Կաթոլիկ եկեղեցու առաջադեմ հոգևորականները՝ Հռոմի պապի գլխավորությամբ, պարտվեցին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախաձեռնությունը, որն ուղղված էր նույնասեռականների հանդեպ Կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքը փոխող փաստաթղթի ընդունմանը, անհաջողության է մատնվել, գրում է BBC-ն:

 

Փաստաթղթի ընդունման համար անհրաժեշտ էր, որ դրան կողմ արտահայտվեր եպիսկոպոսների մեկ երրորդը, սակայն երկու շաբաթ տևած սինոդի ընթացքում դա տեղի չի ունեցել:

 

Փաստաթղթի առաջին տարբերակը, որը լատիներեն Relatio post disceptationem անունն ուներ և հրապարակվել էր երկուշաբթի օրը, լայն արձագանք էր ստացել:

 

Փաստաթղթում ասվում էր, որ կաթոլիկ եկեղեցին նախկինի պես դատապարտում է նույնասեռականությունը և չի ընդունում նույնասեռ ամուսնությունները, սակայն նույնասեռականները «տաղանդներ ու արժանիքներ ունեն, որոնք կարող են ծառայել քրիստոնեական հանրության բարօրությանը»:

 

Սակայն քվեարկության էր դրվել փաստաթղթի մեկ այլ՝ ավելի քիչ ռադիկալ տարբերակ, որտեղ ասվում էր, որ «նույնասեռական հակումներ ունեցող մարդկանց պետք է ընդունել հարգանքով և նրբանկատորեն»: Սակայն փաստաթղթի անգամ այս տարբերակը չի ստացել եպիսկոպոսների ձայների անհրաժեշտ քանակը:

 

Քվեարկությունից հետո ելույթ ունենալով՝ Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ «մտահոգված ու տխուր» կլիներ, եթե ականատեսը չլիներ այս հարցում «բուռն քննարկումների» կամ եթե «բոլորը հանգեին լուռ ու կեղծ համաձայնության»:

 

Հռոմի պապը կարծիք է հայտնել, որ փաստաթղթի ամբողջական տարբերակը, հավանության չարժանացած հատվածները՝ ներառյալ, պետք է հրապարակվի:

 

Համարվում է, որ եկեղեցական դոկտրինի ազատականացմանն է ցանկանում հասնել անձամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը նախորդ տարի հայտարարել էր. «Ո՞վ եմ ես, որ դատեմ նույնասեռականներին»:

 

Այնուամենայնիվ, պահպանողական եպիսկոպոսներին դեռևս հաջողվում է հաղթել առաջադեմ գաղափարներին կողմ արտահայտվող թվով ավելի քիչ հոգևորականներին և անձամբ Հռոմի պապին: