Հայաստանում փորձ է արվում վերջնականապես «թաղել» նույնասեռ ամուսնությունների հարցը

Ինչպես արդեն գրել էինք, Վենետիկի հանձնաժողովը Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ նախնական գնահատականում անդրադարձել էր նախագծի 34-րդ և 15-րդ հոդվածներին՝ նշելով, որ դրանք «չպետք է մեկնաբանվեն իբրև նույնասեռ միությունների իրավական ճանաչման արգելք»:

 

Բացահայտելու համար, թե ինչու է Վենետիկի հանձնաժողովը այդ շեշտադրմամբ հատուկ անդրադարձել վերոնշյալ երկու կետին և թե ինչ թակարդ են լարել սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած իշխանությունները, համեմատենք սահմանադրական փոփոխությունների նախագծի այդ երկու կետերը գործող Սահմանադրության համապատասխան կետի տեքստի հետ: 

 

Եվ այսպես, ներկայացնում ենք գործող Սահմանադրության 35-րդ հոդվածը և դրան համապատասխան՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի 15-րդ և 34-րդ հոդվածներն՝ ընդգծելով էական հատվածները: 

 

Գործող Սահմանադրություն

 

Հոդված 35. Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Ընտանիքը, մայրությունը և մանկությունը գտնվում են հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

 

Ամուսնական տարիքի կանայք և տղամարդիկ ունեն ամուսնանալու և ընտանիք ստեղծելու իրավունք։ 

 

Փոփոխությունների նախագիծ

 

Հոդված 15. Ընտանիքի պաշտպանությունը

 

Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և բազմացման հիմք, գտնվում է պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո:

 

Հոդված 34. Ամուսնանալու ազատությունը

 

1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն: 

 

Ինչպես հավանաբար նկատեցիք, գործող Սահմանադրության և դրանում փոփոխություններ կատարելու նախագծի տեքստի այս հատվածների միջև առկա է էական տարբերություն: Իշխանությունները փոփոխությունների նախագծով ցանկանում են ամրագրել, որ տղամարդն ու կինը միայն միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն, այնինչ գործող Սահմանադրության տեքստի ձևակերպումն այնպիսին է (կանայք և տղամարդիկ՝ հոգնակիով, առանց «միմյանց հետ»-ի), որ հաստատապես թույլատրում է նույնասեռ ամուսնությունները, քանի որ չի հստակեցնում, թե կանայք և տղամարդիկ կոնկրետ ո՛ւմ (ո՛ր սեռի) ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Այսպիսով, Սահմանադրական փոփոխությունների այս նախագծով խնդիր է դրվել վերջնականապես փակել Հայաստանում նույնասեռ ամուսնությունների հնարավորության հարցը: 

 

Էլ ավելի ամրապնդելու համար այդ հարցի «թաղումը», սահմանադրական փոփոխությունների նախագծի տեքստում ավելացվել է մի ձևակերպում, ըստ որի «ընտանիք»-ը բնակչության պահպանման և բազմացման հիմք է: Թե ինչ տրամաբանությամբ է ընտանիքը հռչակվում բնակչության պահպանման և բազմացման հիմք, անհասկանալի է անգամ հետերոսեքսուալ զույգերի պարագային: Մարդիկ կարող են ամուսնանալ և ընտանիք կազմել, բայց հնարավոր է՝ չցանկանան երեխա ունենալ կամ ինչ-ինչ առողջական խնդիրների հետևանքով կինը հնարավոր է՝ չհղիանա: Եվ ի՞նչ, այդ դեպքում զույգի միությունն ընտանիք չէ, ինչ է թե բնակչության պահպանման և բազմացման հիմք չէ՞… 

 

Մի գիշերում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշման կայացումից հետո շատերի համար ակնհայտ էր, որ իշխանություններն այդպիսով բռնել են քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակման ուղին, բայց որ այդ սահմանափակումները փորձ կարվի ձևակերպել իբրև սահմանադրական նորմ, հիրավի անկանխատեսելի էր: 

 

Ահա այս պատճառով է Վենետիկի հանձնաժողովը հարկ համարել անդրադառնալու փոփոխությունների նախագծի խնդրահարույց այս հոդվածներին նույնպես, սակայն հանձնաժողովի անդամները բավարար կամք ու վճռականություն չեն դրսևորել՝ բաց տեքստով գրելու, որ գործող Սահմանադրության 35-րդ հոդվածի նման փոփոխությունները տեսանելի ապագայում այլևս անիմաստ կդարձնեն նույնասեռ ամուսնությունների խնդրի բարձրաձայնումը և որ նման փոփոխությունները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպտագույն խախտում է, սահմանադրականության հետ առնչություն չունեցող երևույթ: Վենետիկի հանձնաժողովի անդամներն ընդամենը մշուշոտ կերպով ակնարկել են, որ փոփոխությունների տեքստի այս հատվածում խնդիր կա, այնինչ Արևմտյան երկրների ու միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում տարբեր հարթակներից ուղիղ տեքստով հայտարարելու, որ ԼԳԲՏ անձանց իրավունքները մարդու իրավունք են: Մի՞թե այդ նույն պաշտոնյաներն այնքան համարձակություն չունեն նույնկերպ բաց ու շիտակ մատնացույց անելու հայաստանյան իշխանությունների՝ իրավունքի ոգուն չհամապատասխանող գործողությունները: Եվ մի՞թե հասկանալի չէ, որ նման ձևակերպմամբ փոփոխությունների կյանքի կոչման դեպքում այդ հոդվածների՝ ԼԳԲՏ անձանց օգտին որևէ մեկնաբանում այլևս անհնարին է դառնալու: Առավել ևս, որ փոփոխությունների տեքստի 15-րդ և 34-րդ կետերը գտնվում են համապատասխանաբար Առաջին և Երկորդ գլուխներում, որոնք ըստ փոփոխությունների տեքստի 201-րդ հոդվածի 1-ին կետի՝ հնարավոր է փոխել միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով: