ԼԳԲՏ համայնքն ու օմբուդսմենի տարեկան զեկույցը

Ազգային ժողովում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ «2013 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը, որում անդրադարձ կա նաև ԼԳԲՏ անձանց:

 

Այսպես, զեկույցի՝ «Խտրականություն և հանդուրժողականություն» վերնագրված հատվածում ասվում է. «Հասարակության մեջ շարունակում է գերիշխել բացասական վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ՝ նույնասեռականությունը դիտարկելով որպես հիվանդություն, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) 1990 թվականից ի վեր չի համարում նույնասեռականությունը հիվանդություն:

 

Նույնասեռականները հաճախ մեկուսացվում են հասարակության կողմից, ենթարկվում խարանի աշխատավայրում, կրթական հաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում և այլ հաստատություններում: Իսկ իրենց ինքնությունը կամ սեռական կողմնորոշումը բացահայտած նույնասեռականները խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից՝ սովորաբար հոգեկան առողջության խնդիրների հիմնավորմամբ:

 

Մի շարք տրանսգենդեր անձինք պարբերաբար զբաղվել են պոռնկությամբ և ունեցել սեռական հարաբերություններ Երևանի Ն. Ստեփանյանի անվան մանկական զբոսայգու (առավել հայտնի` որպես Կոմայգի) տարածքում166: Ինքնին անօրինական այս երևույթը իրենից երկակի վտանգ է ներկայացնում. մի կողմից, Ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի անգործության հետևանքով չեն կանխվում մանկական այգում տեղի ունեցող անօրինականությունները, որոնք վտանգում են հասարակության առողջությունն ու բարոյականությունը, իսկ մյուս կողմից, շարունակվող անօրինականությունները բնակչության մոտ ծնում են հոմոֆոբիա և վատթարացնում հասարակության ունեցած առանց այն էլ բացասական կարծրատիպերը սեռական փոքրամասնությունների վերաբերյալ»:

 

ԼԳԲՏ անձանց անդրադարձ կա նաև Երևանի քաղաքապետարանի գործունեության ընդհանուր վերլուծությունում:

 

«Քաղաքապետարանը որևէ միջոց չի ձեռնարկել Նելսոն Ստեփանյանի անվան մանկական զբոսայգում այլասերվածությունը վերացնելու ուղղությամբ, մասնավորապես չի լուսավորվել և չի ցանկապատկվել այգու շրջակայքը, ինչպես նաև չի փակվել այգու մուտքը գիշերային ժամերին: Արդեն երկար ժամանակ է, որ Պաշտպանին են հասցեագրվում դիմում-բողոքներ, ինչպես նաև պարբերաբար զանգվածային լրատվության միջոցներով է բարձրաձայնվում այն մասին, որ մի շարք անձինք Նելսոն Ստեփանյանի անվան մանկական զբոսայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում: Նշվածի հետևանքով անհնարին է դառնում երեկոյան ժամերին զբոսայգի այցելելը: Բացի այդ, այդ անձինք շարունակաբար աղմկելով խախտում են բնակիչների անդորրը, ինչի մասին բազմիցս հայտնել են այգու հարակից շենքերի բնակիչները: Նշվածի վերաբերյալ Երևանի քաղաքապետը հայտնել է, որ խնդրի լուծմանն ուղղված գործողություններ կատարելու համար Երևանի քաղաքապետը չունի օրենքով նախատեսված լիազորություններ` նշելով, որ համապատասխան պետական լիազոր մարմինը ՀՀ Ոստիկանությունն է: Այնինչ, գտնում ենք, որ այգում այլասերվածության կանխումը հնարավոր է Քաղաքապետարանի կողմից հստակ գործողությունների ձեռնարկման դեպքում: Մասնավորապես, Քաղաքապետարանը կարող է միջոցներ ձեռնարկել ցանկապատելու այգին և փակելու այգու մուտքը գիշերային ժամերին (ինչպես օրինակ` Սիրահարների այգում), ինչպես նաև այդ ժամանակահատվածում ուժեղացնել լուսավորումը այգու շրջակայքում: Հատկանշական է, որ մի շարք եվրոպական քաղաքներում նման այգիները պատշաճ կերպով լուսավորված և ցանկապատված են: Հարկավոր է հաշվի առնել, որ նման գործողողությունների ձեռնարկումը բխում է Քաղաքապետարանի լիազորություններից»,- ասված է զեկույցում:

 

Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցի հատվածում իբրև խոցելի խումբ հիշատակվում են նաև ԼԳԲՏ անձինք:

 

«Առավել նվաստացուցիչ պայմաններում են գտնվում համասեռականները, որոնք կատարում են ՔԿՀ-ների աղբահանման և մաքրման աշխատանքները, այդ թվում՝ սանհանգույցների: Միաժամանակ, համասեռականների հանդեպ առկա է խտրական վերաբերմունք, ինչպես ազատազրկվածների, այնպես էլ վարչակազմի կողմից: Նման դրսևորումներներից մեկը համասեռականների՝ ՔԿՀ-ի ընդհանուր սպասքից օգտվելու «անթույլատրելիությունն» է: Առկա է նաև ՀՀ օրենսդրության խախտումների դրսևորումներ («Վանաձոր» ՔԿՀ-ում 16 քմ մակերեսով խցում պահվում էին թվով 6 համասեռական ազատազրկվածներ, ընդ որում՝ նրանցից մեկը կալանավոր էր),- գրված է զեկույցի վերոնշյալ հատվածում:

 

Ի դեպ, համաձայն զեկույցում զետեղված տեղեկատվության, 01.01.2013-31.12.2013 ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ բողոք է ներկայացրել ԼԳԲՏ համայնքի ընդամենը մեկ ներկայացուցիչ: