Խոսրով Հարությունյանին խիստ զայրացրեց խտրականության թեմային առնչվող հարցը

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը խտրականության հարցի բարձրացումը համարում է «գրանտ ստանալու նպատակ հետապնդող քայլ»:

LGBTnews-ի լրագրողի հարցերը նախկին վարչապետին չափազանց զայրացրին:

Հարցին, թե ինքն արդյոք տեսնո՞ւմ է Հայաստանում խտրականության դեմ օրենքի անհրաժեշտություն, Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ ո՞ր խտրականության:

Լրագրողի պատասխանն այն մասին, որ խոսքը որևէ տիպի խտրականությանն է վերաբերում, Խոսրով Հարությունյանին էլ ավելի զայրացրեց. պատգամավորը բորբոքված պահանջեց բերել օրինակներ, երբ որևէ անձ Հայաստանում ազգային պատկանելության հիմքով խտրական վերաբերմունքի է արժանացել:

«Գնացե՛ք, ցանկացած քաղաքացու հարցրեք՝ ինքն իր վրա ազգային խտրականության խնդիր զգո՞ւմ է»,- ասաց Հարությունյանը:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե խտրականությունը կարող է դրսևորվել ոչ միայն ազգային պատկանելության, այլ նաև, օրինակ, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության հիմքով, Հարությունյանը պահանջեց բերել օրինակներ, երբ Հայաստանում անձինք «սեռական հիմքով խտրական վերաբերմունքի են արժանացել», ապա թույլ չտվեց որևէ օրինակ հնչեցնել:

«Դուք երբևէ եղե՞լ եք սեռական խտրականության զոհ, եղե՞լ եք»,- Ազգային ժողովի աստիճաններից մեկի վրա կանգնած՝ բղավում էր Խոսրով Հարությունյանը՝ դիմելով LGBTnews-ի լրագրողնին:

Հարցին, թե միայն խտրական վերաբերմունքի ենթարկվելու դեպքո՞ւմ է, որ լրագրողը պետք է անդրադառնա խտրականության թեմային, Հարությունյանը պատասխանեց.

«Սա շատ պարզ է. այդպիսի խնդիրներ բարձրացնելու նպատակը գրանտներ վերցնելն է: Գրանտների համար է, որ հանրային շրջանում սկսում եք այսպիսի խնդիրներ բարձրացնել»:

Շարունակելով բղավել՝ նախկին վարչապետն արագ հեռացավ՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: