ԼԳԲՏ խորհրդանիշները. վարդագույն եռանկյունի

ԼԳԲՏ հանրությունն ու ԼԳԲՏ շարժումները տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են և ունեն սեփական խորհրդանիշները, որոնք տարբեր պատմական ժամանակներում տարբեր կերպ են իմաստավորվել ու նաև վերաիմաստավորվել:

 

Սոցիոլոգ, սեքսոլոգ Իգոր Կոնը նշում է, որ խորհրդանիշնեը ԼԳԲՏ անձանց թույլ են տալիս ընդգծել սեփական ինքնությունը՝ բարձրացնելով ինքնավստահությունն ու ինքնագնահատականը խտրականության ու իրավունքների խախտման պայմաններում, ինչը նպաստում է այդ երևույթների դեմ արդյունավետ պայքարի ծավալմանը:

 

ԼԳԲՏ համայնքի ու շարժումների ամենահայտնի խորհրդանիշներն են վարդագույն եռանկյունին, ծիածանագույն դրոշը, լաբրիսը, լյամբդան, մանուշակագույն ձեռքը (անգլ. purple hand): LGBTnews-ը կհրապարակի հոդվածաշար՝ նվիրված ԼԳԲՏ խորհրդանիշների պատմությանը: Այս նյութում ներկայացնում ենք վարդագույն եռանկյունու պատմությունը: 

 

Վարդագույն եռանկյունին (անգլ. Pink triangle, գերմ. Rosa Winkel) ի հայտ է եկել նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում: Գագաթը դեպի ներքև ուղղված վարդագուն եռանկյունաձև կտորը` վինկելը, նացիստները կարում էին նույնասեռական տղամարդկանց շորին: Հիշեցնենք, որ Երրորդ Ռեյխում տղամարդկանց նույնասեռ հարաբերությունները համարվում էին հանցագործություն և քրեորեն պատժվում էին:

 

Վարդագույն եռանկյունին համակենտրոնացման ճամբարներում պահվող մարդկանց դասակարգման, խմբավորման ու զանազանման մի ամբողջ համակարգի մասնիկն էր. կարմիր եռանկյունին կարվում էր քաղբանտարկյալների՝ կոմունիստների, անարխիստների, լիբերալների և նացիստների մյուս քաղաքական հակառակորդների շորերին, շրջված կարմիր եռանկյունին՝ լրտեսների, դասալիքների, գերիների, կապույտը՝ փախստականների, մանուշակագույնը՝ կրոնական փոքրամասնությունների, շագանակագույնը՝ գնչուների: Հրեաների շորերին կարում էին իրար վրա գտնվող երկու եռանկյունի, որոնք միասին Դավիթի աստղի պատկերն էին ստանում. եռանկյունիներից մեկը դեղին գույնի էր, մյուսը՝ կախված, թե ինչի համար էր կալանավորված հրեան: Նույնասեռական հրեայի շորին, այսպիսով, կարված էր դեղին ու վարդագույն եռանկյունիներից կազմված Դավիթի աստղի պատկերով լաթ:

 

Թեև լեսբուհիները նացիստների կողմից սիստեմատիկ հետապնդման չեն ենթարկվել ու չէին կարող դատապարտվել նացիստական քրօրի 175-րդ հոդվածով, որով դատապարտվում էին նույնասեռական տղամարդիկ (հոդվածը վերաբերել է միմիայն նույնասեռական տղամարդկանց, բայց ոչ լեսբուհիներին), այնուամենայնիվ համակենտրոնացման ճամբարներում հայտնվում էին նաև լեսբուհիներ՝ իբրև «ասոցիալ տարրեր»: Նրանց շորերին կարում էին սև գույնի եռանկյունի: Այն կարվում էր նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների, անտունների, պացիֆիստների, ֆեմինիստների, մարմնավաճառների շորերին:

 

1970-ականների սկզբին ԼԳԲՏ անձանց իրավունքներով զբաղվող ամերիկյան ու գերմանական կազմակերպություններն արշավ սկսեցին վարդագույն եռանկյունին իբրև խորհրդանիշ հանրայնացնելու ուղղությամբ: 1973-ին գերմանական Homosexuelle Aktion Westberlin կազմակերպությունը նույնասեռականներին կոչ արեց կրել վարդագույն եռանկյունի՝ ի հիշատակ նացիզմի զոհ դարձած ԼԳԲՏ անձանց և ի նշան բողոքի ընդդեմ խտրականության: Միացյալ Նահանգներում Gay Sunshine թերթը 1973-ին և The Body Politic-ը՝ 1974-ին իրենց էջերում նույնասեռականներին ուղղված՝ վարդագույն եռանկյունի կրելու կոչ պարունակող նյութեր հրապարակեցին: Ժամանակի ընթացքում այս խորհրդանիշը հանրային մեծ տարածում գտավ ու ակտիվորեն օգտագործվեծ ԼԳԲՏ անձանց ու շարժումների կողմից: 1980-ականներին այն կորցրեց իր նախնական իմաստը՝ նացիստական ճամբարների նույնասեռականների հիշատակի պահպանումը և սկսեց օգտագործվել իբրև ԼԳԲՏ ինքնության ընդգծման, ինչպես նաև ՁԻԱՀ-ի ու այդ նորահայտ հիվանդության հանդեպ ԱՄՆ նախագահ Ռեյգանի կառավարության անտարբերության դեմ պայքարի խորհրդանիշ:

 

Հետագայում վարդագույն եռանկյունին իբրև խորհրդանիշ օգտագործելու նպատակահարմարությունը կասկածի տակ դրվեց ԼԳԲՏ անձանց իրավունքների համար պայքարող որոշ, հատկապես՝ հրեական ծագում ունեցող ակտիվիստների կողմից: Հիմնական փաստարկն այն էր, որ այն նացիստների կողմից ստեղծված նիշ է և օգտագործվել է իբրև դրոշմ, պիտակ, ուստի պատեհ չէ նացիզմի զոհ դարձած ու համակենտրոնացման ճամբարներում տառապած նույնասեռականների շորերին որպես խարան փակցված այդ նիշն օգտագործել իբրև ինքնությունն ընդգծող խորհրդանիշ:

 

Թեև այս խորհրդանիշն օգտագործելու վերաբերյալ առկա են տարակարծություններ, այն ոչ միայն մինչ օրս ակտիվորեն օգտագործվում է ԼԳԲՏ անձանց ու կազմակերպությունների կողմից, այլև Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա (մայիսի 17) խորհրդանիշի հիմնական էլեմենտն է:

 

Վարդագույն եռանկյունին օգտագործված է Ամստերդամում գտնվող Հոմոմոնումենտում, որը 1987-ին կառուցվել է ի հիշատակ բոլոր ԼԳԲՏ անձանց՝ հետապնդված իրենց սեռական կողմնորոշման պատճառով:

 

Քյոլնում գտնվող և 1995-ին կառուցված՝ նացիզմի զոհ դարձած նույնասեռականների հիշատակի հուշարձանը նույնպես ունի վարդագույն եռանկյունու տեսք:

 

Սիդնեյում 2001-ին բացված «Գեյերի ու լեսբուհիների հոլոքոսթի հուշարձանը» նույնպես վարդագույն եռանկյունաձև է: Նույնատիպ հուշարձաններ կան նաև Սան Ֆրանցիսկոյում, Մոնտեվիդեոյում, Բարսելոնում, Թել Ավիվում: