Լեդի Գագան համերգի ժամանակ իր գեյ երկրպագուին օգնել է ամուսնության առաջարկություն անել իր ընկերոջը

Ամերիկացի փոփ-աստղ Լեդի Գագան Մանչեսթեր քաղաքում իր ARTPOP Ball համերգն օգտագործել է օգնելու իր երկրպագուներից մեկին առաջարկություն անել իր ընկերոջը, գրում է GayRussia-ն:

 

Լեդի Գագան Ջեյին՝ իր երկրպագուին, «ընտանեկան և հրաշալի մարդ է անվանել», ինչից հետո նրան է փոխանցել խոսափողը. «Ես վստահ չեմ, Շոն, սակայն, կարծում եմ, որ Ջեյը ցանկանում է քեզ ինչ-որ բան ասել»:

 

 Դրանից հետո Ջեյը ծնկի է իջել և իր ընկերոջն առաջարկել ամուսնանալ իր հետ: Շոնն «այո» է պատասխանել:

 

Զույգը բեմի վրա է մնացել մինչև Լեդի Գագան երգել է իր Born this way հիթը, որն ինքն ավելի վաղ գեյ-հիմն էր անվանել:

 

Երգչուհին բեմից ասել է. «Իմ ձայնագրման ընկերությունում ինձ ասել են, թե իմ շոուն շատ գեյական է և ես շատ գեյական եմ, սակայն ես նրանց պատասխանել եմ. «Բայց չէ՞ որ դա հրաշալի է, որ ամբողջ աշխարհում գեյեր կան»: Իրական մարդիկ՝ իրական երազանքներով ու իրական պատմություններով և դուք իրավունք ունեք սիրել և արտահայտել ձեր սերը ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ մարդ: Ես ցանկանում եմ ձեզ հիանալի սեր և երջանիկ ամուսնություն»: