ԼԳԲՏ անձանց իրավունքներով զբաղվող հայաստանյան կոալիցիան քայլեր կձեռնարկի խրտականության դեմ օրենքի ընդունման ուղղությամբ

ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը բացառելու իրավական կարգավորումները Հայաստանում շատ ավելի թույլ ու անկատար են, քան Արևելյան Եվրոպայի ու տարածաշրջանի այլ երկրներում։ Այս մասին երեկ տեղի ունեցած «Մարդու իրավունքները և խտրականության մերժման քաղաքականությունը հանուն ԼԳԲՏ իրավունքների» հայաստանյան կոալիցիայի նիստի ժամանակ ասաց «Նոր Սերունդ» Մարդասիրական հ/կ ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը՝ ներկայացնելով Վարշավայում տեղի ունեցած հակախտրականության վերաբերյալ աշխատանքային հանդիպման արդյունքները։

 

Հայաստանում, մասնավորապես, չկա հակախտրականության մասին օրենք, ի տարբերություն Վրաստանի, Մոլդովայի և Արևելյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրների։ Այնուամենայնիվ, այդ երկրների իրավակիրառման դաշտում ևս դեռ լուրջ խնդիրներ կան։ Օրինակ, թեև Վրաստանում հակախտրականության օրենքը ներառում է նաև գենդերային ինքնության ու սեռական կողմնորոշման հիմքով խտրականության բացառումը, սակայն դեռևս չկան համապատասխան մեխանիզմներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք հնարավորություն կտային օրենքն արդյունավետ կիրառել։ Ուկրաինայում հակախատրականության մասին օրենքն ընդունվեց՝ չներառելով գենդերային ինքնության ու սեռական կողմնորոշման հիմքերը։

 

«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նվարդ Մարգարյանի խոսքով՝ ՀՀ օրենսդրությունում այսօր որևէ անդրադարձ չկա սեռական կողմնորոշմանը և գենդերային ինքնությանը վերաբերող հարցերին։ Խտրականության հիմքով ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարվող հանցագործությունների առնչությամբ հաճախ գործեր չեն հարուցվում, իսկ եթե անգամ հարուցվում են՝ այն կարգավորովում է այնպիսի իրավական մեխանիզմներով, որոնք բաց են թողնում հանցագործության կատարման բուն շարժառիթը՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելությունը։

 

 

Քննարկման մասնակիցները կարևորեցին Հայաստանում հակախտրականության օրենսդրության ընդունման ուղղությամբ քայլերի մշակման ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը։ Նրանք փաստեցին, որ հասարակական կազմակերպություններն ու առաջադեմ քաղաքացիական հասարակությունը մինչև վերջերս բավարար ուշադրություն չէր դարձնում հակախտրակության օրենսդրության ընունմանը, սակայն դրական տեղաշարժերի համար այսօր արդեն բավարար հիմքեր կան։

 

«Մարդու իրավունքները և խտրականության մերժման քաղաքականությունը հանուն ԼԳԲՏ իրավունքների» հայաստանյան կոալիցիան ստեղծվել է 2013-ի մարտ ամսին և ընդգրկում է թվով 10 հասարակական կազմակերպություն։