Հայաստանում տեղի է ունեցել առաջին ԼԳԲՏ ֆորումը

Հոկտեմբերի 17-18-ը Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը: Ֆորումի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար: Մասնակիցներից շատերը հայտնեցին, որ ֆորումը Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց, հատկապես դուր էր եկել այն փաստը, որ շարժմանը նոր դեմքեր են միացել ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ազնվանալ (քամինգ աութ անել): Միջոցառմանը ներկա են եղել մոտ 40 մասնակից, թե´ ԼԳԲՏ համայնքից, թե´ ԼԳԲՏ մարդկանց համախոհներից»։

Ֆորումի մասնակիցներից Հրայր Մանուկյանը կարևորում է Հայաստանում ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրներին ուղղված ֆորումի իրականացումը։

«Մեր երկրում շատ կարծրատիպեր կան ԼԳԲՏ անձանց վերաբերյալ։ Հասարակության վերաբերմունքն ու ատելության մթնոլորտն իրենց հետևանքն են թողնում ԼԳԲՏ անձանց վրա։ Նման միջոցառումների իրականացումը թույլ է տալիս մարդկանց հենց համայնքի ներսում քննարկել առկա խնդիրները, և որ ամենակարևորն է, լուծումներ գտնել դրանք հաղթագարելու համար»,– նշում է Հրայրը։

Ֆորումին մասնակցած մեկ այլ մասնակից` Արա Հարությունյանը նշում է, որ ֆորումի անցկացումը կարևոր քայլ էր կոնսոլիդացվելու ու ատելության դեմ միասին պայքարելու համար։

«Կարծում եմ` Հայաստանում ԼԳԲՏ համայնքի համար ամենամեծ խնդիրը ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակության խիստ բացասական վերաբերմունքն է։ Հենց այդ վերաբերմունքի ու ստվերում մնալու պատճառով էլ հաճախ ԼԳԲՏ անձանց խնդիրները չեն բարձրաձայնվում, ինչն էլ հանգեցնում է խտրականության դրսևորումների»,– ասում է նա։

«Փինկ Արմենիայի» նախագահ Մամիկոն Հովսեփյանի խոսքով` ֆորումը շարունակական է լինելու։