«Լսի՛ր ինձ» ֆիլմի հերոսները՝ գրաքննության մասին

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները համոզված են, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ոչ մրցութային «Հայեր. հայացք ներսից և դրսից» ծրագիրն ամբողջությամբ հանվել է դրանում ընդգրկված և ԼԳԲՏ թեմայով երկու՝ «Ծիրանի այգիներ» և «Լսի՛ր ինձ» ֆիլմերի պատճառով:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանն ասել է, թե Կինոմիության նոր ղեկավարները, տեսնելով փառատոնի ոչ մրցութային ցանկում ընդգրկված ֆիլմերի շուրջ հասարակական աղմուկը, հրաժարվել են ցուցադրել ոչ մրցութային ֆիլների ամբողջ ցանկը: Խաչատրյանի խոսքով՝ իրենք ֆիլմերը ցուցադրելու համար բանավոր պայմանավորվածություն են ունեցել Կինոմիության նախկին ղեկավար, վերջերս մահացած Ռուբեն Գևորգյանցի հետ, իսկ Կինոմիության նոր ղեկավարներն ասել են, որ իրենք սգի պայմաններում չեն կարող նման ծրագիր ցուցադրել:

Այս հանգամանքը դժգոհություն է առաջացրել ինչպես արվեստի գործիչներից ոմանց, այնպես էլ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շրջանում, որոնք վստահ են, որ իրականում գրաքննություն է տեղի ունեցել:

LGBTnews-ը թեմայի շուրջ զրուցել է «Լսի՛ր ինձ» ֆիլմի հերոսներից մի քանիսի հետ:

«Հետերոսեքսուալները կարող են ամուսնանալ, փողոցով քայլել, իրենց կյանքի մասին պատմող բազմաթիվ ֆիլմեր նկարել և մեզ ցույց տալ, ես էլ պիտի դա հնարավորություն ունենամ անելու։ Ես ուզում եմ ապրել այս երկրում և լինել իրավահավասար ցանկացած այլ մարդկանց»,- անդրադառնալով տեղի ունեցածին`մեզ հետ զրույցում ասաց ֆիլմում իր պատմությունը պատմած Արմեն Աղաջանովը:

Վերջինս հիշեցնում է. «Լսի՛ր ինձ» ֆիլմում իրենք՝ ԼԳԲՏ համայնքի 10 ներկայացուցիչներ, պատմում ենք իրենց մանկության, ինքնության, ինքնաճանաչման, ընտանիքի հետ հարաբերությունների մասին:

«Մեր ձայնը լսելի դարձնելով` մենք ԼԳԲՏ անձանց դեմքից մաքրում ենք հասարակության քսած շաղախը: Ես՝ որպես հայ, որը ծնվել և մեծացել է Վրաստանում, բազմիցս լռեցվել եմ այն բանի համար, որ տարբերվել եմ իրենցից, այն բանի համար, որ ես հայ եմ։ Հիմա ես Հայաստանում եմ և նորից լռեցվում եմ։ Գայի՛ք, լսեի՛ք մեզ, լսեի՛ք մեր պատմությունները, տեսնեի՛ք մեր իրականությունը։ Մենք կա՛նք, մենք ապրում ենք նույն երկրում, նույն տարածքում ենք լինում, նույն ուրախությունները, խնդիրները կիսում ենք։ Այն բանից, որ մեր գոյությունը մերժվում է կամ մեզ փորձում են լռեցնել, մենք չենք կորչելու»,- ասում է Արմենը:

Ըստ ֆիլմի հերոս Վահան Բուռնազյանի՝ ԼԳԲՏ համայնքի մասին պատմող այդ երկու ֆիլմերը «Ոսկե ծիրան»-ում չեն ցուցադրվում, քանի որ ինչ-որ ճնշում կա փառատոնի կազմակերպիչների վրա: 

«Ինչ-որ մեկն ասել է, որ պետք չի ցույց տալ: Մենք շրջապատված ենք մարդկանցով, որոնք չեն ցանկանում, որ ԼԳԲՏ անձ գոյություն ունենա, չեն ցանկանում, որ նույնասեռականության հարց լինի հանրային դաշտում»,- նշեց Բուռնազյանը: 

Վերջինս ևս կարծում է, որ փառատոնի ոչ մրցութային ցանկում ընդգրկված բոլոր ֆիլմերը հանվել են, որ չցուցադրվեն ԼԳԲՏ այդ երկու ֆիլմերը, իսկ եթե այդպես չէ, ապա, ըստ Բուռնազյանի, փառատոնի պատասխանատուները պետք է պատշաճ բացատրություն տան, թե ինչու է նման կարևոր փառատոնի ֆիլմերի ցանկը հանկարծ մի օրում այսպիսի փոփոխությունների ենթարկվում: Բուռնազյանի համար արժանահավատ չեն տեղի ունեցածի վերաբերյալ մինչ այսօր տրված պաշտոնական մեկնաբանությունները: 

«Ինչո՞ւ նրանք պատշաճ կերպով չեն բացատրում, թե ինչ է տեղի ունեցել: Շատ տարօրինակ է, որ կինափառատոնի մի օրացույց է հրապարակվում, ապա մի քանի օր անց հանվում է այդ օրացույցի մեծ մասը: Նրանք պիտի բացատրեն, թե ինչու այդպես ստացվեց: Այլապես մենք իրավունք ունենք մտածելու, որ այստեղ մի բան այն չէ, որ կան մարդիկ, որոնք դեմ են նույնասեռականներին ու որ այդ մարդիկ ավելի ուժեղ են և ազդեցության լծակներ ունեն»,-ասաց Բուռնազյանը: 

Վերջինս վստահ է՝ եթե անգամ ընդունենք, որ ֆիլմերն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէր ցուցադրել Կինոմիության տարածքում, ապա դա միակ վայրը չէ, որտեղ կարող էին այդ ֆիլմերը ցուցադրվել: 

«ԼԳԲՏ անձինք սովորական մարդիկ են՝ նույն խնդիրներով, ինչ ունեն այլ անձինք: Երբ մարդիկ գալիս ու տեսնում են, որ այս անձինք նույնքան խնդիրներ ունեն, որքան իրենք, նույնպես երջանկություն են փնտրում, ինչպես իրենք, շփվում են իրենց ընտանիքի անդամների հետ, ինչպես իրենք, որ փնտրում են սեռական հարաբերություններ, որոնք իրենք են փնտրում, հասկանում են, որ գուցե, այո՛, մի քիչ տարբերվում ենք իրենցից, բայց նույնն ենք»,- ասաց Բուռնազյանն ու նշեց, որ ֆիլմի արժեքն այնքան մեծ է, որ իր համար փոքր բան է այն «Ոսկե ծիրան»-ում չցուցադրելու խնդիրը: 

«Այն ցուցադրվել է և ցուցադրվելու է այլ վայրերում, այն գուցե շուտով YouTube-ում հասանելի կլինի: Որ այս ֆիլմը չի ցուցադրվելու «Ոսկե ծիրան» փառատոնին՝ վնասում է հենց փառատոնի հեղինակությանը: Այդ փառատոնը, փաստորեն, չի կարող ցույց տալ Հայաստանի իրականությունը: Եթե այս կամ մեկ այլ ֆիլմի ցուցադրություն արգելվում է այդ փառատոնի շրջանակներում ցուցադրվել, ապա կարող ենք պնդել, որ այն Հայաստանի ամբողջ իրականությունը չի ներկայացնում: Այդ փառատոնն արդեն իր արժեքն իջեցնում է, այն չի կարող իսկապես և ամբողջական ցույց տալ մեր երկիրն ու հասարակությունը»,- կարծիք հայտնեց ֆիլմի հերոսը: 

Մինչ այսօր ֆիլմերը չցուցադրելու վերաբերյալ ունեցած տեղեկությունները Բուռնազյանին թույլ էն տալիս ասել, որ տեղի է ունեցել գրաքննություն: 

«Իրենց ներկայացրած պատճառներն ինձ չեն բավարարում, և եթե հաշվի ենք առնում նաև մեր փորձը, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականություն կա, ապա, այո՛, կարող ենք ասել, որ ցենզուրա է եղել: Իսկ ցենզուրա անողը երբեք չի ասում՝ ես ցենզուրա եմ անում, մենք պիտի փաստերը նայենք ու հասկանանք՝ կա՞ ցենզուրա, թե՞ ոչ»,- ասաց Բուռնազյանն ու վստահեցրեց, որ փառատոնի այս քայլը միայն նպաստելու է, որ մարդիկ ավելի շատ հետաքրքրվեն արգելված այս ֆիլմերով: 

«Մարդիկ ցանկանում են հասկանալ՝ ինչու է արգելված եղել, մարդիկ կգան, կնայեն, ավելի շատ մարդիկ կիմանան այս ֆիլմերի մասին»,- ասաց Բուռնազյանն ու վստահեցրեց, որ ֆիլմի դրական ազդեցությունն արդեն իսկ իր համար տեսանելի է: Բուռնազյանի խոսքով՝ ֆիլմից հետո իր նկատմամբ մարդկանց վերաբերմունքը միայն դեպի լավն է փոխվել: 

«Ֆիլմի ցուցադրությունից հետո մարդիկ ինձ ավելի շատ են հարգում. մարդիկ հարգում են նրան, ով կարողանում է իր ձայնը բարձրացնել և առանց վախի ապրել: Ապրել՝ ինչպես քո ինքնությունն է ստիպում՝ առանց թաքցնելու այդ ինքնության մի մեծ մասը: Ի վերջո ինչո՞ւ պիտի թաքցնել մի բան, որը կարիք չկա թաքցնելու. բոլորն են այս կյանքում երջանկություն, ուրախություն, սեռական հարաբերություն փնտրում, ու երբ դու ցույց ես տալիս, որ դու դրանից չես վախենում, մարդիկ քեզ հարգում են»,- վստահեցնում է Բուռնազյանը: 

Ֆիլմի հերոս Էլվիրան զարմացած չէ իրադարձությունների նման զարգացմամբ, թեև ցավով է ընդունում տեղի ունեցողը:

«Ըստ իս՝ Հայաստանում լինի քաղաքական գործիչ, թե արվեստագետ՝ այս հարցում առաջնորդվում են «մեծամասնության հավանությանն արժանանալու սկզբունքով»: Խմբային, ամբոխի մտածելակերպը դեռ թևածում է Հայաստանում. ավելի ապահով է լինել այն թևում, որն ավելի ապահով է, թեև միգուցե նույն մարդիկ արտաքին քաղաքականության պարագայում, միջազգային հարաբերություններում ամենայն հավանականությամբ ճիշտ հակառակ վարքը կցուցաբերեն, քանի որ միջազգային հարաբերություններում, որտեղ կարծիքի առաջնորդը թերևս իրենք չեն, որևէ հոմոֆոբ արտահայտություն անելը դնում է նրանց փոքրամասնության մեջ, ձեռնտու չէ, կամ էլ ուղղակի այդքան ներքին ցանկություն չկա դա անելու»,- նկատեց Էլվիրան: 

Ըստ ֆիլմի հերոսի՝ փառատոնի բովանդակային մասով պատասխանատու անձնակազմը փորձում էր «և՛ ձերոնց, և՛ մերոնց» ռազմավարությամբ առաջնորդվել: 

«Ուզում էին սուսուփուս անցկացնել ֆիլմերը, որ հետո պետք եղած տեղն ասեին (հիմնկանանում՝ միջազգային հարթակներում), որ իբր հոմոֆոբ չեն, տեսե’ք` ինչ հետաքրքիր ֆիլմեր ենք դրել, բայց քանի որ աղմուկ բարձրացավ, այլևս չցանկացան ռիսկի դիմել՝ վախենալով ազգայնականների և «ազգանվերների» կողմից բացասական վերաբերմունքի արժանանալուց: 

Էլվիրան նկատում է, որ անգամ արվեստը, որի հիմքում ազատությունն, անկախությունն, ինդիվիդուալիզմի գաղափարն է, այսքան անշնչացած և անազատ է Հայաստանում: 

«Եթե անգամ արվեստն է ստրկացած, ինչպե՞ս խոսենք այլ ոլորտների մասին: Կեղծ արվեստը, ուղղորդված արվեստը, ընտրողական արվեստը վտանգավոր է առողջ հոգեկանի զարգացման համար անհատական մակարդակում և առհասարակ առողջ, քննադատ, լայնախոհ և ազատ հասարակության ձևավորման համար»,- խոսքը սահմանափակեց Էլվիրան: 

Ֆիլմի հերոս Ռոմիկի խոսքով՝ ֆիլմերը ցուցադրությունից հանելն առաջին հերթին հոմոֆոբիայի դրսևորում է փառատոնի կազմակերպիչների ու կինոգործիչների միության ղեկավարության կողմից: 

«Նման կազմակերպություն և նման կառույց գլխավորող մարդիկ, փոխանակ ինչ-որ հարցի լուծում գտնեն, ուղղակի փորձել են հարցը ջնջել: Դա եղել է հարցի ջնջում և ոչ թե լուծում»,- ասաց Ռոմիկը: 

Ըստ «Լսի՛ր ինձ»-ի հերոսի՝ այդ երկու ֆիլմերի՝ նման փառատոնի շրջանակներում ցուցադրվելը մեծ փոփոխություն կարող էր բերել Հայաստանի հասարակության մեջ: 

«Դա կարող էր տաբուների կոտրման առիթ լինել, քանի որ մարդիկ քիչ թե շատ հետևում են այդ փառատոնին ու անդրադառնում դրանում ցուցադրված ֆիլմերին: Դա կարող էր հարթակ լինել, որ մեկ անգամ ևս առիթ ստեղծվեր ԼԳԲՏ անձանց խնդիրներն ավելի իրական տեսնելու ու այդ մարդկանց հասկանալ փորձելու համար»,- ասաց Ռոմիկը:

Վերջինս ևս կարծում է, որ այն բացատրությունները, որ տրվում են ֆիլմերը չցուցադրելու վերաբերյալ, ոչ թե լուրջ պատճառաբանություններ, այլ ընդամենը փոքրիկ պատրվակներ են:

Ռոմիկի խոսքով՝ տեղի ունեցածի վերաբերյալ սոցցանցերում մտավորականների, մասնագետների գրառումներին, կարծիքին, խոսակցություններին հետևելիս պարզ է դառնում, որ մերժումը եղել է հիմնականում այդ երկու ֆիլմի պատճառով, որոնք ԼԳԲՏ թեմայով են, թեև փառատոնի կազմակերպիչները փորձում են ներկայացնել, թե խնդիրն այդ ֆիլմերը չեն, որ 40 ֆիլմ է ցանկից հանվել: 

«Բայց խնդիրը հենց այդտեղից է ծագել: Ցանկացել են կանխել այդ երկու ֆիլմի ցուցադրությունը: Հիմա շատ փոքրիկ «ֆաշիստիկներ» Ֆեյսբուքում տոնում են իրենց «հաղթանակը»,- նշում է նա:

Ըստ Ռոմիկի`ցանկացած շարժում, որ ճնշվում է, ժամանակի ընթացքում էլ ավելի կենսունակ, ուժեղ ու հաղթական է դառնում:

«Նման ճնշումների դեպքում չի եղել դեպք, երբ մարդկանց ձայնը չհասնի հասարակությանը»,- վստահեցնում է ֆիլմի հերոսը: 

Վերջինս նշեց, որ չնայած ֆիլմերը չցուցադրելու հանգամանքը փառատոնի կազմակերպիչները բացատրում են հասարակական արձագանքով` իրականում այդ հասարակություն ասվածն ինչ-որ ծայրահեղականներ են, որոնք թիվը շատ քիչ է, պարզապես նրանք ունեն հարթակ և իրենց ձայնը լսելի է: 

«Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, երբ մի կառույց 10, 20 կամ 50 ու 100 հոգու զանգով որոշումներ է կայացնում ու նրանց հասարակություն է համարում: Հասարակությունն իր մոտեցումը ցույց է տալիս ֆիլմերը դիտելուց հետո: Թող թույլ տային, որ այդ ֆիլմերը ցուցադրվեին և տեսնեինք՝ հանդիսատեսը դե՞մ է»,- ասաց Ռոմիկն ու կարծիք հայտնեց, որ խնդիրն իրականում ոչ թե հասարակության, այլ պետության մեջ է: 

«Եթե «ֆաշիստիկներն» իրենց ձայնն են բարձրացնում, ապա նրանց ջրաղացին ինչ-որ մեկը ջուր է լցնում, ինչ-որ մեկի պատվերն են կատարում` ինչ-որ կառույցի կամ իշխանության»,- վստահ է ֆիլմի հերոսը: 

Ըստ Ռոմիկի՝ պրոֆեսիոնալությունը Հայաստանում վտանգի տակ է ոչ միայն արվեստի, այլ նաև մյուս բոլոր բնագավառներում: 

«Պրոֆեսիանալությունը վերակենդանացման բաժնում է, և մենք լուրջ խնդիր ունենք. իշխանությունը ոչ մի ջանք չի խնայել, որ ամեն ինչ իրենով անի, բռնազավթի, ամեն ինչի վրա իր ազդեցությունը և ճնշումն ունենա, և արվեստն էլ դրանից զերծ չի մնացել»,- ասաց Ռոմիկը: 

Նա հավատում է, որ արվեստն, այնուամենայնիվ, այն ճանապարհներից մեկն է, որով իրենք և առհասարակ խտրականության ենթարկվող մյուս խմբերը կարող են մարդկանց սիրտը նվաճել կամ առնվազն նրանց ուշադրությունը հրավիրել իրենց հարցերի շուրջ: 

«Արվեստը չի սահմանափակվում միայն ինչ-որ կառույցներով, փառատոններով. սա կարող է շատ լավ առիթ լինել, որ այլ փառատոններ կազմակերպվեն, այլ ֆորմատներ մշակվեն, որոնց շրջանակներում կցուցադրվեն մերժված ֆիլմերը, որոնցում լսելի կլինի մերժված խմբերի ձայնը, նրանց պահանջները»,- եզրափակում է Ռոմիկը: