Կալիֆոռնիայում զոհի սեռական կողմնորոշումը հանցագործության մեղմացուցիչ հանգամանք չի դիտվի

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է նահանգի օրենսդիր մարմնի ընդունած օրենքը, որն արգելում է հղում կատարել «նույնասեռականության հանդեպ խուճապային վախին»՝ իբրև քրեական հանցագործությունների մեղմացուցիչ հանգամանք: 

 

Փաստաթուղթն, այսպիսով, արգելում է ԼԳԲՏ անձանց սպանությունների դիտարկումն իբրև չկանխամտածված սպանություն: 

 

Նշենք, որ ամերիկյան դատական պրակտիկայում հաճախ ԼԳԲՏ անձանց սպանության մեջ մեղադրվողները դատարանում հղում են կատարում «նույնասեռականներից ու տրանսգենդերներից խուճապային պաշտպանությանը»՝ պնդելով, թե գործել են ժամանակավոր մտավոր խանգարման վիճակում, որն ի հայտ է եկել զոհի սեռական ինքնությունը պարզելու հետևանքով: 

 

Ընդունելով վերոնշյալ փաստաթուղթը՝ Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ արգելվում է հղում կատարել վերոնշյալ՝ նախկինում մեղմացուցիչ համարվող հանգամանքներին: 

 

Հատկանշական է, որ նախորդ տարի Փաստաբանների ամերիկյան ասոցիացիան հավանության էր արժանացրել տեղական իշխանություններին պաշտպանության նման գիծն արգելելու կոչով բանաձևը: 

 

Կազմակերպության կարծիքով, «պաշտպանության նման ռազմավարություններով փորձ է արվում արդարացնել հանցագործությունները: Դատարանները պետք է հրահանգեն երդվյալ ատենակալներին անտեսել զոհի սեռական կողմնորոշումը»: