Հայաստանում առկա է խտրականություն նաև արյան դոնորության հարցում

Թեև Հայաստանի սահմանադրությունում և օրենսգրքերում հոմոֆոբ արտահայտություններ ու ձևակերպումներ համարյա չեն հանդիպում, այնուամենայնիվ պետական գերատեսչությունների որոշ փաստաթղթերում դեռևս հանդիպում են ինչպես ժամանակավրեպ ձևակերպումներ, այդպես էլ՝ մոտեցումներ: 

Նման փաստաթղթերից է 2013-ին արձակված՝ Առողջապահության նախարարի N 06-Ն հրամանը, որը վերաբերում է արյան դոնորությանը:

Հրամանի երկրորդ հավելվածը վերնագրված է «Դոնորության համար հակացուցումները»: Դոնորությունը բացառող բացարձակ հակացուցումների ցանկի 15-րդ կետում գրված է, որ բացի դոնացիան բացառող մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև որոշակի ռիսկային խմբերին պատկանող անձինք, այդ թվում՝ «արվամոլները»:  

Այս առնչությամբ LGBTnews-ի թղթակիցը հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե ի՞նչ պատճառով են նույնասեռականները դիտարկվել իբրև ռիսկային խումբ, ինչո՞ւ է հրամանում օգտագործված «արվամոլ» ձևակերպումը և ինչպե՞ս են բուժհաստատությունները պարզում արյան պոտենցիալ դոնորների սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը: 

Ի պատասխան հարցմանը՝ մեզ ուղարկվել է Առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, «Պրոֆեսոր Ռ. Ցոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի գրությունը: 

«Նույնասեռական հանդիսանալն արյան դոնոր հանդիսանալու խոչընդոտ չէ, սակայն նույնասեռական անձինք պատկանում են ռիսկային խմբին, ինչը պայմանավորված է աշխարհում նույնասեռականների շրջանում ՄԻԱՎ-ի վարակակրության բարձր տարածվածությամբ: 

ԵՄ Եվրոպական դատարանը (European Court of Justice) և մի շարք երկրներ արգելում են արյունատվություն իրականացնել տղամարդկանցից, որոնք սեռական հարաբերություն են ունեցել այլ տղամարդկանց հետ: Սակայն ներկայումս շատ երկրներում, օրինակ՝ Իտալիա, Մեծ Բրիտանիա, Արգենտինա, Ավստրալիա և Նոր Զելանդիա, այս մոտեցումը վերանայվել է, այն փոփոխվել է և ներդրվել է անհատական ռիսկի գնահատման մեթոդը, որի համաձայն՝ թույլատրվում է արյունատվություն իրականացնել այլ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանցից միայն վերջին սեռական հարաբերությունն ունենալուց 1 տարի անց, այսինքն՝ սահմանվում է 12-ամսյա ժամանակավոր բացառում, 12-ամսյա «պատուհանի» շրջան: Առանձին կանանց վերաբերյալ նշումներ չկան: FDA-ն, որը երկար տարիներ արգելում էր արյունատվություն իրականացնել հոմոսեքսուալներից և տրանսգենդերներից, 2015-ից սկսած՝ ևս փոխել է իր մոտեցումը՝ հետևելով վերևը նշված երկրների օրինակին և ներդրել է անհատական ռիսկի գնահատման մեթոդը՝ 12-ամսյա ժամանակավոր բացառման սկզբունքը: 

Հայաստանում նույնասեռականներից արյունատվություն իրականացնելու վերաբերյալ գործում է ՀՀ ԱՆ 07.02.2013թ. թիվ 06-Ն հրամանով հաստատված կարգի 15-րդ կետը, որտեղ սահմանված են արյունատվության բացառման համար ռիսկային խմբերին պատկանող անձինք, այդ թվում նույնասեռականները (արվամոլները): 

Հետևելով արյան ծառայության միջազգային չափորոշիչներին՝ ներկայումս հայաստանյան արյան ծառայությունը ևս քննարկում է նույնասեռականներից արյունատվություն կատարելու խնդրի վերաբերյալ հնարավոր փոփոխություներ կատարելու հարցը՝ նպատակ ունենալով ապագայում շեշտադրում կատարել ոչ թե ինքնին նույնասեռական լինելու փաստին, այլ տվյալ անձի վարքագծին»,- ասված է LGBTnews-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարության ուղարկած նամակում: 

Հատկանշական է, որ Եվրամիության դատարանը, հակառակ նախարարության պատասխանում առկա պնդմանը, ոչ թե «արգելում է արյունատվություն իրականացնել տղամարդկանցից, որոնք սեռական հարաբերություն են ունեցել այլ տղամարդկանց հետ», այլ բացարձակ ուրիշ բովանդակությամբ որոշում է կայացրել, որի մասին ընթերցողը կարող է կարդալ այստեղ: Անճշտություններ կան նաև նախարարության պատասխանում թվարկված պետությունների մասով. այսպես՝ Իտալիայում 12-ամսյա «պատուհանի» շրջանի մասին դրույթ չկա, օրենսդրությունում առկա չէ խտրականություն սեռական պրակտիայի, կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով, արյան դոնորության ցուցումներն ու հակացուցումները բացառապես բժշկական են: Խտրականություն չկա նաև Պորտուգալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Ռուսաստանի, Մեքսիկայի և մի շարք այլ պետությունների օրենսդրություններում: 

Ի դեպ՝ ՀՀ Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» տվյալներով՝ Հայաստանում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի ընդամենը 2,8%-ն է փոխանցվում հոմոսեքսուալ ճանապարհով: 

Նկատենք, որ նախարարության պատասխանում Հայաստանում «Նույնասեռական հանդիսանալն արյան դոնոր հանդիսանալու խոչընդոտ չէ» պնդումը հերքվում է հենց նույն պատասխանի վերջին պարբերությամբ, որտեղ ասվում է, թե ապագայում հնարավոր են փոփոխություններ՝ «նպատակ ունենալով շեշտադրում կատարել ոչ թե ինքնին նույնասեռական լինելու փաստին, այլ տվյալ անձի վարքագծին»: 

Հարցը, թե ինչպես են բուժաշխատողները պարզում արյան պոտենցիալ դոնորների սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը, կամ նույն կենսաբանական սեռի ներկայացուցչի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը հոմոֆոբ հասարակությունում, որտեղ մարդիկ հիմնականում խնամքով թաքցնում են այդ հանգամանքները՝ մնում է չպարզաբանված: Հայտնի չէ նաև, թե Հայաստանի Առողջապահության նախարարությունը ե՞րբ փոփոխություններ կկատարի՝ «արյան ծառայության միջազգային չափորոշիչներին» համապատասխան և խորհրդակցո՞ւմ է արդյոք հայաստանյան արյան ծառայությունը հասարակական կազմակերպությունների հետ՝ «նույնասեռականներից արյունատվություն կատարելու խնդրի վերաբերյալ հնարավոր փոփոխություներ կատարելու հարցը ներկայումս քննարկելիս»: