասարակությանը տեղեկացնել, որ իրենց կողքին ենք, որպեսզի իշխանությունները ևս դա տեսնեն»,- ասաց Դանիելյանն ու կարծիք հայտնեց, որ «ԼԳԲՏ անձինք Հայաստանում ամենաշատը բախվում են են հոմոֆոբ հասարակության անմակարդակությանը, իրենց մասին մարդկանց անտեղյակ լինելուն»:

«Անգամ այն իրավապաշտպանները, որոնք արտերկրում խոսում են ԼԳԲՏ անձանց իրավունքների մասին, խոսում են՝ գրանտ ստանալու նպատակով, բայց մենք պետք է հասկանանք, որ ԼԳԲՏ անձինք մեզ պես մարդիկ են, նրանք այնպիսին են, ինչպիսին դուք, ես ու բոլորն են: Իսկ մտածելակերպի այդպիսի փոփոխություների հասնելու համար տասնամյակներ են անհրաժեշտ»,- ասաց իրավապաշտպանն ու ընդգծեց, որ Հայաստանը հասարակության անհատների միջև խտրականությունը մերժող մի շարք փաստաթղթեր է ստորագրել, բայց չի էլ փորձում հետևել այդ փաստաթղթերին:

Պարոն Դանիելյանից հետաքրքվեցինք նաև, թե արդյոք ԼԳԲՏ անձինք իրեն հաճախակի են դիմում՝ խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները: Իի պատասխան իրավապաշտպանն ասաց, որ իրենց կազմակերպությանը չեն դիմել:

«Պետք է նշել, որ ԼԳԲՏ անձանց խնդիրների համար մի քանի կազմակերպություններ են ստեղծվել, որոնցից ամենահզորն, իմ գնահատմամբ, Pink-ն է («Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպություն- խմբ.)»,- ասաց իրավապաշտպանը: