Խորը հիասթափված ենք Հայաստանի իշխանության վճռականության պակասից․ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի ներկայացուցիչներ

LGBTnewsզրուցակիցներն են Եվրոպայի ԼԳԲՏ քրիստոնյաների խմբերի ֆորումի ներկայացուցիչները, որոնք վերջերս այցելել էին Հայաստան այն բանից հետո, ինչ չեղարկվել էր Հայաստանում նախատեսված ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը։

֊ Տարբեր տարիներին դուք 10 անգամ տարբեր երկրներում անցկացրել եք ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում։ Ինչի՞ մասին է ֆորումը, ի՞նչ խնդիրներ է այն լուծում, այն կազմակերպությո՞ւն է, թե՞ նախաձեռնություն:

Եվրոպայի ԼԳԲՏ քրիստոնյաների խմբերի ֆորումի կազմակերպիչներից Միշա Չերնյակ – Մենք արդեն արել ենք ֆորումը հինգ երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդվայում, Ռումինիայում, Էստոնիայում, պարզապես որոշ երկրներում՝ մեկից ավելի անգամ։ Այս տարվա ֆորումը կլիներ 11-րդը: Ամեն ինչ սկսվեց 2004-ին, հետո դադար եղավ, ապա 2009-ից մինչ այժմ ամեն տարի ֆորումն անցկացվել է:

Ֆորում բառը մեր կոնտեքստում երկու բան է նշանակում. առաջինը՝ Եվրոպական ֆորումը՝ որպես կազմակերպություն և ֆորումը՝ որպես միջոցառում:

Եվրոպայի ԼԳԲՏ քրիստոնյաների խմբերի ֆորումի համանախագահ Վիլի Էլհորսթ Ես Եվրոպայի ԼԳԲՏ քրիստոնյաների խմբերի ֆորումի համանախագահն եմ: Այն ՀԿ է, մենք գործում ենք 1982-ից, առաջին տասնամյակներում դա հիմնականում հարթակ էր ԼԳԲՏ քրիստոնյաների համար՝ միմյանց հանդիպելու։ Սկսած 2012-ից՝ մենք կազմակերպություն ենք, որը ֆինանսավորում է ստանում: 2012-ից մենք հնարավորություն ունեցանք հասցեագրելու խնդիրները Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, որովհետև Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի ԼԳԲՏ քրիստոնյաները և նրանց խմբերը միացան մեզ: Մեր ֆորումի իմաստը քարոզչությունն է, հզորացումը, մարդկանց համախմբումը, հնարավորություն տալը՝ կիսելու իրենց փորձը, ինչպես նաև ստեղծելու ԼԳԲՏ քրիստոնյաների համայնք, որտեղ մարդիկ կարող են իրենց ընդունված ու, այսպես ասած, տանը զգալ:

Միշա ՉերնյակՖորումը որպես կոնֆրանս սկսել է կազմակերպվել սովորական մարդկանց կողմից, ոչ թե կազմակերպության. 2004-ին տեղի ԼԳԲՏ մարդկանց կողմից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, կային հյուրեր նաև այլ երկրներից, առաջին ֆորումը Սանկտ Պետերբուրգում է անցկացվել, հետո՝ Մոսկվայում, Կիևում և այլ վայրերում, անցած տարի՝ Բուխարեստում:

Եվրոպական ֆորումը՝ որպես կազմակերպություն, միջոցառման դոնորներից է եղել շատ տարիների ընթացքում, իսկ անցած տարվանից մենք պաշտոնապես միասնական կերպով ենք հանդես գալիս, այսինքն՝ կազմակերպությունը հանդես է գալիս որպես ֆորումի կազմակերպիչ, ֆորումի դեմք:

Ֆորումը միշտ փոքր միջոցառում է եղել, մոտ 45-90 մասնակիցներով, կախված անցկացման վայրից, աշխարհագրորեն՝ Մուրմանսկից մինչև Տաշքենդ, Վլադիվոստոկից՝ Լեհաստան: Մասնակիցների թվում են եղել Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Էստոնիան, երբեմն՝ Լիտվան, Լեհաստանը, Մոլդովան, Ռումինիան, Հայաստանը՝ մի քանի անգամ, երբեմն՝ Վրաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և որոշ այլ երկրներ, որտեղ կան ԼԳԲՏ քրիստոնյաներ: Ինչպես տեսնում եք, սրանք երկրներ են, որոնք միանգամից չեն ասոցացվում ԼԳԲՏ քրիստոնյաների հետ, որովհետև որպես շարժում այն ավելի ներկա է Արևմուտքում, Արևելքում այս մարդիկ շատ հաճախ միայնակ անձիք են, նրանք չունեն խմբեր, նրանք մեկուսացման մեջ են ապրում, նրանց եկեղեցիները չեն ողջունում իրենց։ ԼԳԲՏ համայնքը երբեմն աջակցում է նրանց, երբեմն նույնիսկ ԼԳԲՏ համայնքը չի հասկանում՝ ինչպես դու կարող ես լինել և՛ ԼԳԲՏ, և՛ հավատի անձ միաժամանակ։ Այպիսով՝ այս մարդիկ ապրում են մեկուսացման մեջ և այս ֆորումը միշտ օգտագործել են՝ կիսելու իրենց ուրախություններն ու տխրությունները, աղոթելու միասին, միասնական նախաձեռնություններ, ծրագրեր մտածելու, այն տեղ է՝ հզորացնելու մարդկանց

֊ Այս տարվա ֆորումը նախատեսվո՞ւմ է արդյոք այլ երկիր տեղափոխել, թե՞ այն առհասարակ չեղարկվել է:

Միշա ՉերնյակՀարցն այն է, որ Եվրոպական ֆորումը մեծ ֆինանսավորում չունի, մենք՝ որպես ՀԿ, կախված ենք գրանտներից, գումարը մեկ փորձի համար էր, մենք արդեն շատ գումար ենք ծախսել տոմսերի վրա և չենք կարող նորից անել դա այս տարի:

Այսպիսով, այն տեղափոխվում է մինչև մյուս տարի՝ աշուն, իսկ թե որտեղ՝ մենք դեռ չգիտենք: Մենք շատ կցանկանայինք փորձել ֆորումը ևս մեկ անգամ Հայաստան բերել, սակայն այժմյան քաղաքական իրավիճակում մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենա Հայաստանում մի տարվա ընթացքում:

Վիլլի ԷլհորսթՄենք շատ կցանկանայինք, որովհետև մենք տեսանք, թե ինչ առաջացրեց ֆորումն այստեղմի կողմից՝ շատ ատելություն, մյուս կողմից՝ այն ԼԳԲՏ մարդկանց և հավատի մասին բազմաթիվ խոսակցությունների մեկնարկի առիթ դարձավ: Եվ, կարելի է ասել, դա լավ արդյունք է, ինչը կարող է մեր՝ Հայաստան վերադառնալու պատճառներից մեկը լինել։ 

֊ Ի՞նչ տրամաբանությամբ էիք դուք այս տարի որպես ֆորումի անցկացման վայր Հայաստանն ընտրել։

Միշա ՉերնյակԱմեն տարի պետք է տեղացիների կողմից հրավեր լինի։ Նախորդ տարի «Նոր սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչը ներկա էր մեր կոնֆերանսին Բուխարեստում և նա հրավեր առաջարկեց: Մենք պարզապես պետք է իմանանք, որ տեղի մարդիկ ի վիճակի են կազմակերպել միջոցառումը և ապահովել անվտանգությունը: Մեզնից ոչ ոք՝ ո՛չ «Նոր սերունդի» ներկայացուցիչը, ո՛չ մենք չէինք կարող կանխատեսել իրադարձությունների նման զարգացում:

Քանի որ մեր ֆորումը փոքր միջոցառում է, մենք երբևէ ներառված չենք եղել տեղական քաղաքական իրադարձություններում։ Մեզ միայն հետաքրքրում է մարդու իրավունքների իրավիճակը, մենք ցանկանում ենք, որ մեր անվտանգությունն ապահովված լինի, երբ մենք գնում ենք ինչ-որ տեղ, մենք ցանկանում ենք՝ մեր իրավունքները պաշտպանված լինեն, ու եթե դա քաղաքական խնդիր է երկրի համար, ապա դա խնդիր է, սակայն մենք գալիս ենք առանց տեղի քաղաքական օրակարգին խառնվելու մտադրության:

֊ Այսինքն՝ դուք չէ՞իք կանխատեսել, որ նման աղմուկ կարող է բարձրանալ։

Վիլլի ԷլհորսթՄենք մինչև հեղափոխությունն էինք որոշել գալ այստեղ, և, իհարկե, քաղաքական իրավիճակը կտրուկ փոխվեց, բայց մենք չէինք կարող կանխատեսել, որ փոփոխությունն այնքան կրտուկ կլինի, որ ֆորումը կարող է նման արձագանքներ առաջացնել: Ինչպես նաև կա, իհարկե, այն հանգամանքը, որ մենք օգտագործվել ենք այս քաղաքական կոնտեքստում: Սա մեզ համար, որպես կազմակերպություն, նոր բան է, մենք երբևէ ստիպված չէինք եղել չեղարկել կոնֆերանսը:

Միշա Չերնյակ Մենք երբեք քաղաքականորեն ներառված չենք եղել ինչ-որ հարցերի մեջ: Իհարկե, մենք աշխատում ենք ԼԳԲՏ մարդկանց ու խտրականության ենթարկվող բոլոր մարդկանց համար ավելի լավ աշխարհ ունենալու համար, դա քաղաքական դիրքորոշում է, բայց դա քաղաքական հայտարարություն չէ, մեզ հետաքրքրում են իրավունքները: Մեզ զարմացրել է ֆորումի ունեցած ազդեցության աստիճանը. մեր միջոցառումներից որևէ մեկը երբևէ որևէ ազգային խորհրդարանում չի քննարկվել, դա մեզ, ինչպես նաև մեր բոլոր գործընկերների համար անակնկալ էր: Մենք կարծում ենք, որ մեծ դեր ունեցավ այն հանգամանքը, որ Հայաստանը սերտ կապ ունի քրիստոնեական ժառանգության հետ՝ գոնե ազգային կոնտեքստում, գուցե ոչ այդքան շատ պրակտիկայում, գուցե դա հռչակագրային մակարդակից ավելին չէ, բայց հանրային կոնտեքստում իրար կողք դնել քրիստոնեությունն ու ԼԳԲՏ-ն մի արտահայտության մեջ՝ Հայաստանում դա շոկ առաջացրեց: Ու հենց այդ պատճառով էր, որ դա հեշտությամբ դիտակվեց որպես հակասական հարց և հեշտությամբ քաղաքական խաղերի համար զենք դարձավ:

֊ Աշխարհում տարբեր քրիստոնեական ուղղություններ կան, որոնք էապես տարբեր մոտեցումներ ունեն ԼԳԲՏ մարդկանց իրավունքների հարցի վերաբերյալ, ի՞նչ նկատի ունեք դուք՝ ասելով «քրիստոնյա խմբեր»:

Վիլլի ԷլհորսթՄենք էկումենական կազմակերպություն ենքմենք թույլատրում ենք ցանկացած տեսակի քրիստոնյայի լինել մեր կազմակերպության անդամ և երբ մենք խոսում ենք քրիստոենական խմբեր մասին՝ դրանք տարբեր տեսակի խմբեր են, չկան ֆիքսված ինքնություններ: Եվրոպական ֆորումում քրիստոնյա խմբերի համար անդամ դառնալու օրենքներ չկան, բոլոր խմբերը ողջունվում են: Այսպիսով՝ մենք քրիստոնյա ենք բնույթով, կապված չենք որևէ եկեղեցու հետ, մենք չէինք էլ ցանկանա, քանի որ մենք ցանկանում ենք անկախ կազմակերպություն լինել

֊ Ինչպե՞ս կմեկնաբանեք հայաստանյան իշխանությունների և իրավապահ մարմինների արձագանքը ձեր ֆորումի վերաբերյալ:

Միշա ՉերնյակՇատ անհեթեթություններ են մեր մասին ասվել, եղել են մեղադրանքներ, որոնք ամբողջովին աբսուրդի ժանրից են, ինչպես, օրինակ, երբ մեկն ասում է, որ մենք կիջեցնենք Հայաստանի ծնելիության ցուցանիշըմենք ֆիզիկապես անկարող ենք դա անել, սա ուղղակի չափազանցություն է։ Կամ՝ իբր մենք խարխլում ենք ՀՀ ազգային անվտանգությունը և այլն: Այսինքն՝ բաներ կան, որոնք չեն կարող մեկնաբանվել, քանի որ աբսուրդ են: Մեզ ավելի շատ տխրեցնում են իշխանությունների հնչցրած մեկնաբանությունները

Քաղաքական հայտարարությունները, որոնք իրենց բնույթով ծայրահեղական են, դրանք, բնականաբար, հանցագործություններ են՝ ատելության հանցագործություններ, որոնք պետք է հետաքննվեն, և մենք Հայաստանի իշխանություններից սպասում ենք թափանցիկ ու ազնիվ հետաքննություն: Ես անձամբ կարող եմ ասել, որ հանցագործությունների հետաքննությունները չպետք է կապված լինեն ընտրության արդյունքների հետ, դա պետք է տեղի ունենա՝ ով էլ լինի իշխանությանարդարադատությունն արդարադատություն է: Դա առաջին մակարդակն է: Երկրորդ մակարդակը՝ մենք խորապես հիասթափված էինք Հայաստանի իշխանությունների վճռականության պակասից, որովհետև երբ դու լսում ես, որ Հայաստանը սիրո և համերաշխության հեղափոխություն է ունեցել, երբ դու լսում ես ժողովրդավարական գործընթացների մասին, որոնք սկսվել են այստեղ, երբ լսում ես, որ շուրջ քսան տարի իշխանության եղած ավտորիտար ռեժիմը գահընկեց է արվել, դու սպասում ես ժողովրդավարության որոշակի ստանդարտներ:

Ցավոք սրտի, մեր կարծիքով, և այս կարծիքը կիսում են և՛ տեղի, և՛ միջագային կազմակերպությունները, ՀՀ իշխանությունները չեն արդարացրել այս սպասելիքները, չեն պահել այս չափանիշները, պարզվեց, որ պատրաստ չեն նրան, ինչ հայտարարում են, և սա նրանց դեմ է դուրս գալու, որովհետև չպաշտպանելով մեզ այնպես, ինչպես նրանք պետք է անեին դա՝ նրանք իրենց հակառակորդներին՝ ընդդիմությանը, հաղթանակ նվիրեցին:

Այսպիսով նրանք ընդդիմությանը ցույց տվեցին, որ վախեցնելով, սպառնալով և բռնությամբ նրանք կարող են հաղթնակի հասնել, և սա մի բան է, որից ներկա իշխանությունն ամեն գնով պետք է խուսափեր:

֊ Ի՞նչ եք ծրագրում անել՝ բարձրացնելու այս խնդիրը միջազգային հարթակներում:

Վիլլի ԷլհորսթԵրբ մենք որոշեցինք չեղարկել կոնֆերանսը, մենք անմիջապես մամուլի հաղորդագրություն տարածեցինք, մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք 2016-ի հուլիսից սկսած: Մենք օգտագործեցինք մեր միջազգային կապերը, ոչ միայն Եվրոպայի խորհուրդը, այլև, օրինակ, Նիդեռլանդների դեսպանատունը Վրաստանում, քանի որ մենք Նիդեռլանդներում հաստատված կազմակերպություն ենք, Եվրոպական Միությունը, Արտաքին գործերի նախարարությունը, հավաքների և միավորումների ազատության ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ կապը, ԻԼԳԱ Եվրոպան, «Ամնեսթի Ինթերնեյշընըլ»-ը։ Մարդու իրավունքներով զբաղվող բոլոր հաստատությունները տեղեկացված են և ուշադրությամբ հետևում են զարգացումներին

Միշա Չերնյակ Մենք նաև կարծում ենք, որ կառավարությունն ավելի լուրջ պետք է լինի, մեր նշած բոլոր կազմակերպություններն արդեն իսկ ճնշումներ են գործադրում կառավարության վրա և դրանք շարունակվելու են, որովհետև եթե դու ասում ես, որ ժողովրդավարություն ես, պետք է լինես այդպիսին:

Վիլլի ԷլհորսթԻհարկե, մենք հուսով ենք, որ ճնշումները կտանեն երկխոսության: Հայաստանի համար նման հնարավորություններից մեկը կլինի Եվրոպայի խորհրդում ապրիլի նստաշրջանի ժամանակ, որովհետև միջազգային ՀԿ կոնֆերանսի նախագահն ուղիղ կերպով հասցեագրել է ԵԽ-ում Հայաստանի ժամանակավոր ներկայացուցչին՝ բարձրացնելու այս հարցը: Սակայն մեր իրական հույսն այն է, որ կլինի սրտերի երկխոսություն հասարակության մեջ և մենք հիմա տեսնում ենք, որ շատ խմբեր այս հարցը քննարկում են՝ թե ինչ է նշանակում լինել ԼԳԲՏ և քրիստոնյա, ու մենք հուսով ենք, որ նույնիսկ մեր ֆորումի չեղարկումն իր ներդրումը կունենա սրտերի երկխոսության մեջ: