Հայաստանում պետական մակարդակով տարվում է հոմոֆոբ ու տրանսֆոբ քաղաքականություն․ Մել Դալուզյան

LGBTnews֊ը Հայաստանում տրանսգենդեր մարդկանց իրավունքների վիճակի մասին զրուցել է Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանի հետ, ով արդեն մի տարի է՝ բնակվում է Ամստերդամում։ Հիշեցնենք, որ Նիդեռլանդների կառավարությունը քաղաքական ապաստան է տրամադրել հանրահայտ սպորտսմենին։

֊ Մե՛լ, ինչպե՞ս կբնութագրես Հայաստանում առհասարակ ԼԳԲՏԻ մարդկանց ու մասնավորապես տրանսգենդերների իրավունքների վիճակը։

֊ Եթե մի բառով ասելու լինեմ՝ կատաստրոֆիկ։ Հայաստանում պետական մակարդակով առկա է ծավալուն չափերի հասնող հոմոֆոբիա և տրանսֆոբիա։ Սա նշանակում է, որ ամենաբարձր մակարդակով վարվում է ատելության քարոզչության քաղաքականություն, ինչն, ի դեպ, իրենց զեկույցներում, հայտարարություններում փաստում են մի շարք միջազգային և տեղական հեղինակավոր իրավապաշտպան ու քաղաքական կազմակերպություններ։ Եվ սա օրինաչափ է․ նույն այդ միջազգային կազմակերպությունների գնահատականներով՝ Հայաստանում այսօր ավտորիտար ռեժիմ է, այսինքն՝ իշխանությունը զավթված է ժողովրդից։

Ու պարզ է, որ զավթիչները հասարակության շրջանում պետք է ատելություն ու թշնամանք տարածեն, որ կարողանան բաժանել ու տիրել։ Ինչպես բոլոր քաղաքացիները՝ այդպես էլ ԼԳԲՏԻ մարդիկ պատանդի կարգավիճակում են։ Կեղծ գաղափարական ուսմունքների վրա հենվելով՝ կոռումպացված ռեժիմն ուղիղ և անուղղակի միջոցներով առանձնահատուկ թիրախավորում է ԼԳԲՏԻ մարդկանց, ինչի հետևանքով էլ վերջիններս առավել խոցելի խումբն են Հայաստանում։

֊ Որո՞նք են տրանսգենդեր մարդկանց հիմնական պրոբլեմները։

֊ Չկա մի ոլորտ, որտեղ տրանսգենդերները խնդիրներ չունեն։ Մարդկային հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են ամբողջ ծավալով։ Թեև Սահմանադրությամբ հռչակված է բոլորի հավասարությունն ու խտրականության բացառման սկզբունքը, սակայն բոլորին էլ հայտնի է, որ սա չի գործում։ Չկան անգամ ձևական օրենքներ, որոնք գոնե իրավական ճանապարհով պայքարելու փորձեր անելու հնարավորություն կտային։

Չկա հակախտրական օրենք, չկա տրանսգենդեր մարդկանց սեռափոխության գործընթացը կարգավորող որևէ մեխանիզմ, չկա միություններ կամ ամուսնություններ կնքելու հնարավորություն, ոչի՛նչ չկա։ Կա իրավական մեծ բաց, օրենսդրական մի սև խոռոչ, ու որպես հետևանք՝ օդում կախված բազմաթիվ պրոբլեմներ, որոնք չունեն լուծում։ Դրան զուգահեռ, արդեն ասացի, ունենք հետևողական և միտումնավոր հոմոֆոբ ու տրանսֆոբ քաղաքականություն։ Կարճ ասած՝ մի կողմից չկան օրենքներ, մյուս կողմից կա քաղաքական հետապնդում։

֊ Եվ երրորդ կողմից՝ հասարակական հոմոֆոբիա ու տրանսֆոբիա․․․

֊ Այո՛, մեր հասարակության անդամների մեծ մասը բացասաբար է վերաբերվում ԼԳԲՏԻ մարդկանց, բայց դա ինչի՞ հետևանք է։ Հետևանքն է այն բանի, որ հակաժողովրդավարական ռեժիմը ոչ միայն ոչինչ չի անում՝ ապահովելու համար Սահմանադրությամբ հռչակված արժեքները, այլ ուղիղ դրա հակառակն է անում։ Այն, որ գործատուն տրանսգենդերին աշխատանքից ազատում է՝ քաղաքակա՛ն ու իրավակա՛ն հարց է, հո կենցաղային կոնֆլիկտ չէ՞։ Այն, որ տրանսգենդեր ուսանողին բուհում խտրականացնում են՝ նույնպես քաղաքակա՛ն ու իրավակա՛ն հարց է։ Երբ ԼԳԲՏԻ մարդկանց հանդեպ բռնություն է գործադրվում, խախտվում են նրանց իրավունքներն ու իրավապահ կոչվողները մատը մատին չեն տալիս՝ դրա պատասխանատուն հո հարևան Մարուսը չէ՞։ Դրա պատասխանատուն, այս խայտառակ իրավիճակի պատասխանատուն իշխանության ղեկին կանգնածներն են։

Եվ, ի դեպ, Միացյալ Նահանգները, եվրոպական պետությունները, քաղաքական ապաստան տրամադրելով հայաստանցի ԼԳԲՏԻ մարդկանց, ևս մեկ անգամ պաշտոնապես հաստատում են, որ Հայաստանում տարվում է հետևողական հոմոֆոբ, տրանսֆոբ քաղաքականություն և որ ԼԳԲՏԻ մարդիկ Հայաստանում հալածվում են իշխանությա՛ն կողմից։ 

֊ Ի՞նչ անել այս իրավիճակում՝ պաշտպանելու համար մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը։

֊ Խոշոր հաշվով պետք է իշխանությունը ժողովրդին վերադարձնել։ Արագ ու միանգամից, ցավոք, չի ստացվում։ Այս պահին մնում է էվոլյուցիոն ճանապարհը։ Եվ ուրեմն՝ պարտադրել, ճնշում գործադրել կառավարության վրա, նաև համագործակցելով միջազգային ու տեղական ազդեցիկ կառույցների հետ, ստիպել, որ նախ վերացնեն իրավական մեծ բացը, ընդունեն սահմանադրությունից ու միջազգային ստանձնած պարտավորություններից բխող օրենքներ, հետևողականորեն ճնշել, որ դադարեցնեն ատելության քարոզչության քաղաքականությունը, միաժամանակ աշխատել հանրության լայն շերտերի հետ։

Շատ կարևոր է տարբերել վարչախմբի հետ անարդյունավետ զավզակությունը վարչախմբի վրա ճնշում գործադրելու միջոցով փոփոխություններ արձանագրելուց։ Իսկ ճնշում գործադրելու համար պետք է լինել ուժեղ ու ազդեցիկ։ Ուրեմն՝ կարևոր է նաև համայնքի ինքնակազմակերպումն ու ամրացումը։

֊ Ի՞նչ ուղերձ ունեք ԼԳԲՏԻ մարդկանց ու մասնավորապես տրանսգենդերներին։

֊ Թեև ես այժմ Հայաստանում չեմ, բայց ես ձեր կողքին եմ։ Չվհատվե՛ք ու չկոտրվե՛ք։