Գրանցվել է ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտման 27 դեպք. զեկույց

2016 թվականի ընթացքում Փինք Արմենիա հասարակական կազմակերպությունը գրանցել է ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտման 27 դեպք, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գրանցել է 4 դեպք: Այս մասին այսօր՝ «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» վերգրությամբ 2016֊ի տարեկան զեկույցը ներկայացնելիս, ասաց զեկույցի հեղինակ Հովհաննես Իշխանյանը:

«Սա չի արտացոլում ամբողջ պատկերը, որովհետև պետական մակարդակով ատելության քարոզչության պատճառով շատ մարդիկ վախենում են ու թաքցնում են իրենց սեռական կողմնորոշումը։ Բացի այդ՝ դեպքեր են արձանագրվում, երբ պատկան մարմինները ԼԳԲՏ անձանց նկատմամբ կամայական, հայեցողական վերաբերմունք են դրսևորում»,- նշեց նա:

Զեկույցում ներկայացված են 2016-ին Փինք Արմենիայի արձանագրած իրավախախտումների դեպքերը, ԶԼՄ-ներում հրապարակումները, դատական գործերը, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց հետ անցկացված հարցազրույցների արձանագրությունները:

Փինք Արմենիայի իրավաբան Լուսինե Ղազարյանը, ներկայացնելով զինված ուժերում իրավախախտումների դեպքերը, նշեց, որ 2016-ին զինվորական ծառայություն անցնող ԼԳԲՏ անձանցից երեք բողոք է ներկայացվել:

«Գրանցվել է դեպք, երբ անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` պարզելու համար՝ արդյոք նա խաբեության միջոցով ցանկանում է ազատվել պարտադիր զինվորական ծայառությունից, թե իրոք նույնասեռական է: Սա շատ անհասկանալի իրավիճակ է, որովհետև նույնասեռական լինելն ինքնին հիմք չէ զինծառայությունից ազատվելու համար, սակայն անձի՝ նույնասեռական լինելու փաստը հիմք է դառնում, որ իրավապահ մարմինները նյութեր նախապատրաստեն քրեական գործի համար»,- նշեց բանախոսը։

Ըստ իրավաբանի՝ քրեական գործին բնորոշ յուրաքանչյուր գործընթաց ներառվում է գործի մեջ՝ պարզելու համար՝ մարդը նույնասեռակա՞ն է, թե՞ ոչ.

«Ամենացավալի խնդիրներից մեկը, որ մենք արձանագրեցինք այս տարվա ընթացքում, այն է, թե ինչպես է այս հետազոտությունն իրականացվում. դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում, ինչը որևէ իրավական ակտում չի տեղավորվում»:

Ըստ նրա՝ նման դատաբժշկական փորձաքննությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ լուրջ նվաստացնող վերաբերմունք է ենթադրում:

Լուսինե Ղազարյանը նշեց նաև, որ վերոնշյալ երեք դիմումներից որևէ մեկն իրավական ճանապարհով չի լուծվել, քանի որ դիմած մարդիկ այժմ ծառայության մեջ են գտնվում, և նրանց համար կարող են շատ ավելի վատ պայմաններ ստեղծվել, եթե նրանք որոշեն որոշակի ըմբոստություն ցուցաբերել։

Բանախոսն անդրադարձավ նաև ԼԳԲՏ անձանց նկատմամբ ընտանեկան բռնության խնդիրներին. «Բացի դասական ծեծից, հոգեբանական բռնությունից՝ ընտանիքի անդամները նաև կալանքի տակ են պահել իրենց երեխաներին, թույլ չեն տվել դուրս գալ տնից և ամեն բան արել են, որ անձն արտաքին աշխարհի հետ կապի դուրս չգա»:

Ըստ զեկույցի՝ եղել են անչափահաս երեխաներին տնից դուրս հանելու, իրենց կամքին հակառակ ուսումնական հաստատությունից հանելու դեպքեր:

Ներկայացնելով ընդհանուր ֆիզիկական բռնության դեպքերը՝ պայմանավորված մարդու սեռական կողմոնորաշմամբ կամ գենդերային ինքնությամբ, Ղազարյանը նշեց, որ 2016-ին գրանցվել է մի խումբ ակտիվիստների ծեծի ենթարկելու դեպք, որոնցից երկուսը Փինք Արմենիայի աշխատակից էին, երկուսը՝ տրանսգենդեր անձ: Ըստ նրա՝  գրանցվել է նաև տրանսգենդեր անձի դանակահարության դեպք, որը նույնպես պատշաճ քննության և արձագանքի չի արժանացել:

Ըստ հ/կ-ի իրավաբանի՝ ԼԳԲՏ անձիք, հայտնվելով զոհի կարգավիճակում, իրենց ապահով չեն զգում իրավապահ մարմին բողոքներ ներկայացնելու հարցում, որովհետև շատ են եղել դեպքերը, երբ ոստիկանության ծառայողը ծաղրի է ենթարկել անձին իր արտաքին տեսքի համար.

«Գործ է եղել, որ ոստիկանն անձին ուղղորդել է հոգեբուժարան՝ պարզելու համար՝ ադեկվա՞տ է վերջինս, թե՞ ոչ, չի հավատացել, որ խնդիրը գոյություն ունի: Դեպք է եղել, երբ ոստիկաններն իմացել են անձի սեռական կողմնորոշման մասին, որոշ ժամանակ անց սկսել են հետապնդել այդ անձին»:

Ըստ նրա՝ այս ամենը նպաստել է այն բանին, որ արդարադատության համակարգի նկատամամբ ձևավորվել է լուրջ անվստահություն, ինչի հետևանքով շատ հանցագործություններ չեն հասնում իրավական մարմիններին:

Զեկույցում տեղ են գտել նաև հ/կ-ի առաջարկությունները պետական մարմիններին, ԶԼՄ-ներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:

Ծրագրի համակարգող Լիլիթ Ավետիսյանը ներկայացրեց դրանցից մի քանիսը. «Դադարեցնել պետական մարմինների ներկայացուցիչների կողմից ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն և անհանդուրոժաղականության սերմանող մոտեցումներն ու կոչերը, իսկ առկայության դեպքում այդ անձանց համապատասխան պատասխանատվության ենթարկել։ Կարևոր է նաև, որ պետական մարմիններն իրականացնեն համապատասխան քայլեր՝ փակ հաստատություններում ԼԳԲՏ անձանց անվտանգությունն ապահովելու համար: Քանի որ կան օրենսդրական բացեր, պետական մարմիններին առաջարկում ենք նաև ընդունել խտրականությունն արգելող և կանխարգելող օրենքը, որով կամրագրվի յուրաքանչյուր անձի՝ խտրականությունից զերծ լինելու իրավունքը, ինչպես նաև վերանայել ատելության խոսքի մասին ՀՀ օրենսդրությունը»:

Ընթերցողն ամբողջական զեկույցին կարող է ծանոթանալ հղումով: