Ղրղզստանում պատրաստվում են «գեյ պրոպագանդայի» մասին օրենք ընդունել

Ղրղզստանի խորհրդարանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել «Գեյ պրոպագանդայի մասին» օրենքին, գրում է Gayby.net-ը:

 

Օրենքի հեղինակ Կուրմանբեկ Դիյկանբաևի խոսքով, այժմ այն ուղարկվելու է խորհրդարանի քննությանը:

 

«Այս փաստաթղթի հիմնական նպատակը ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունն արգելելն է: Մենք պետք է պահպանենք ավանդական ընտանիքի ինստիտուտը: Այսօր Արևմուքի ազդեցության տակ մեզ որպես օրինաչափություն փաթաթում են նույնասեռականների միջև ամուսնությունները»,- նշել է նա:

 

Եթե օրենքն ընդունվի, ապա ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության մեջ մեղադրվողները կդատապարտվեն 6 ամսից մինչև 1 տարի ազատազրկման:

 

Պատասխանատվության կենթարկվեն նաև լրագրողները, որոնք ԶԼՄ-ների միջոցով նույնասեռական հարաբերությունների քարոզչությամբ կզբաղվեն: Բացի այդ, օրինագիծն արգելում է գեյերին և լեսբուհիներին իրենց իրավունքերի պաշտպանության համար միություններ կազմել: