Ծիածանագույն դրոշի պատմությունը (մաս 1)

Ծիածանագույն դրոշը (անգլ. Rainbow flag) հայտնի է նաև փրայդ-դրոշ (Pride flag), ազատության դրոշ (Freedom flag) անուններով: Այն հիմնականում բաղկացած է վեց զուգահեռ գծերից, որոնք ունեն տարբեր գույներ՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

 

Ծիածանն իբրև խորհրդանշան պատմական տարբեր ժամանակահատվածներում շատ տարբեր համատեքստերում է օգտագործվել: Այսպես, հին հունական դիցաբանությունում ծիածանն Իրիս աստվածուհու խորհրդանիշն է: Հին կտակարանում ծիածանը խորհրդանշում է համաշխարհային ջրհեղեղից հետո Աստծո և մարդկության միջև կնքված դաշինքը: 1524-1526 թվականներին Գերմանիայում տեղի ունեցած գյուղացիական պատերազմի ժամանակ ռեֆորմատոր Թոմաս Մյունցերը ծիածանն ընտրում է իբրև հավերժական աստվածային դաշինքի, նոր ժամանակների, հույսի ու փոփոխությունների խորհրդանիշ: 1525-ին ռեֆորմատորները Գերմանիայում պատրաստում են հսկայական երկարությամբ ծիածանագույն դրոշ, որի վրա լատիներենով գրված է լինում «Աստծո խոսքը հավերժ է» (Verbum Domini Manet in Aeternum):

 

1924-ին ֆրանսիացի հայտնի տնտեսագետ Շառլ Ժիդը ծիածանագույն դրոշ է պատրաստում Կոոպերատիվների միջազգային օրվա տոնակատարությունների կապակցությամբ: Նրա կարծիքով՝ ծիածանագույն դրոշը խորհրդանշում է միասնականությունը բազմազանության մեջ և լույսի ու առաջընթացի ուժը: 1925-ին դրոշը դարձավ Կոոպերատիվների միջազգային դաշինքի խորհրդանիշը: Այսպիսով, համարվում է, որ 20-րդ դարի սկզբին ծիածանագույն դրոշն առաջին անգամ որպես խորհրդանիշ է օգտագործվել կրոնական-դավանաբանական ենթատեքստից դուրս: Ի դեպ, հատկանշական է, որ 2001-ին մինչ օրս գործող միջազգային այս դաշինքի խորհրդանիշը դիզայներական փոփոխության է ենթարկվել, քանի որ շփոթմունք ու նույնացում էր առաջանում այլ շարժումների հետ:

 

1970-ականներին ԱՄՆ-ում ի հայտ է գալիս այսպես կոչված «Ծիածանի շարժումը», այլ կերպ՝ «Ծիածանի ցեղերի հավաքը»: Այն խաղաղության, սիրո, հարմոնիայի, ազատության և համագործակցության գաղափարներն իդեալիզացնող մարդկանց միություն է, որն ունի նաև էկումենիկ ուղղվածություն: Շարժման մեջ ընդգրկված մարդիկ ընդդիմանում էին իշխող զանգվածային մշակույթին, սպառողականությանը, կապիտալիզմին ու զանգվածային լրատվության միջոցների հեգեմոնիային: Նրանք համարում էին, որ ժամանակակից կենսակերպն ու կառավարման համակարգերն անառողջ են և համահունչ չեն Երկիր մոլորակի բնական համակարգերին: Ուտոպիական այս իմպուլսի արտահայտումն այն ժամանակ խաչվում էր հիփփիական շարժման հետ: Հատկանշական է, որ շարժման հավաքներին կարող է մասնակցել ցանկացած անձ, որն իրեն համարում է հռչակված գաղափարների կրող, և հավաքին ներկայացած անձինք որոշումներ են կայացնում միաձայն: Շարժումը գործում է մինչ այժմ: 

 

gr8

«Ծիածանի շարժումից» դրոշը ներթափանցում է 70-ականներին առկա հիփփիական, «նյու էյջ» և այլ ենթամշակույթներում:

 

Որպես ԼԳԲՏ շարժման խորհրդանիշ՝ ծիածանագույն դրոշն առաջին անգամ պատրաստվել է նկարիչ Հիլբերտ Բեյքերի կողմից՝ հատուկ 1978-ին Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած գեյ շքերթի համար: Այդ տարի գեյ շքերթն ամենազանգվածայինն էր քաղաքում՝ կապված իր սեռական կողմնորոշումը չթաքցնող քաղաքական գործիչ Հարվի Միլկի՝ նույն ժամանակ ընթացող նախընտրական արշավի հետ: Հիշեցնենք, որ այդ պատմական ընտրությունների արդյունքում Կալիֆոռնիայում առաջին անգամ բացահայտ գեյն ընտրվեց քաղաքական պաշտոնին, սակայն կարճ ժամանակ անց Հարվի Միլկը սպանվեց:

 

Պատմելով ԼԳԲՏ դրոշի ստեղծման մասին՝ նկարիչ Հիլբերտ Բեյքերն ասել է. «Երբ ես սկսեցի մտածել ԼԳԲՏ շարժման համար դրոշի ստեղծման մասին, միջազգային ոչ մի խորհրդանիշ, բացի վարդագույն եռանկյունիից, որով նացիստները համակենտրոնացման ճամբարներում նույնականացնում էին գեյերին, չկար: Թեև վարդագույն եռանկյունին նախկինի պես հզոր խորհրդանիշ էր, այնուամենայնիվ այն մեր վզին փաթաթվել էր նացիստների կողմից»:

 

Նկարիչը պատմել է, որ Սան Ֆրանցիսկոյում անցկացվելիք գեյ շքերթի համար ինքը կամավորների հետ միասին բեհեզից (վուշի թելից կարված նուրբ կտոր) պատրաստել է երկու հսկայական պաստառ, որի վրա ներկել է ծիածանի գույները: Գեյ շքերթը տեղի է ունեցել 1978-ի հունիսի 25-ին, և այդ օրը հետագայում ընդունվել է իբրև Ծիածանագույն դրոշի միջազգային օր: Շքերթի կազմակերպիչները ծրագրել էին երկու հսկայական ծիածանագույն պաստառները կախել Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շենքի մոտ, որտեղ պետք է ավարտվեր հրապարակային միջոցառումը, սակայն քանի որ համապատասխան թույլտվությունը տեղական իշխանություններից ստանալ չէր հաջողվել, գունավոր պաստառները հաջորդ օրը բարձրացվել էին Սան Ֆրանցիսկոյի Civic Center թաղամասի United Nations հրապարակում:

 

milk«Ես, իհարկե, մշտապես կհիշեմ 1978-ի հունիսի 25-ը, երբ Հարվի Միլկը շքերթի ժամանակ ավտոմեքենայի վրա նստած էր հսկայական ծիածանագույն դրոշի ներքո: Դա շատ ուրախալի պահ էր: Այդ պահին բոլորը զգում էին, որ պատրաստվում են փոխել աշխարհը»,- այդ օրվա մասին ասել է Հիլբերդ Բեյքերը:

 

Տարբեր կարծիքներ կան, թե ինչն է ոգեշնչել Բեյքերին ԼԳԲՏ ծիածանագույն դրոշը ստեղծելիս: Ոմանք համարում են, որ Բեյքերը ոգեշնչված է եղել իրենց քաղաքացիական իրավունքների համար պայքարող աֆրոամերիկացիների շարժման այսպես կոչված «ռասաների դրոշի» գաղափարից, որը հռչակել էր Civil Rights Movement-ի առաջնորդներից հոգևորական Ջեսսի Ջեքսոնը. «Մեր դրոշը կարմիր, սպիտակ ու կապույտ է (նկատի է ունեցել ԱՄՆ դրոշը- խմբ.), բայց մեր ազգը ծիածանագույն է՝ կարմիր, դեղին, շագանակագույն, սև ու սպիտակ, ու մենք բոլորս թանկ ենք Աստծո համար»: 

 

Մեկ այլ վարկածի համաձայն՝ Բեյքերը ծիածանագույն դրոշը փոխառել է հիփփիներից, որոնց թաղամասը գտնվում էր Սան Ֆրանցիսկոյի Կաստրո գեյ թաղամասին մոտ և որոնք էլ, իրենց հերթին, ինչպես արդեն վերը նշվեց, դրոշը հավանաբար փոխառել են «Ծիածանագույն շարժումից»:

 

Որոշ հետազոտողներ էլ կարծում են, որ նկարիչին ոգեշնչել է ամերիկյան հայտնի դերասան, երգչուհի Ջուդի Հարլանդի՝ այն ժամանակ տարածված “Over the Rainbow” երգը: Ի դեպ, ԼԳԲՏ անձանց շրջանում սիրված Հարլանդը մահացել էր 1969-ի հունիսի 22-ին՝ 1969-ի հունիսի 28-ին Նյու Յորքի բարերից մեկում տեղի ունեցած սթոունուոլյան պատմական անհնազանդությունից մի քանի օր առաջ: Հիշեցնենք, որ 1969-ի հունիսի 28-ին ԼԳԲՏ անձինք ԱՄՆ-ում առաջին անգամ կազմակերպված դիմադրություն ցույց տվեցին իրենց հալածող իրավապահ մարմիններին, և այդ ու դրան հաջորդած իրադարձությունները շրջադարձային նշանակություն ունեցան ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարում: Վարկած կա նաև, որ ԼԳԲՏ անձինք նյույորքյան բարում իրավապահներին դիմադրություն են ցույց տվել հենց այն պատճառով, որ, ցնցված լինելով Ջուդի Հարլանդի մահվան լուրից, գտնվել են հոգեհուզական լարված վիճակում: 

 

 

Ի դեպ, Հիլբերտ Բեյքերի ծիածանագույն դրոշն ունեցել է ոչ թե վեց, այլ ութ գույն, որոնցից յուրաքանչյուրն իր իմաստն է ունեցել:

 

drosh

Հարվի Միլկի սպանությունից հետո ծիածանագույն դրոշն իբրև ԼԳԲՏ անձանց իրավունքների պայքարի խորհրդանիշ այնքան մեծ արագությամբ է տարածվում և շուկայում դրոշի նկատմամբ այնպիսի պահանջարկ է ձևավորվում, որ Սան Ֆրանցիսկոյում գործող Paramount Flag ընկերությունը շահույթ ստանալու նպատակով վաճառքի է հանում մասոնական երիտասարդական Rainbow Girls (ամբողջական անվանումը՝ The International Order of Rainbow for Girls) կազմակերպության համար նախկինում արտադրված, բայց ամբողջությամբ չսպառված ծիածանագույն դրոշները, որոնք, սակայն, ունեին յոթ գույն. բացակայում էր առաջին՝ վարդագույն գիծը: Հիլբերտ Բեյքերը դիմում է ընկերությանը՝ առաջարկելով դրոշների նոր խմբաքանակ արտադրել, որոնք 1978-ի հունիսի 25-ի գեյ շքերթի երկու դրոշների պես կունենան ութ գույն, սակայն ընկերությունից հայտնում են, որ վարդագույն կտորը շատ դժվար է ճարվում, ինչի պատճառով էլ դրոշների նոր խմբաքանակը նույնպես արտադրվում է յոթ գույնով:

 

1979-ին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք գեյ շքերթից առաջ միջոցառման կազմակերպիչները որոշում են Market Street-ի լուսավորությունն ապահովող սյուները երկու կողմերից զարդարել ուղղահայաց ԼԳԲՏ դրոշներով՝ դրանք կիսելով երկու մասի և մի կեսը փողոցի մի կողմում կախելով, մյուսը՝ դիմացի մայթին: Դրա համար անհրաժեշտ էր, որ դրոշի վրա գծերը լինեին զույգ թվով, որպեսզի դիզայներական այդ մտահղացումը հնարավոր լիներ իրականացնել: Հիլբերտ Բեյքերը Paromount Flag ընկերության փոխնախագահ Քեն Հյուզի հետ պայմանավորվում է, և նրանք որոշում են դրոշից հանել փիրուզագույն գիծը, իսկ ինդիգոն փոխարինել թագավորական կապույտով: Այդպիսով հայտնվում է վեց գույն (կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն) ունեցող ԼԳԲՏ դրոշը, որն էլ կիրառվում է մինչ օրս:

 

1985-ին Գեյերի ու լեսբիների միջազգային ասոցիացիան վեց գույնով դրոշը հաստատում է իբրև կազմակերպության խորհրդանիշ:

 

ԼԳԲՏ շարժման մեկ այլ խորհրդանիշի՝ վարդագույն եռանկյունիի մասին կարող եք կարդալ այստեղ