ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության հետևանքով Հայաստանի տնտեսության կրած վնասները վիթխարի են

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» և «Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» հ/կ-ները հրապարակել են Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցության վերաբերյալ հետազոտության արդյունքները, ասված է Pink Armenia-ի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:

 

«Նախագծի նպատակն էր հետազոտել 2011-2013թթ. ընթացքում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ առկա խտրականության հետևանքով ԼԳԲՏ անձանց անվերադարձ արտագաղթի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա և արտացոլել այդ փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում։

 

Այս հետազոտության հաշվարկները ցույց են տալիս, որ 2011-2013թթ. արտագաղթած միջին վիճակագրական մեկ հայաստանցու կրթության համար ծախսվել է առնվազն 3545 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Մոտավոր գնահատումների համաձայն՝ խտրականության պատճառով 2011-2013թթ. Հայաստանից արտագաղթել է մոտ 5891 ԼԳԲՏ հայաստանցի, ինչը նշանակում է, որ ԼԳԲՏ արտագաղթողների՝ միայն կրթության գծով ներդրումների մասով հասարակությունը միանվագ կորցրել է մոտ 21 միլիոն դոլար: Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի չստացված եկամուտներին, ապա հաշվարկների համաձայն՝ արտագաղթողի հեռանալուց մեկ տարվա ընթացքում 2011-2013թթ. Հայաստանը չի ստացել լրացուցիչ մոտ 88 միլիոն, 365 հազար ԱՄՆ դոլար: Սա արտագաղթելուց միայն մեկ տարի անց հաշվարկվող վնասն է, սակայն իրականում այդ վնասն առկա է նաև արտագաղթողի՝ մինչև թոշակի անցնելն ընկած ժամանակահատվածի բոլոր տարիներին:

 

Իսկ բյուջեի եկամուտները 2011-2013թթ. բոլոր 3 տարիներին միասին վերցրած կարող էին մոտ 20 միլիոն դոլարով մեծ լինել, եթե խտրականության պատճառով հեռացած ԼԳԲՏ անձինք մնային Հայաստանում: 2011-2013թթ. ԼԳԲՏ 5891 անձանց արտագաղթի արդյունքում պետական բյուջեն առաջիկա ավելի քան 36 տարիների ընթացքում (մինչև թոշակի անցնելը) կկորցնի մոտ 2 միլիարդ դոլար եկամուտ՝ 2014թ. հունվարի 1-ի գնողունակությամբ:

 

Առաջիկա 12 տարիներին 2014-2025թթ. (եթե ընդունենք, որ մոտակա տարիներին Հայաստանից արտագաղթի տեմպը կպահպանվի 2011-2013թթ. միջին տարեկանի չափով (39273 մարդ), ՀՆԱ աճը կլինի մոտ 5 տոկոս, իսկ PPP (գնողունակության համարժեք)-ի գործակիցը կմնա անփոփոխ) ԼԳԲՏ անձանց արտագաղթի պատճառով ՀՆԱ-ն կունենա մոտ 3 միլիարդ դոլարի կորուստ՝ 2014-ի հունվարի մեկի գնողունակությամբ և PPP-ով ճշգրտված, իսկ բյուջեն՝ 370 մլն դոլար՝ հաշվարկված 2014-ի հունվարի մեկի գնողունակությամբ:

 

 

Ամբողջական զեկույցը բաղկացած է սոցիոլոգիական ուսումնասիրությունից եւ տնտեսական գնահատումից: Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ»,- ասված է հաղորդագրությունում: