Կոնչիտա Վյուրսթը, հայկական դրոշն ու Genealogy-ն. Վիենայում մեկնարկել է «Եվրատեսիլ 2015»-ը

Երեկ երեկոյան Վիենայում մեկնարկած՝ «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի բացման արարողության ժամանակ Genealogy-ի թիմի անդամ Եսայի Ալթունյանը Հայաստանի դրոշով ծածկել է «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող Թոմաս Նոյրվիտի (բեմական անունը՝ Կոնչիտա Վյուրսթ) ուսերը, գրում է News.am-ը:  

 

Էլեկտրոնային լրատվական կայքը զետեղել է նաև երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի անդամների և Կոնչիտայի հանդիպման տեսանյութը: 

 

Հատկանշական է, որ Genealogy հայկական խմբում ընդգրկված է նաև Ինգա Արշակյանը, որը նախորդ տարի իր քրոջ՝ Անուշ Արշակյանի հետ միասին «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին մասնակցել է որպես հայաստանյան ժյուրիի անդամ, ապա քույրերը լրատվամիջոցներից մեկով ատելության խոսք էին հնչեցրել մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթի հասցեին, ինչն առաջացրել էր Facebook սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերերի դժգոհությունը: Դժգոհությունն այդ արտահայտվել էր մասնավորապես «Ազատություն» ռադիոկայանի էլեկտրոնային կայքի կողմից կազմակերպվող «Facebook-յան ասուլիսի» էջում, ինչից հետո Արշակյան քույրերը ռադիոկայանի եթերում ներողություն էին խնդրել իրենց հնչեցրած ձևակերպումների կապակցությամբ: Այնուամենայնիվ, Արշակյան քույրերի նկատմամբ հանրային դժգոհությունը չգիտես ինչու զայրացրել էր  ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին, որը բացահայտ խտրական և ատելության խոսք էր տարածել հրապարակման միջոցով՝ ուղղված Facebook-ի օգտատերերին: Այդ հրապարակումն էլ իր հերթին դատական մի քանի գործընթացների առիթ էր դարձել, մասնավորապես՝  «16-ն՝ ընդդեմ «Իրավունք» թերթի», «3-ն՝ ընդդեմ «Իրավունք» թերթի», «Նոր սերունդ  հ/կ-ն՝ ընդդեմ «Իրավունք» թերթի»: 

 

Դատական գործընթացների մանրամասներին ընթերցողը կարող է ծանոթանալ LGBTnews.am-ի և հայաստանյան էլեկտրոնային այլ լրատվական կայքերի նախորդ հրապարակումներում: