Կաթոլիկ եկեղեցին կոչ է արել ավելի հանդուրժող լինել նույնասեռականների հանդեպ

Վատիկանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների Սինոդը կոչ էր արել մեծ հարգանքով վերաբերվել նույնասեռականներին և «ոչ ավանդական զույգերին»: Նման կապերն, ըստ հոգևորականների, «դրական կողմեր» ունեն, գրում է Reuters-ը:

 

«Հոմոսեքսուալները տաղանդներ և արժանիքներ ունեն, որոնք նրանք կարող են առաջարկել քրիստոնեական հասարակությանը. պատրա՞ստ ենք մենք արդյոք ընդունել այդ մարդկանց և տեղ երաշխավորել մեր հասարակությունում: Նրանք հաճախ դեպի եկեղեցին են ձգտում՝ ցանկանալով այնտեղ հյուրընկալ տուն տեսնել»,- ասված է փաստաթղթի տեքստում, որը պատրաստվել է Սինոդի մեկշաբաթյա ժողովից հետո, որին մասնակցել է 200 եպիսկոպոս: 

 

Հոգևորականների կարծիքով՝ «եկեղեցին պետք է մարտահրավեր նետի ինքն իրեն և հոմոսեքսուալների համար եղբայրական տարածք առաջարկի»՝ առանց վնաս հասցնելու ընտանիքի և ամուսնություն հարցերում կաթոլիկ եկեղեցու սկզբունքներին: Ընդ որում՝ նշվում է, որ փաստաթուղթը չի ասում, որ Վատիկանը պատրաստ է ընդունել նույնասեռ ամուսնությունները, սակայն այն կոչ է անում դրանց ավելի կարեկցաբար վերաբերվել:

 

Փաստաթուղթը պետք է Սինոդի երկրորդ շաբաթվա քննարկմանը ներկայացվի, այնուհետև մեկ տարվա ընթացքում քննարկվի ողջ աշխարհի կաթոլիկ միություններում:

 

Նշենք, որ Սինոդի արտակարգ գագաթնաժողովն իր աշխատանքներն է սկսել հոկտեմբերի 5-ին, այն նվիրված է ընտանիքի թեմային: