«Խորհրդարանն ու ԼԳԲՏ անձանց իրավունքները» շարք. հարցազրույց պատգամավոր Թևան Պողոսյանի հետ

Նկատի ունենալով այն, որ Հայաստանում խախտվում են ԼԳԲՏ անձանց սահմանադրական հիմնարար իրավունքներն ու ազատությունները, սակայն խնդիրը հասարակական ու քաղաքական լայն քննարկման առիթ չի դառնում, հաշվի առնելով այն, որ Հայաստանի ԼԳԲՏ անձինք նաև ընտրողներ են, որոնք կարող են մասնակցել համապետական ընտրություններին և ընտրել նաև Ազգային ժողովի պատգամավորներ, նկատի ունենալով, որ Ազգային ժողովը՝ Հայաստանի օրենսդիր մարմինը, իշխանության երեք թևերից մեկն է և բարձր ամբիոն, որտեղ արծարծվող հարցերը ստանում են հանրային լայն հնչեղություն, LGBTnews.am-ը նախաձեռնում է «Խորհրդարանն ու ԼԳԲՏ անձանց իրավունքները» խորագրով հարցազրույցների շարք Ազգային ժողովի պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե ազգընտիրներն ինչպես են տեսնում քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների սահմանափակումների խնդրի լուծումն ու ինչ քայլեր են պատրաստվում նախաձեռնել այդ ուղղությամբ՝ օգտվելով իրենց մանդատի ընձեռած հնարավորություններից: 

 

LGBTnews.am-ի խմբագրակազմը, նկատի ունենալով ՀՀ ԱԺ կազմը, ինչպես նաև պատգամավորների նախկին ու ներկայիս գործունեության բնույթը, հեռու է այն մտայնությունից, որ ազգընտրիրներն իրենց մեծամասնության մեջ խորապես ընկալում են ԼԳԲՏ անձանց խնդիրները, առավել ևս՝ քաղաքացիների այդ հատվածի իրավունքների ու ազատությունների համար գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը: Խմբագրակազմը գիտակցում է, որ հարցազրույցների ժամանակ պատգամավորների հնչեցրած գնահատականներն ու մտքերը հիմնականում հակասելու են Հայաստանի Սահմանադրության և միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների տրամաբանությանը և ոգուն, այնուամենայնիվ պատեհ ենք համարում ԼԳԲՏ էլեկտորատին ներկայացնելու նրանց դիրքորոշումը՝ նախ հետագայում ընտրություններին մասնակցելուց ավելի լավ կողմնորոշվելու, երկրորդ՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության հարցի քննարկումը մի նոր հարթություն տեղափոխելու նպատակով: Նշենք, որ պատգամավորների հետ զրույցն անցկացվելու է բլից-հարցազրույցի ֆորմատով:

 

Այս անգամ LGBTnews.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք պատգամավորը պատրաստվո՞ւմ է Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկած նստաշրջանում բարձրացնել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցեր:

 

– Պարո՛ն Պողոսյան, ձեզ հուզո՞ւմ են ԼԳԲՏ  ներկայացուցիչների խնդիրները Հայաստանում,պատրաստվո՞ւմ եք Ազգային ժողովում բարձրացնել նրանց իրավունքների վերաբերյալ հարցեր:

 

– Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Ինձ հետաքրքրում են ընտանեկան արժեքներն, այն, որ ինչքան հնարավոր է՝ շատ ամուսնություններ լինեն:

 

– Այսինքն՝ ձեր խոսքից կարելի՞ է եզրակացնել, որ դուք հրաժարվում եք պաշտպանել քաղաքացիների մի հատվածի իրավունքները:

 

– Նրանց իրավունքների պաշտպաններ կան, որոնք բարձրացնում են իրենց ձայնը, կարող եք դիմել նրանց, և նրանք ձեր հարցերին կպատասխանեն:

 

– Պատգամավորների գործառույթների մեջ չի՞ մտնում  քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը միտված քայլերի ձեռնարկումը:

 

– Ես չգիտեմ՝ ինչ են անում այլ պատգամավորները: Ես ասացի, թե ինձ ինչ է հետաքրքում: Ամեն մարդ իրավունք ունի ընտրելու այն, ինչ ինքն ուզում է, և ես կարծում եմ, որ պետք է քարոզվեն ընտանեկան արժեքները:

 

– Պարոն Պողոսյան ՀՀ Սահմանադրության 14-ից 48-րդ հոդվածները սահմանում են մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, սակայն ԼԳԲՏ անձանց գրեթե բոլոր իրավունքները խախտված են: Այս փաստը նունպե՞ս ձեզ չի մտագոհում:

 

– Նկատի ունեք՝ նրանց նկատմամբ ճնշումնե՞ր կան: Սակայն ես հիմա դրա խնդիրը չեմ տեսնում, դուք նույնիսկ կայք ունեք, շատ այլ երկրներում ձեզ բոլորիդ ուղղակի կգնդահակարեին, մինչդեռ Հայաստանում դուք կաք, բայց ինձ դա չի հետաքրքրում: Հայաստանն էլ կատարում է միջազգային պայմանագրերով իր վրա դրված պարտականությունները: