Կոնչիտան երգել է Եվրախորհրդարանի առջև` ուշադրություն հրավիրելով ԼԳԲՏ համայնքի խնդիրներին

«Եվրատեսիլ 2014»-ի հաղթող երգիչ Կոնչիտա Վյուրստն այսօր երգել է Բրյուսելում` Եվրախորհրդարանի շենքի առջև, գրում է Вести.ru-ն:

 

Չնայած անձրևին՝ Կոնչիտային տեսնելու և լսելու էին եկել մի քանի հարյուր մարդ:

 

Ինքը՝ Կոնչիտան չի թաքցնում, որ դա համերգ չէր, այլ Եվրամիությունում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների խնդրին ուշադրություն հրավիրելու յուրահատուկ ակցիա: Ելույթից առաջ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կոնչիտան ասել է, որ ինքը քաղաքական գործիչ չէ, սակայն զգում է, որ որպես երգիչ հասարակության համար կոչ ունի, որը պետք է հնչեցնի:

 

Վյուրստի խոսքով՝ ինքը հիասթափված է, որ նույնասեռ ամուսնությունները մինչ այժմ շատ երկրներում քննարկման թեմա են մնացել: Նրա կարծիքով՝ այստեղ պետք է որոշումներ ընդունել, ոչ թե քննարկումներ անել, այդ ժամանակ նույնասեռականների համար հավասար իրավունքերն իրականություն կդառնան:

 

Կոնչիտային Բրյուսել է հրավիրել ավստրիական «կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկը, որն Ավստրիայի խորհրդարանի առաջին լեսբուհին է, ով չի թաքցնում իր սեռական կողնորոշումը: Նրա խոսքով՝ Կոնչիտան «լուրջ քաղաքական մեսիջ է փոխանցում՝ խաղաղ և ազատ կյանքի իրավունքի, ընդ որում՝ ոչ միայն նույնասեռականների, այլև բոլորի համար»: