ԼԳԲՏ անձանց խնդիրների լուծմանն ուղղված դրամաշնորհները չեն ծառայում իրենց նպատակին. Անի Կաղինյան

LGBTnews.am-ը «Խորհրդարանն ու ԼԳԲՏ անձանց իրավունքները» հարցազրույցների շարքին զուգահեռ նախաձեռնում է հարցազրույցների նոր երկու շարք. առաջին՝ «Հասարակական կազմակերպություններն ու ԼԳԲՏ անձանց իրավունքները» շարքում մեր լրագրողները կփորձեն պարզել Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող հ/կ-ների ներկայացուցիչների, երկրորդ՝ «Քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների ակտիվ մասնակիցներ» շարքում՝ Հայաստանի ակտիվ քաղաքացիների վերաբերմունքն ու տեսակետը ԼԳԲՏ անձանց իրավունքների կապակցությամբ:

 

Առաջին շարքի շրջանակներում LGBTnews.am-ն արդեն զրուցել է «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: Այժմ ընթերցողին ենք ներկայացնում «Քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների ակտիվ մասնակիցներ» շարքի առաջին հարցազրույցը: Մեր զրուցակիցն է Անի Կաղինյանը:

 

– Անի՛, ձեր կարծիքով՝ ԼԳԲՏ անձինք ի՞նչ խնդիրներ ունեն Հայաստանում:

 

– Կարծում եմ՝ Հայաստանում լուրջ խնդիրներ ունեն բոլոր մարդիկ՝ անկախ սեռական պատկանելությունից, կողմնորոշումից, ուղղակի ԼԳԲՏ անձինք ավելի խոցելի են, և, հետևաբար, նրանց իրավունքներն ավելի շատ են ոտնահարվում: Ես անձամբ հարգում եմ բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ նույնասեռական անձանց իրավունքները: Աշխարհի բոլոր հասարակություններում էլ նրանք կան, ուղղակի հայերի՝ ավանդապաշտ ժողովուրդ լինելու հանգամանքը շատերին խանգարում է ընդունել այդ մարդկանց և նրանց իրավունքները: Ես անձամբ նրանց վատ չեմ վերաբերում և կարծում եմ, որ սեռական կողմնորոշումը մարդու անձնական գործն է, իրեն է վերաբերում, ուստի ոչ ոք իրավունք չունի խառնվել մարդու անձնական կյանքին:

 

– Այնուամենայնիվ, հայաստանցիների մի մասն իրեն իրավունք է վերապահում խառնվել ԼԳԲՏ անձանց անձնական կյանքին: Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ հասարակության անդամների՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ նմանատիպ վերաբերմունքը շարունակվում է՝ մինչև նման վարքագիծն արգելող օրենք ի հայտ գալը: Չե՞ք կարծում, որ Հայաստանում նույնպես սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունն առանձին օրենքով արգելելու ժամանակն է:

 

– Հայաստանի Սահմանադրության մեջ արդեն իսկ գրված է, որ բոլոր քաղաքացիները հավասար են: Գտնում եմ, որ ԼԳԲՏ անձանց և նրանց իրավունքները հարգելու հարցում խոչընդոտը, որը կապված է նրանց սեռական կողմնորոշման հետ, հաղթահարում են այն հասարակությունները, որոնք առավել գիտակից են: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այնքան խնդիր ունի, որ ԼԳԲՏ անձինք չեն կարող Հայաստանի համար, այսպես ասած, «խնդիր լինել»՝ երկրի զարգացման ու առաջ գնալու կամ առհասարակ մեկ այլ առումով: Կարծում եմ, որ բոլորը պետք է այդ մարդկանց հանգիստ թողնեն ու թույլ տան, որ նրանք հանգիստ ապրեն: Իսկ եթե իսկապես երկրի համար մտահոգվողներ կան, ապա նրանք ճիշտ կանեն՝ զբաղվեն երկրի սոցիականական, ընդհանրապես մարդու իրավունքների՝ առհասարակ ամեն քայլափոխի ոտնահարվող, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներով: Կրկնում եմ, ԼԳԲՏ անձինք իրենց գոյությամբ Հայաստանի համար խնդիր լինել չեն կարող:

 

– Դուք նշում եք, որ ԼԳԲՏ անձինք Հայաստանի զարգացման համար խնդիր չեն, սակայն, օրինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն Ազգային ժողովի ամբիոնն ամեն կերպ օգտագործում է՝ ուղիղ հակառակը ներկայացնելու համար, իսկ նրան պատկանող թերթում նույնասեռականների նկատմամբ ատելության խոսք ու խտրական վերաբերմունք է արտահայտվում, ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանողներն անվանվում են ազգի և պետության թշնամի, ընդ որում՝ Հայկ Բաբուխանյանն ԱԺ միակ պատգամավորը չէ, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ բացահայտ բացասական վերաբերմունք է դրսևորում, այն էլ՝ երկրի ամենաբարձր ամբիոնից: Ձեր կարծիքով՝ այս նկարագիրն ունեցող գործիչները կարո՞ղ են մի օր գիտակցել, որ պետք է ԼԳԲՏ անձնանց վերաբերվել՝ իբրև ՀՀ լիիրավ քաղաքացիների:

 

– Իսկապես, եթե մենք լուրջ ենք նայում Ազգային ժողովին, ապա այնտեղ շատ քիչ անձինք են, որ պատգամավոր կոչվելու և հանրության շահերը ներկայացնելու իրավունք ունեն: Այնտեղ եղած շատ մականունավոր ու առանց կրթության մարդիկ իրավունք չունեին հայտնվելու երկրի օրենդիր մարմնում, առհասարակ ինչ- որ հարցի շուրջ քննարկումների մասնակցելու: Սակայն հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը միջազգային մի շարք փաստաթղթերի է միացել՝ պարտավորվելով պաշտպանել նույնասեռական անձանց իրավունքները, և, բնականաբար, իշխանությունները պարտավոր են այդ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները կատարել: Նկատենք, որ ինչպես իշխանություններն, այնպես էլ որոշ հասարակական կազմակերպություններ միջազգային կառույցներից խոշոր դրամաշնորհներ են ստանում՝ ԼԳԲՏ անձանց խնդիրները վերհանելու, հասարակությանն այդ խնդիրներին ավելի մոտեցնելու և այդ հարցերին լուծումներ տալու համար, սակայն այդ գումարները մսխվում են և չեն ծառայում իրենց նպատակին: Իսկ ինչ վերաբերում է Հայկ Բաբուխանյանին, ապա պարզ է, որ Հայկ Բաբուխանյանը, Շմայսը և նմանատիպ անձինք պիտի ծաղրեն նույնասեռականներին: Սակայն ես ուզում եմ հիշեցնել, որ նրանց շրջապատում էլ այդպիսի շատ մարդիկ կան, ինչպես նաև կան մարդիկ, որոնք լուրջ դերակատարում ունեն հենց պետական կառավարման համակարգում:

 

– Իսկ դուք, ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում ԼԳԲՏ անձանց խնդիրների լուծումը, ինչպե՞ս պետք է վարվել Սահմանադրությամբ ամրագրված խտրականության արգելքը ոտնահարողների հետ:

 

– Ես կարծում եմ, որ պետք է ջանքեր գործադրել այնպիսի սահմանդրական, իրավական ու սոցիալական պետություն դառնալու համար, որտեղ կհարգվեն բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ նույնասեռական անձանց իրավունքները: Ես անձամբ վստահեցնում եմ, որ պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի նրանք պաշտպանված լինեն: