Կոնչիտան՝ «Եվրատեսիլ 2015»-ի հաղորդավարներից մեկը

Ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրտը, որը հայտնի է իր բեմական՝ Կոնչիտա Վուրստ անունով և որն այս տարի հաղթել է Կոպենհագենում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթում,  Վիենայում հաջորդ տարվա մայիսին կայանալիք երգի մրցույթի վարողներից մեկն է լինելու: 

 

Ավստրիական ORF հեռուստառադիոընկերությունը Կոնչիտային իբրև հաղորդավար ընտրելու մասին որոշումը հրապարակել է մամուլի ասուլիսի ժամանակ: 



Ընկերության տնօրեն Քեթրին Զեխները հայտարարել է, որ Կոնչիտան երգի մրցույթում հաղթել ե իր անձի, ձայնի ու երգի շնորհիվ: Նա նշել է, որ Վուրստը ամենահզոր քայլն է արել Եվրոպայում ու աշխարհում ինքնորոշման ու հարգանքի համար պայքարի համատեքստում:



Կոնչիտան «Եվրատեսիլ 2015»-ի ընթացքում «Կանաչ սրահում» հարցազրույցներ է վերցնելու մրցույթի մասնակիցներից, ինչպես նաև իր Rise Like a Phoenix երգով իբրև այս տարվա հաղթող ելույթ է ունենալու բեմից: