Կառավարությունը քայլեր չի ձեռնարկել ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության հարցերի կարգավորման ուղղությամբ. HRW

Հայաստանի կառավարությունը քայլեր չի ձեռնարկել ԼԳԲՏԻ անձանց դեմ ատելության խոսքի կամ խտրականությանը վերաբերող հարցերի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում: 

«Ակտիվիստները հաղորդում են, որ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) մարդիկ շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգությունների և ֆիզիկական բռնության: Կառավարությունը քայլեր չի ձեռնարկել ԼԳԲՏԻ անձանց դեմ ատելության խոսքի կամ խտրականությանը վերաբերող հարցերի կարգավորման ուղղությամբ: Գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը որպես պաշտպանության հիմքեր ներառված չեն հակախտրականությունը կամ ատելության խոսքը կարգավորող օրենքների մեջ` սահմանափակելով իրավական ճանապարհը ԼԳԲՏԻ անձանց դեմ բազմաթիվ հանցագործությունների դեպքերում:

2015թ.-ի հոկտեմբերի Rainbow ֆորումից հետո, որը կազմակերպվել էր հայկական ԼԳԲՏԻ բարեկամական խմբերի կողմից փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և խթանումը քննարկելու նպատակով, անհայտ անձինք թիրախավորված կերպով ահաբեկել ու սպառնացել էին որոշ մասնակիցների, հիմնականում սոցիալական ցանցերով, այդ թվում` սպառնալով այրել և սպանել նրանց։ Իշխանությունները հրաժարվել են քրեական գործ հարուցել այս սպառնալիքների հիման վրա՝ որպես հիմք բերելով ապացույցների բացակայությունը:

Հունիսին ԼԳԲՏԻ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՓԻՆՔ Արմենիա կազմակերպությունը հրատարակել է մի հետազոտություն, ըստ որի բնակչության 90%-ը թշնամաբար է տրամադրված ԼԳԲՏԻ մարդկանց հանդեպ և կողմ է նրանց իրավունքների սահմանափակմանը: Հուլիսին ՓԻՆՔ Արմենիան հրապարակել է զեկույց, որը ներկայացնում է ԼԳԲՏԻ անձանց դեմ 2015 թվականին իրագործված բռնության և խտրականության 46 դեպքեր։ Կառավարությունը չի ձեռնարկել ողջամիտ քայլեր պայքարելու կարծրատիպերի և ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ առկա խտրականության դեմ»,- ասված է զեկույցում: