ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով հանցագործությունները և այլ իրավախախտումները. հետազոտություն

ԼԳԲՏ անձինք ամենից շատ բռնության են ենթարկվում փողոցներում: Այդ մասին է վկայում Pink Armenia հասարակական կազմակերպության իրականացրած հետազոտությունը

2010-2016 թվականների ընթացքում ատելության հիմքով տեղի ունեցած դեպքերի հավաքագրման հիման վրա իրականացված հետազոտության տվյալներով՝ փողոցներում բռնության դեպքերը կազմում են 40%: Համալսարաններում տուժել է 23%-ը, 21-ական տոկոս՝ դպրոցներում ու երիտասարդական ակումբներում, 17%-ը՝ փաբերում և ժամանցի այլ վայրերում, 15%-ը՝ խանութներում, 13 տոկոսը՝ տանը, հանգստի/սպորտի համար նախատեսված վայրերում: 

Ինստիտուցիոնալ մակարդակում ԼԳԲՏ անձանց 8 տոկոսը բռնության է ենթարկվել աշխատավայրում, 6 տոկոսը՝ առողջապահական հաստատություններում, 4,5%-ը՝ եկեղեցիներում, իսկ 23%-ը ահաբեկվել է համացանցում՝ էլեկտրոնային նամակների և տեքստային հաղորդագրությունների միջոցով: 

Հատկանշական է, որ ԼԳԲՏ անձինք մի շարք պատճառներից ելնելով խուսափում են իրենց հանդեպ կիրառվող հանցագործության, բռնության, խտրականության առիթներով դիմել իրավապահ մարմիններին: ԼԳԲՏ անձինք պատմում են, որ հանցագործությունների դեպքերի բացահայտման գործում իրավապահ մարմինների ներգրավումն անարդյունավետ է:  

«Ըստ էության, իրավապահ մարմինները ոչ թե միտված են իրավախախտների բացահայտմանն ու նրանց նկատմամբ պատժիչ մեխանիզմների կիրառմանը, այլ հանդես են գալիս ատելության հիմքով հանցագործությունների քողարկման և չբացահայտման դիրքից»,- ասված է զեկույցում:

Հետազոտության մեջ ընդգրկվել է թվով 198 ԼԳԲՏ անձ, որոնք պատմել են 2010-2016 թվականների ընթացքում ԼԳԲՏ անձանց հանդեպ իրականացված՝ ատելության հիմքով գործողությունների դեպքերի մասին: