Խորհրդանշական հարսանիք արած թուրք գեյերին մահով են սպառնում

21-ամյա Էկին Քեսերը և 27-ամյա Էմրյուլա Թյուզուն պայքարում են իրենց կյանքի համար: Երիտասարդների փոքր սիմվոլիկ հարսանիքը տեղի է ունեցել Ստամբուլում՝ այս տարվա սեպտեմբերին: Իրավաբանորեն ամուսնությունը, բնականաբար չի գրանցվել, սակայն զույգը հույս ուներ, որ իրենց խորհրդանշական հարսանիքի շուրջ առաջացած արձագանքը հասարակության մեջ նույնասեռ ամուսնությունների վերաբերյալ երկխոսություն կառաջացներ, գրում է Gay.ru-ն:

 

«Իմ ընտանիքն ու հարազատներն ինձ մահով են սպառնում: Այն բանից հետո, երբ մեր հարսանիքը ցույց են տվել հեռուստատեսությամբ, մեր ընտանիքներն ու ընկերները մերժում են մեզ»,- պատմել է Թյուզունը՝ նշելով, որ տնօրենն իրեն աշխատանքից դուրս է վռնդել:

 

Էմրյուլան Ստամբուլի հին թաղամասերից մեկում մատուցող էր աշխատում:

 

«Երբ սկսեցին սպառնալիքները, իմ տնօրենն իմացավ այդ մասին և աշխատանքից ազատեց ինձ: Էկինը չի աշխատում, քանի որ ուսանող է: Ես ընտանիքը միակ պահողն էի և այժմ զրկվել եմ աշխատանքից»,- պատմում է նա:

 

Սոցիալական ցանցերով երկու երիտասարդներն էլ մահվան սպառնալիքներ են ստացել, սակայն ամենամեծ ցնցումը նրանց համար եղել է ընտանիքների արձագանքը. «Իմ ընտանիքը գիտեր, որ ես գեյ եմ, սակայն նրանք կտրականապես դեմ էին հարսանիքին»,- ասում է Քեսերը:

 

Երիտասարդներին աջակցություն է խոստացել թուրքական KAOS GL ԼԳԲՏ խումբը: