Կոնչիտան ցանկություն է հայտնել հանդիպելու Պուտինին

Ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրտը, որի բեմական անունն է Կոնչիտա Վուրստ և որը «Եվրատեսիլ 2014»-ին հաղթող ճանաչվեց, ավստրիական Kurier-ին տված հարցազրույցում ասել է, որ ցանկություն ունի համերգներ տալու Ռուսաստանում, որը համարում է «անչափ հրաշալի երկիր»: Վուստրը նաև ասել է, որ կցանկանար հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը ԼԳԲՏ անձանց նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք ունի: 

 

Կոնչիտան համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ համամիտ չեն իշխանությունների հետ և կողմ չեն նույնասեռականների հանդեպ խտրականության դրսևորմանը: Նա նշել է, որ կցանկանար Պուտինի կողքին մեկ շաբաթ անցկացնել՝  նրա մտածողությանը ծանոթանալու համար: 

 

«Ցանկանում եմ հասկանալ՝ ի՞նչ ասել է լինել Պուտին, ինչպիսի՞ ճնշումների է նա ենթարկվում: Իհարկե, ոչինչ չի արդարացնում խտրական օրենքների ընդունումը, բայց դա չի նշանակում, որ չպետք է փորձել հասկանալ նրան: Ես նրան խորհուրդ կտայի փոխել հայացքները: Վերջիվեջո նա ցանկանում է, որ իրեն հարգեն, և գեյերն ու լեսբուհիներն էլ են դա ուզում»,- ասել է Կոնչիտան: 



Երգիչն «սարսափելի» է որակել ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակը Ռուսաստանում: 

 

«Այնտեղ այնպիսի սարսափելի բաներ են տեղի ունեցել, որ ես երբեմն ուզում եմ բոլոր գեյերին վերցնել այնտեղից ու տեղափոխել: Բայց դա այնքան էլ լավ չէ, քանի որ նրանք իրենց երկրում ապրելու իրավունք ունեն»,- ասել է Կոնչիտան: 



Հատկանշական է, որ նախօրեին Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ծիծաղով է պատասխանել լրագրողների խնդրանքին՝ գնահատելու Կոնչիտայի ու Պուտինի հանդիպման հավանականությունը: