ԼԳԲՏ անձանց իրավունքների մասով Հայաստանում առկա է դինամիկ հետընթաց. Լևոն Ավագյան

LGBTnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Այս անգամ մեր զրուցակին է «Մենք հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության ղեկավար Լևոն Ավագյանը: 

 

 

– Լևո՛ն, մի քանի օր առաջ ձեր ղեկավարած «Մենք հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր «Հայաստանում փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը» խորագրով քննարկում, որի՝ մամուլում լուսաբանումներից հետո սոցցանցերում ձեր և ձեր կազմակերպության հանդեպ քննադատության ալիք բարձրացավ։ Այս անգամ էլ հնչեցին սպառնալիքներ, զրպարտություն և վիրավորական արտահայտություններ: Ո՞րն է, ըստ ձեզ, նման արձագանքի պատճառը: 

 

– Նախ նշեմ, որ «Մենք հանուն ժողովրդավարության» կազմակերպության նախաձեռնած «Հայաստանում փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը» խորագրի ներքո տեղի ունեցած քննարկումը մեր կազմակերպության իրականացրած՝ «Առաջադիմական Հայաստան» մեծ ծրագրի մի բաղկացուցիչն էր, որին մասնակցեցին մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այդ քննարկումը, որը ծավալվում էր ազգային, սեռական, կրոնական փոքրամասնությունների խնդիրների շուրջ, բավական արդյունավետ անցավ։ Մասնակիցները բազմաթիվ առաջարկություններ հնչեցրին Հայաստանում ազգային, կրոնական, ինչպես նաև սեռական փոքրամասնությունների խնդիրների լուծումը դյուրացնելու վերաբերյալ, և մենք առաջիկայում պատրաստվում ենք լայն հանրությանն ամփոփ ներկայացնել քննարկման այդ արդյունքները, որոնք նաև կուղարկենք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, խմբակցություններին, ինչպես նաև կառավարության մարմիններին՝ վերջիններիս հորդորելով դրանց համապատասխան գործողություններ իրականացնել՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով: 

 

Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա նշեմ, որ միջոցառումից անմիջապես հետո սոցիալական ցանցներում, իրոք, աննախադեպ հարձակում սկսվեց մեր կազմակերպության դեմ։ Հարձակումների հիմնական թիրախը «Մենք հանուն ժողովրդավարության» կազմակերպության անդամներն էին, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնք մասնակցել էին քննարկումներին։ Նման հիստերիայի աղբյուրն ակնհայտ է. մենք համոզված ենք, որ սա Հայաստանում գործող հակաժողովրդավարական ռեժիմի կողմից կազմակերպված հերթական արշավն էր, որի նպատակը հանուն իրավունքի պայքարող իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին վախեցնելն ու լռեցնելն էր, ինչպես նաև հասարակության շրջանում վախի մթնոլորտի, անհանդուրժողականության ու ատելության տարածումը: 

 

Նկատի ունենալով ատելության այդ ալիքին հետևած որոշ իրադարձություններ, որոնք ես մի շարք պատճառներով դեռևս անպատեհ եմ համարում հրապարակել, ցավով պետք է նշեմ, որ հնչած սպառնալիքներն այդքան էլ մերկապարանոց չէին: Որոշ շրջանակներ կարծես թե իրոք որոշել են իրենց հնչեցրած սպառնալիքներին համապատասխան գործողությունները ողջ ծավալով կյանքի կոչել, ու թեև մենք խորը անվստահություն ունենք հայաստանյան իրավապահ ու դատական համակարգի նկատմամբ, այնուամենայնիվ պատրաստվում ենք այդ կապակցությամբ դիմել ոստիկանություն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Հուսով ենք այդպիսով գոնե հասարակական ուշադրությունը սևեռել հակաժողովրդավարական ուժերի գործողությունների վրա: 

 

– Facebook սոցիալական ցանցում դուք ձևավորել եք «Անտիբուլինգ» նախաձեռնությունը՝ համապատասխան խումբը բացելով և փորձելով համախմբել հատկապես ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության դեմ պայքարողներին։ Ինչպիսի՞ն են ձեր նախաձեռնության հասարակական արձագանքները և ի՞նչ նպատակներ եք հետապնդում այդ նախաձեռնությամբ: 

 

– Facebook սոցցանցում «Անտիբուլինգ» խումբը բացել եմ՝ նկատի ունենալով փոքրամասնությունների, հատկապես սեռական ու կրոնական փոքրամասնությունների ծանր վիճակը Հայաստանում։ Այդ խմբի գաղափարը հասնուցավ, երբ ծառայում էի բանակում, թեև ապրելով ավանդապաշտ Գյումրի քաղաքում՝ դեռ մանկուց ականտաս էի եղել բուլինգի զոհերի ծանր, դեպրեսիայով լի կյանքին, իսկ երբեմն էլ ինքս էի հանդիսացել բուլինգի զոհ։ Հայաստանում ինձ առավելապես անհանգստացնում է հասարակության մեջ տարածված այն կարծիքը, որ եթե դու չես ծաղրում, նվաստացնում, հալածում այն անձանց, որոնք իրենց մտքերով և ապրելակերպով տարբերվում են մեծամասնությունից, ուրմեն դու ևս ծաղրի ու անագանքի ես արժանի։ Ի ուրախություն մեզ՝ «Անտիբուլինգ» նախաձեռնությունն աննախադեպ հաջողություն ունեցավ։ Մեզ սկսեցին գրել բուլինգի բազմաթիվ զոհեր, նրանք պատմում էին իրենց խնդիրների մասին, օգնություն էին ակնկալում, և մեր կազմակերպությունն էլ ունեցած հնարավորությունների սահմանում փորձում է օգնել դիմողներին։ Բնականաբար՝ հասարակության մեջ «հարգված տղաների» արձագանքը ևս չուշացավ։ «Անտիբուլինգ» էջը մի քանի անգամ հաքերային հարձակումների է ենթարկվել, փորձ է արվել փակել խումբը, իսկ երբ դա չի հաջողվել, Սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնյաներից մեկը մեկ այլ անձի միջնորդությամբ մեզ առաջարկել է գումարի դիմաց փակել խումբը: Այդ նախարարությանը «Անտիբուլինգ» նախաձեռնությունը հետաքրքրել էր, քանի որ սոցցանցում խմբին անդամակցել էին մեծ թվով երիտասարդներ: 

 

– Լևո՛ն, ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին եղել խտրականության հիմքով ձեզ աշխատանքից հեռացնելու կապակցությամբ։ Խնդրում եմ ներկայացրեք պատմությունը և հետագա զարգացումները։ 

 

– Շուրջ հինգ տարի որպես շեֆ խոհարար աշխատել եմ «Փարիզյան սուրճ» սրճարանում՝ ֆրանսահայ հայտնի գործարար Վալերի-Աշխեն Գործունյանի մոտ։ Կարծում եմ՝ ձեր ընթերցողին հայտնի է տիկին Գործունյանի դեմ ՀՀ ներկայիս իշխանությունների կազմակերպած անարդար ու գիշատիչ քաղաքականությունը, որի արդյունքում տիկին Գործունյանը, սնանկանալով, ստիպված եղավ վաճառել սրճարանը և վերադառնալ Փարիզ։ Այդ ընթացքում իմ բոլոր ջանքերը ուղղված էին իր լիբերալ հայացքներով հայտինի գործարար տիկնոջը օգնելու ուղղությամբ, թեև ես գիտակցում էի, թե ինչի է ընդունակ քրեաօլիգարխիկ տարրերով լեցուն ներկայիս կառավարությունը։ Արդյուքնում սրճարանի վաճառքից անմիջապես հետո, նկատի ունենալով իմ հասարակական ակտիվությունը, սրճարանի նոր սեփականատերերը ինձ հեռացրեցին աշխատանքից։ Պատճառն այն էր, որ նույն ժամանակահատվածում ես մասնակցեցի Հելսինկյան Ասոցիացիայի՝ հոմոֆոբիայի դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը, որից հետո սրճարանի նոր սեփականատերը ինձ կանչեց իր մոտ և ասաց․ «Չե՞ս հասկանում, որ այն, ինչով զբաղված ես, վնասում է մեր բիզնեսին, քո ինտեևվյուից հետո քո եփած ճաշերն ո՞վ է ուտելու»։ Նա ասաց, որ հաջորդ օրվանից աշխատանքի չներկայանամ: Ես հղում արեցի աշխատանքային օրենսգրքին և աշխատանքային պայմանագրի առկայությանը, բայց նա, սպառնալիքներ տեղալով, ինձ դուրս հրավիրեց սենյակից։ Այսպիսով խախտվեց իմ աշխատանքային իրավունքը… 

 

– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում վերջին տարիներին մարդու իրավունքներին և մասնավորապես փոքրամասնությունների հետ կապված իրավիճակը, արդյոք կիսո՞ւմ եք տարածված այն կարծիքը, որ այդ հարցում Հայաստանում առկա է կայուն հետընթաց: 

 

– Ակնհայտ է, որ առնվազն փոքրամասնությունների իրավունքների ու հատկապես՝ սեռական և կրոնական, մասով Հայաստանում առկա է դինամիկ հետընթաց: Դրա մասին են վկայում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավապաշտպան և այլ կազմակերպությունների զեկույցները, ինչպես նաև ՀՀ օրենսդրության ու մամուլի թեկուզ հպանցիկ մոնիտորինգը: Իրավիճակը էլ ավելի բարդացավ հատկապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո, որը ակնհայտորեն նախ և առաջ քաղաքական ու գաղափարախոսական միություն է և հետո միայն տնտեսական: Կարծում եմ՝ կարիք չկա մանրամասնելու, թե ինչպիսի հետադիմական գաղափարների վրա է խարսխված այդ միությունը: Կատարելով այդ քաղաքական ընտրությունը՝ Հայաստանի ապօրինի ռեժիմն ըստ էության ուրվագծեց այն տեսլականը, որը սպասվում է Հայաստանին: Հենց այդ տրամաբանության շրջանակներում էլ անհրաժեշտ է դիտարկել փոքրամասնությունների նկատմամբ իրավունքների իրավիճակի հետագա գործընթացները, որոնք, ցավոք, ոչ մի դրական բան չեն խոստանում: Պետք է նկատի ունենալ նաև այն, որ հատկապես ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցը հայաստանյան իշխանության համար իրենց անհրաժեշտ պահին հասարակությունը պառակտելու, հասարակական ուշադրությունը շեղելու, կարծիքների կեղծ բախում առաջացնելու լավ միջոց է. երբ իշխանությունը ցանկանում է մեդիան և սոցցանցերը լցնել տեղեկատվական աղբով, ԼԳԲՏ թեմայով մի ինֆորմացիոն խայծ է նետում դաշտ՝ այդպիսով խաղալով հասարակության շրջանում առկա հոմոֆոբիկ տրամադրությունների վրա: Ես պետք է անկեղծ լինեմ ձեր ընթերցողի հետ ու նշեմ, որ առաջիկայում ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցում ոչ միայն դրական տեղաշարժեր, ցավոք, չեմ կանխատեսում, այլ ընդհակառակը՝ էլ ավելի բացասական միտումներ եմ նկատում, թեև դա ոչ թե պետք է թևաթափ անի հանուն ժողովրդավարական ու ազատ Հայաստանի պայքարող անձանց, այլ ուղիղ հակառակը՝ էլ ավելի համախմբի ու մոտիվացնի: