Հայաստանի մի խումբ հ/կ ներկայացուցիչներ ծանոթացել են Վրաստանի ԼԳԲՏԻ ոլորտին

Հոկտեմբերի 25-28-ը հայաստանյան մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ «Համերաշխության ցանց՝ ԼԳԲՏԻ անձանց համար Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում ճանաչողական այց են կատարել Թբիլիսի:

Հարավային Կովկասում Հենրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Համերաշխության ցանց՝ ԼԳԲՏԻ անձանց համար Հայաստանում և Վրաստանում» եռամյա ծրագիրը՝ Հայաստանում՝ «Հասարակություն առանց բռնության» և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և Վրաստանում՝ «Կանանց նախաձեռնությունների աջակցման կենտրոն» (WISG) և «Կրթության և մոնիտորինգի կենտրոն» (EMC) հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Ծրագրի նպատակն է հաղթահարել հոմոֆոբիան/տրանսֆոբիան՝ հանրային իրազեկության հետևողական բարձրացման, լրատվամիջոցներում դրական տեսանելիության, քաղաքացիական հասարակության մոբիլիզացիայի ու մարդու իրավունքների շարժման և օրակարգի խթանման միջոցով:

Վրաստանում ծրագրի կոորդինատոր Անա Նեմսիցվերիձեն LGBTnews-ի հետ զրույցում նշեց, որ այցելության խնդիրն էր միմյանց շուրջ հավաքել քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների, որոնց մի մասն արդեն իսկ աշխատում է Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, իսկ մյուս մասը նոր է սկսում աշխատել: Հանդիպման նպատակն էր մասնակիցների տեղեկացվածության բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան ավելի արդյունավետ աշխատել նշված ոլորտում, երբ վերադառնան Հայաստան՝ իրենց աշխատավայրեր:

Առաջին օրը մասնակիցները «Կանանց նախաձեռնությունների աջակցման կենտրոնի» (WISG) գրասենյակում հանդիպեցին WISG-ի և «Կրթության և մոնիտորինգի կենտրոն» (EMC)-ի ներկայացուցիչների հետ: Վրաստանի գործընկերները պատմեցին ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց աշխատանքի ու փորձի մասին: Ներկայացրին այն խնդիրները, որոնց բախվում են աշխատանքի ընթացքում, ԼԳԲՏԻ անձանց իրավական կարգավիճակը, ԼԳԲՏԻ համայնքի հետ աշխատանքի իրենց փորձը, ինչպես նաև թե ինչպես են աշխատում և փորձում համագործակցել ոստիկանության և քաղաքական գործիչների հետ: Այնուհետև Հայաստանի և Վրաստանի հ/կ ներկայացուցիչները քննարկում ունեցան Հայաստանում և Վրաստանում վերջին 10-15 տարիների ընթացքում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վիճակի, գրանցված առաջընթացի մասին:

Օրվա վերջում Հարավային Կովկասում Հենրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակում ցուցադրվեց PINK Armenia-ի՝ 2016-ին նկարահանված «Լսի՛ր ինձ» վավերագրական ֆիլմը:

Երկրորդ օրը մասնակիցներն այցելեցին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Նադյա Կածիտաձեն, ինչպես նաև գրասենյակի տարբեր բաժինների ղեկավարները հայաստանյան գործընկերներին ներկայացրին Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքի մեթոդներն ու փորձը, վերջին տարիներին արձանագրված խտրականության տարբեր դրսևորումների կապակցությամբ իրենց հաջողակ միջամտության դեպքերը:

Երրորդ օրը մասնակիցները եղան «ԼԳԲՏ Վրաստան» հ/կ-ի գրասենյակում, որտեղ կազմակերպության նախագահը պատմեց երկրում ԼԳԲՏԻ համայնքի խնդիրների ու դրանց շուրջ տարվող իրենց աշխատանքների մասին: Լևան Բերիանիձեն խոսեց նաև իրենց կողմից կազմակերպվող քուիր հավաքույթների մասին, ու թե ինչպես են դրանք օգնում համայնքի համախմբման գործում: Նույն օրը մասնակիցները հանդիպեցին նաև LGBTQI Association Temida-ի ներկայացուցիչների հետ, ովքեր հիմնականում խոսեցին MSM-ների հետ իրենց աշխատանքի, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման շուրջ կատարվող աշխատանքների մասին:

Ամփոփելով այցը՝ ծրագրի Հայաստանի կոորդինատոր Օլյա Ազատյանը LGBTnews-ի հետ զրույցում նշեց, որ վրացական փորձին ծանոթանալուց զատ շատ կարևոր է ցանցի ստեղծումը:

«Ինձ համար ավելի կարևոր է այն, որ մարդիկ ճանաչեցին, թե ովքեր են Վրաստանում հիմնականում այդ հարցերով զբաղվում, ու հիմա շատ ավելի հեշտ կլինի հաղորդակցությունը: Մասնակիցներն այս ծրագրի շրջանակներում դեռ պետք է աշխատեն, և դեռ նոր պետք է երևա կոնկրետ արդյունքը. երբ մասնակիցները ծրագրեր ներկայացնեն, վրացական փորձն արդեն ինչ-որ չափ կօգնի»:

Օլյա Ազատյանը նշեց, որ Հենրիխ Բյոլ հիմնադրամի այս ծրագրի շրջանակներում արդեն կատարվել է 2 հետազոտություն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավիճակի մասին, իրավիճակի հետազոտության հիման վրա կազմվել է ռազմավարություն, որի հիման վրա իրականացվել են մի քանի ծրագրեր, իսկ վերջին փուլում նախատեսվում են փոքր ծրագրեր, որոնք պետք է ուղիղ կապ ունենան ռազմավարության մեջ նշված խնդիրների հետ: