Հայաստանն 94-րդն է “Gay Travel Index 2018″֊ում

“Spartacus World” նախագիծը կրկին դասակարգել է պետություններն՝ ըստ ԼԳԲՏԻ մարդկանց այցելության նպաստավորության (Gay Travel Index 2018), և Հայաստանը 197 երկրների ցանկում զբաղեցրել է 94֊րդ հորիզոնականը։ 

Պետությունները գնահատվել են 14 չափանիշով, Հայաստանը ստացել է -2 միավոր՝ հայտնվելով Կաբո Վերդեի, Գաբոնի, Վրաստանի, Հոնդուրասի, Ղրղզստանի, Պերուի, Ֆիլիպինների, Ուկրաինայի և Վենեսուելայի հետ նույն խմբում։ 

Հայաստանի հարևաններ Ադրբեջանը և Թուրքիան ստացել են -4 միավոր՝ հայտնվելով պետությունների նույն խմբում․ Ադրբեջանը զբաղեցնում է 111-րդ տեղը, Թուրքիան՝ 120-րդ։ Իրանը -14 միավորով 194֊րդ տեղում է՝ Սաուդյան Արաբիայի հարևանությամբ։ 

ԼԳԲՏԻ ճամփորդության համար ամենաանբարենպաստ երկիր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Չեչնիան՝ ստանալով -16 միավոր։ Ռուսաստանն, ի դեպ, -8 միավորով զբաղեցնում է 170-րդ հորիզոնականը՝ Էրիթրեայի, Գամբիայի, Իրաքի և մի շարք այլ պետությունների հետ նույն խմբում։ 

Պետությունների ցանկը գլխավորել են Կանադան և Շվեդիան՝ ստանալով ամենաբարձր 10֊ական միավոր և այդպիսով ճանաչվելով ԼԳԲՏԻ մարդկանց ճամփորդության համար ամենաբարենպաստ երկրները։ 
 
Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան հայտնվել են պետությունների նույն խմբում՝ ստանալով 9 միավոր և հաջորդելով առաջատար երկու երկրներին։