Համայնքը՝ համայնքի համար. Big big baazar!

2016-ը ԼԳԲՏԻ համայնքի համար, ի թիվս այլ իրադարձությունների, նշանավորվեց մի նոր նախաձեռնությամբ` “Big big baazar”-ով: «Համայնքը՝ համայնքի համար» նախաձեռնության կազմակերպած “Big big baazar”-ի շրջանակներում հավաքված գումարը կտրամադրվի ԼԳԲՏԻ անձանց, որոնք իրենց սեռական կողմնորոշման պատճառով խնդիրներ ունենալով՝ ապաստարանի կարիք ունեն:

LGBTnews-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակներից Հեղինե Բաբայանը մանրամասներ ներկայացրեց միջոցառման մասին:

Հեղինեն նշում է, որ Pink Armenia-ում աշխատելու ընթացքում իրեն հաճախ են հայտնի դարձել դեպքեր, երբ ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչները սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության պատճառով խնդիրներ են ունեցել ընտանիքի անդամների հետ և դարձել անօթևան:

«Դեպքեր կան, երբ ընտանիքի անդամները, տեղեկանալով մարդու սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության մասին, տնից դուրս են հրավիրում: Կամ ընտանիքում միջավայրն այնքան անառողջ է լինում, որ մարդն ինքը որոշում է տնից հեռանալ, և նույնիսկ այն դեպքերում, երբ ստիպված է լինում գիշերել դրսում: Քիչ չեն դեպքերը, երբ իրոք գիշերում են դրսում»,- ասում է Հեղինեն:

Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց համար նախատեսված կացարաններ չկան: Հեղինեն նշում է, որ կացարաններ բացելու համար անհրաժեշտ գումարը մեծ է, պոտենցիալ ֆինանսավորողներն այդքան գումար չեն կարող տրամադրել:

«Ընդամենը մի անգամ «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունն է փորձ արել  4 ամսով կացարաններ տրամադրել այդ անձանց: Ուստի անհրաժեշտ էր գտնել որևէ լուծում՝ ԼԳԲՏԻ անօթևան անձանց բնակության խնդիրներն ինչ-որ չափով լուծելու համար»,- ասաց Հեղինեն՝ պատմելով, որ հարցը մտահոգել է ոչ միայն իրեն, այլ մի խումբ այլ անձանց նույնպես, որոնց հետ պարբերական քննարկումների արդյունքում առաջացել է Եվրոպայում տարածված Big big bazaar-ի տրամաբանությամբ որևէ միջոցառում կազմակերպելու գաղափարը:

Միջոցառման տրամաբանությունը հետևյալն է. մարդկանցից հավաքվում են իրեր, որոնք իրենց անհրաժեշտ չեն, բայց և անպիտան չեն, ապա դրանք շուկայականից ցածր գնով վաճառվում են այլ անձանց, իսկ ստացված հասույթը հատկացվում է անօթևաններին:

Միջոցառումը, որի շրջանակներում հավաքվել է մոտ 250,000 դրամ գումար, տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին: Հեղինեի խոսքով՝ գաղափարն իրականացնելիս մտավախություն են ունեցել, որ այն արդյունավետ չի լինի, բայց, բարեբախտաբար, միջոցառումը հաջող է անցել:

«Հայաստանում  second hand-ի գաղափարը  տարածված չէ, և մենք մտավախություն ունեինք,  որ այն արդյունավետ չի լինի: Միջոցառումը պետք է ամռանը լիներ, բայց շարունակ հետաձգվեց՝ մինչև դեկտեմբեր: Արդյունքներից գոհ եմ: Մինչև միջոցառումն ասում էի, որ եթե 100 հազար դրամ հավաքենք՝ ես ուրախ կքնեմ այդ օրը, բայց, փաստորեն, ավելի մեծ  գումար հավաքվեց,  ընդ որում՝ հավաքված ապրանքի 70 %-ն է վաճառվել, մնացած 30 %-ը մարդիկ դեռ գնում են»,- նշում է Հեղինեն:

“Big big baazar”-ի վերաբերյալ տեղեկացնող միջոցառման էջը Facebook սոցիալական ցանցում փակ է եղել. կազմակերպիչները մտավախություն են ունեցել, որ հոմոֆոբիայի ալիք կբարձրանա: 

«Հավաքված իրերը վաճառվել են այն անձանց, որոնց հրավիրված էին դեկտեմբերի 22-ին «Հոդված 3» ակումբում կազմակերված միջոցառմանը, որը նույնպես փակ էր»,- ասաց Հեղինեն:

Վերջինիս խոսքով` նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու և ծառայելու են բացառապես նույն նպատակին:

«Մենք  դեռ իրեր ունենք, որոնք չենք սպառել, փորձում ենք դրանք իրացնել, հետագայում կրկին նմանտիպ մի բան կազմակերպելու ծրագրեր կան, գուցե մի քիչ այլ ֆորմատով: Այս պահին  հավաքված գումարը դեռևս չի ծախսվել. բարեբախտաբար նմանատիպ դեպքեր դեռևս չեն գրանցվել»,- ասաց Հեղինեն: