ԼԳԲՏ անձանց մեկուսացնելն ու իրավունքները ոտնահարելը հակապետական գործունեություն է. Հրայր Մանուկյան

Հարցազրույց «Ժառանգության» վարչության և «Չե՛ք անցկացնի»-ի նախաձեռնող խմբի անդամ Հրայր Մանուկյանի հետ։ 

 

Նոյեմբերի 17-ին LGBTnews.am-ը հրապարակեց մամուլին ուղարկված մի հաղորդագրություն՝ կից տեսանյութով, որտեղ երևում էր, թե ինչպես է «Հայաստանի սոցիալիստական շարժում» նախաձեռնության ղեկավար ու ԼԳԲՏ համայնքի դեմ ակտիվորեն պայքարող Ռոբերտ Ահարոնյանը գեյ ծանոթությունների համար նախատեսված կայքով պայմանավորվում մի տղայի հետ՝ սեքս անելու նպատակով։ Տեսանյութը շատ արագ տարածվեց ու մեծ աղմուկ հանեց, որից հետո Ռոբերտ Ահարոնյանը ԶԼՄ-ներով սպառնաց Facebook սոցիալական ցանցում տեսանյութին վերաբերող գրառումներ անող շատ օգտատերերի, այդ թվում՝ նախկին պատգամավոր, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» տնօրեն Ստյոպա Սաֆարյանին, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին, «Ժառանգություն» կուսակցությունից Դավիթ Սանասարյանին և Հրայր Մանուկյանին։ LGBTnews.am-ը այս առնչությամբ զրուցել է Հրայր Մանուկյանի հետ։ 

 

– Ռոբերտ Ահարոնյանը, հերքելով, որ տեսանյութում ինքն է, սպառնացել էր ձեզ, Ստյոպա Սաֆարյանին ու Արսեն Օհանյանին։ Ի՞նչ եք պատրաստվում անել։ 

 

– Ոչինչ։ Չեմ ուզում անգամ 10 վայրկյան տրամադրել իմ ժամանակից՝ նրա ասածներին անդրադառնալու համար։ 

 

Կատարվածում ուշադրության արժանի այլ կարևոր բաներ կան։ Այս բացահայտումը ցույց տվեց, թե հասարակության կարծրատիպերն ու հոմոֆոբ միջավայրը մարդուն ինչի կարող են հասցնել։ Լինելով գեյ կամ բիսեքսուալ՝ բազմաթիվ գործիչներ ու սովորական անհատներ ատելություն են տարածում իրենց նմանների նկատմամբ՝ կասկածները իրենց վրայից ցրելու համար։ Ավելին, ինչպես իրավացիորեն նկատել էր Ստյոպա Սաֆարյանը, КГБ-ական որոշ շրջանակներ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վրա կոմպրոմատներ բանեցնելով՝ ստիպում են վերջիններին անվերապահորեն ծառայել իշխանությանը կամ դրսի ուժերին։ Այս ամենը վերացնելու համար ընդամենը պետք է ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժող ու առողջ միջավայր ձևավորել մեր երկրում։ 

 

– Այդ դեպքում արժե՞ր արդյոք հրապարակել մի տեսանյութ, որում համայնքի ներկայացուցիչ հանդիսացող անձը բավականին գռեհիկ բառապաշար ու վարքագիծ էր դրսևորում, ինչը չի կարող վատ տպավորություն չթողնել։ 

 

– Կարծում եմ՝ այո՛, բոլոր դրական ու բացասական կողմներն հաշվի առնելով՝ պետք էր նման հրապարակայնացում։ Հանրությունը պետք է իմանա, թե իրականում ինչ գործիչների հետ գործ ունի։ Ռոբերտ Ահարոնյանի կեղծավորությունն ու հակապետական գործունեությունն անցել էր բոլոր թույլատրելի սահմանները։ Հակապետական ասելով՝ նկատի ունեմ այն ատելությունը, որ նա տարածում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ, ինչը, ընդհանուր առմամբ մթնոլորտը թունավորելուց բացի, հանգեցնում է հասարակությունից ԼԳԲՏ մարդկանց օտարվածության, խտրականության՝ դպրոցներում, համալսարաններում, աշխատատեղերում, ինչպես նաև ստիպում նրանց անվերադարձ լքել Հայաստանը կամ դիմել ինքնասպանության։ Հայաստանում հաճախ ծնողները հրաժարվում են իրենց երեխաներից՝ վերջիններիս սեռական կողմնորոշման պատճառով, ինչն այդ ընդհանուր հոմոֆոբ մթնոլորտի ու ԼԳԲՏ անձանց մասին անիրազեկվածության, կարծրատիպերի հետևանք է։ Մարդկանց մի մեծ խմբի՝ հասարակությունից ու պետությունից այս մեկուսացումը և նրանց իրավունքների ոտնահարումը խրախուսելը հենց հակապետական գործունեություն է։ Ժամանակակից աշխարհում միայն այն պետություններն են կայուն ու զարգացող, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, իսկ ԼԳԲՏ անձանց իրավունքները հենց մարդու իրավունքներ են։ 

 

 

– Լավ, բայց ի՞նչ խնդիր է լուծվել այդ հրապարակումով, արդյոք մեր հասարակությունը դարձա՞վ ավելի հանդուժող ԼԳԲՏ անձանց նկատմամբ՝ այդ տեսանյութի հրապարակումից հետո։ 

 

– Մեկ օրում կամ մեկ հրապարակումով հանրությունը չի կարող փոխվել, հանդուրժողականության համար ժամանակ է պետք։ Այնուամենայնիվ՝ հասարակությունն այլևս դժվար թե լուրջ ընդունի այն գործիչներին, ովքեր ակտիվորեն պայքարում են ԼԳԲՏ անձանց դեմ, ովքեր շատ են խոսում ազգային արժեքներից ու բարոյականությունից՝ կապելով այդ հասկացությունները ԼԳԲՏ անձանց իրավունքները չճանաչելու (չընդունելու) հետ։ ԼԳԲՏ անձանց հասարակությունից օտարե՛լը չէ, որ մեզ հայ է դարձնում։ Այսօրվա զարգացած երկները ևս որոշ ժամանակ առաջ խտրականության էին ենթարկում նույնասեռականներին, սակայն արագ հասկացան, որ դա շատ սխալ ճանապարհ է։ Ճիշտ նույն փաստարկները, որ այսօր բերվում են Հայաստանում՝ ազգային արժեքների ու կրոնի հետ կապված, իբրև հիմք՝ չընդունելու նույնասեռականներին, ժամանակին բերվել են ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ 

 

– «Ժառանգություն» կուսակցությունում բոլո՞րն են կիսում ձեր այս տեսակետները ԼԳԲՏ անձանց վերաբերյալ։ 

 

– Այս թեմայով առանձին քննարկում իմ մասնակցությամբ վարչության որևէ նիստում չի եղել, սակայն որքան տեղյակ եմ՝ կուսակցության ղեկավար կազմի ճնշող մեծամասնությունը հոմոֆոբ չէ։ Րաֆֆի Հովհաննիսյանը DIY ակումբի հրկիզումից հետո այցելել և իր աջակցությունն է հայտնել տուժածներին, նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ, պատախանելով ԼԳԲՏ համայնքի նկատմամբ իր վերաբերմունքի մասին հարցին, հստակ նշել, որ ոչ ոք չպետք է խտրականության ենթարկվի Հայաստանում։ 

 

– Դուք նաև ակտիվ եք սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում և «Չեք անցկացնի» նախաձեռնության ստեղծման ակունքներում եք կանգնած։ Ինչպե՞ս եք վերաբերվում սահմանադրական փոփոխություններում նույնասեռ ամուսնությունների արգելքի ամրագրմանը։ 

 

– Դա հետքայլ է գործող Սահմանադրության համեմատ, ինչպես մարդու իրավուքներին ու ազատություններին վերաբերող շատ այլ դրույթներ։ Պետությունը պետք է հավասար հնարավորություններ ստեղծի անխտիր բոլոր քաղաքացիների համար՝ ծառայություններ մատուցելիս խտրականություն չկիրառելով քաղաքացիների նկատմամբ։ Դեմոկրատական գործընթացների շարունակականությունը բերելու է նաև Հայաստանում նույնասեռ ամուսնությունների ճանաչմանը։ Իսկ դրանք արգելելը ես դիտում եմ երկրի դեմոկրատացման ընթացքը խոչընդոտելու մյուս փորձերի տրամաբանության համատեքստում։