ԼԳԲՏ զույգերի՝ իրավական կարգավիճակ չունենալը խտրականության դրսևորում է. զեկույց

«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը հրապարակել է «Հայաստանի օրենսդրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված ԼԳԲՏ անձանց իրավունքների համեմատություն» անունը կրող զեկույց, որը զետեղվել է կազմակերպության կայքում: 

 

Զեկույցի՝ «Նույնասեռականության ապաքրեականացումը» անունը կրող հատվածում ասվում է, որ 2013-ին ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի մշակած «Խտրականության դեմ» ՀՀ օրենքը չընդունվեց միայն ԼԳԲՏ անձանց նկատմամբ նրանց սեռական կողմնորոշման հիմքով խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար  պատասխանատվություն սահմանելու պատճառով, և որ պատահական չէ, որ «հանրության և պետական մարմինների և հատկապես ԶԼՄ-ների ճնշումները թույլ չտվեցին օրենքի ընդունումը, քանի որ մինչև 2003 թվականը նույնասեռականությունը, որի փոխարեն օգտագործվում էր «համասեռամոլություն» տերմինը, քրեորեն հետապնդելի արարք էր համարվում»: 

 

Զեկույցում հիշեցվում է, որ 1920-1936 թվականներին Խորհրդային Հայաստանի Քրեական օրենսգրքով նույնասեռականությունը չէր պատժվում, սակայն 1936 թվականին օրենսգրքում ավելացվել է արվամոլությունը քրեորեն դատապարտող 116-րդ հոդվածը, որից հետո 01.07.1961-ից մինչև 18.04.2003-ը Հայաստանում գործում է Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի ընդունած քրեական օրենսգրիքը: 

 

Հատկանշական է, որ քրեորեն պատժելի արարք է համարվել միայն տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ, իսկ լեսբուհիների սեռական հարաբերությունների՝ քրեորեն արգելված արարք համարվելու մասին որևէ նշում օրենքում չի եղել: 

 

01.08.2003-ին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքի 139 և 140 հոդվածներում օգտագործվել է «համասեռամոլություն» տերմինը, որը «համասեռական գործողություն» կապակցությամբ է փոխարինվել 12.11.13ին օրենքում կատարված փոփոխությամբ:  

 

«Ամուսնության իրավունքի ճանաչում» անունը կրող հատվածում հիշեցվում է, որ Հայաստանի Սահմանադրության 35-րդ հոդվածը սահմանում է կամքի ինքնավարության հիման վրա տղամարդու և կնոջ ամուսնության իրավունքը, իսկ Ընտանեկան օրենսգիրքը՝ նաև ամուսնության սուբյեկտներին՝ կնոջը և տղամարդուն, ու թեև միջազգային բազմաթիվ փաստաթղթերում նույնպես ընտանիքն ու ամուսնությունը ձևակերպված են իբրև կնոջ և տղամարդու միություն, այնուամենայնիվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք գործերով այդ ձևակերպումներն այլ կերպ են մեկնաբանել: Կազմակերպության հրապարակած զեկույցում մանրամասն ներկայացված են ՄԻԵԴ-ի համապատասխան մեկնաբանությունները:

 

Զեկույցում մանրամասն անդրադարձ կա նաև այն խնդրին, որ հայաստանյան օրենքներում նախատեսված չէ զուգընկեր կամ մեկ այլ տերմին, որը կներառի նույնասեռ անձանց զույգը /ընտանիքը/, ինչի պատճառով վերջիններս ապահովված չեն այնպիսի հիմնարար իրավունքներով, ինչպիսիք են մերձավոր ազգականի դեմ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը, տուժողի իրավահաջորդ հանդիսանալու իրավունքը և այլն: Խնդիրն էլ ավելի է բարդանում, քանի որ մեր երկրում  փաստական ամուսնությունը որևէ իրավական կարգավիճակ չունի և որևէ իրավական հետևանք չի առաջացնում: 

 

Տարբեր միջազգային փաստաթղթերի և Հայաստանի օրենսդրության՝ զեկույցում առկա վերլուծությունից հետևում է, որ Հայաստանում վավեր են «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» կոնվենցիան ստորագրած պետության տարածքում կնքված ԼԳԲՏ զույգերի ամուսնությունն՝ առանց հյուպատոսական օրինականացման, ինչի դեպքում տարբերակված մոտեցում է դրսևորվում ՀՀ տարածքում բնակվող ԼԳԲՏ զույգերի համար:

 

Զեկույցի՝ «Կենսաբանական սեռը փոխելու իրավունքը և նոր սեռի իրավական ճանաչումը», «Արյան տրամադրման իրավունք», «Ատելության խոսք» անունը կրող հատվածներին, ինչպես նաև խնդիրների առնչությամբ կազմակերպության ներկայացրած առաջարկներին ընթերցողը կարող է ծանոթանալ զեկույցի ամբողջական տարբերակում՝ անցնելով հղումով