Հայաստանում միայն ԼԳԲՏ անձանց իրավունքները չէ, որ ոտնահարվում են. Խաչատուր Քոքոբելյան

«Նունասեռական անձանց նկատմամբ պետք է հանդուրժողականություն լինի, պետք չէ մտնել այլ անձանց կյանք: Ես, որպես ազատական քաղաքական գործիչ, այդ կարծիքին եմ»,- LGBTnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ առկա վերաբերմունքին, ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանը:

 

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ գոյություն ունեն աշխարհի կողմից ընդունված ստանդարտներ, որոնցից դուրս ցանկացած քայլ կարող է վնասել տվյալ պետության հեղինակությունը:

 

«Կան ստանդարտներ, կա հանդուրժողականության մթնոլորտ, կան համաշխարհային քաղաքակրթության չափանիշներ, որոնցից դուրս ցանկացած հայտարություն ու գործունեություն հարիր չէ Հայաստանի Հանրապետությանը կամ առհասարակ այն անձանց, որոնք անում են այդ հայտարարությունները»,- ասաց պատգամավորը:

 

Որպես այդպիսի օրինակ կարելի է բերել ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք» թերթում հրապարակված «Նրանք սպասարկում են համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերտառությամբ հոդվածը, որին օրեր առաջ անդրադարձել են ԵԽԽՎ մի խումբ պատվիրակներ:

 

Քոքոբելյանը մեզ հետ զրույցում չցանկացավ խոսել ու գնահատականներ տալ «Իրաբունք»-ում հրապարակված հոդվածին՝ նշելով, որ հրապարակման մանրամասներին չի տիրապետում:

 

«Միայն կարող եմ ասել, որ Հայաստանում խոսքի ազատության հետ կապված չկա հանդուրժողական մթնոլորտ, որը, սակայն, իր հերթին չի նշանակում, որ անձն իրավունք ունի ասելու և վիրավորելու մեկ այլ անձի: Մի բան ակնհայտ է, որ Հայաստանում խոսքի ուժը չի արժեվորվում: Ցանկացած անզգույշ խոսք կարող է վնասել որևէ անձնավորության կամ երկրի հեղինակությանը»,- ասաց պատգամավորը:

 

Քոքոբելյանը կարծիք հայտնեց նաև, որ պետք չէ խոսել ԼԲԳՏ անձանց իրավունքների մասին և առանձնացնել նրանց, քանի որ Հայաստանում միայն նրանց իրավունքները չէ, որ ոտնահարվում են:

 

«Հայաստանում չկա գրեթե մի ոլորտ, որտեղ չխախտվեն մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, և ես չեմ կարծում, որ բոլոր մարդկանց մեջ պետք է առանձնացնել ու մատնանշել հատկապես նույնասեռականների իրավունքների խախտումները»,- ասաց պատգամավորը: