Հայկ Բաբուխանյանն ԱԺ ամբիոնը կրկին օգտագործել է ԼԳԲՏ անձանց իրավապաշտպանությամբ զբաղվող հ/կ-ների վրա հարձակվելու համար

Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությամբ հանդես գալու ժամանակն ու ԱԺ բարձր ամբիոնը կրկին օգտագործել է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Սորոսի հիմնադրամի վրա հարձակում գործելու և «Իրավունք» թերթի քաղաքականությունը պաշտպանելու նպատակով:

 

««Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հաստատության կամ նույն ինքը՝ Սորոսի հիմնադրամի կայքում 2014-ին տրամադրված գրանտների ցուցակում հայտնաբերվել են երկու առավել քան տարօրինակ դրամաշնորհներ՝ 4000-ական դոլարի չափով: Առաջինը թվագրված է 2014-ի հոկտեմբերի 24-ով, տրված է «Նոր սերունդ» հ/կ նախագահ Սերգեյ Գաբրիելյանին, և դրա նպատակն է, մեջբերում եմ, «օժանդակել խտրականության դեմ ռազմավարական դատավարություններին»: Մասնավորապես, գործի շրջանակներում հարց է բարձրացվելու՝ արդյոք «Իրավունք» թերթի հրապարակման մեջ առկա է ատելության խոսք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Երկրորդ նմանաբովանդակ գրանտը թվագրված է 2014-ի հոկտեմբերի 27-ով, տրված է Pink Armenia հ/կ-ին: Նպատակը նորից նույնն է՝ օժանդակել խտրականության դեմ դատավարություններին: Փաստորեն, հայտնի գլոբալիստ, Նարնջագույն հեղափոխությունների հովանավոր Սորոսն իր հիմնադրամի միջոցով փող է տալիս որոշ հ/կ-ների՝ կոնկրետ լրատվամիջոցի՝ «Իրավունք» թերթի դեմ դատական հետապնդումն իրականացնելու համար:

 

Այսինքն՝ սույն հիմնադրամը ֆինանսավորում է խոսքի և մամուլի ազատության հետապնդումները ՀՀ-ում՝ թիրախավորելով կոնկրետ մեկ լրատվամիջոց: Այստեղ, փաստորեն, առկա է բացահայտ ֆինանսական միջամտություն դատական գործերին: Կարելի է ենթադրել, որ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում նպատակաուղղված է ոչ միայն ազգային ավանդական արժեհամակարգի դեմ, այլև՝ պայքարում է ընդդեմ հիմնարար ժողովրդավարական արժեքի՝ խոսքի ու մամուլի ազատության: Միաժամանակ ԵԽԽՎ վերջին նստաշրջանում մի քանի պատգամավորներ տարածել են զրպարտչական բնույթի հայտարարություն՝ փորձելով ճնշում գործադրել իմ և «Իրավունք» թերթի, ինչպես նաև ՀՀ դատական համակարգի վրա: Այդ տոտալիտար դրսևորմանը ես պատասխանեցի բաց նամակով, որը հրապարակեցի մամուլում՝ անընդունելի համարելով խոսքի և մամուլի ազատության դեմ նման դրսևորումները: Հարց է ծագում՝ արդյոք այս ամենում խառը չէ նույն Սորոսի մատը: Թերևս վերոհիշյալ դրվագները հարկ է դարձնել Դատախազության և պետական այլ լիազոր մարմինների հետազոտության առարկա: Սա պետք է լինի ահազանգ հասարակության համար, որ հայ ազգի արժեհամակարգի, ինքնության դեմ ծավալվել է համակարգված, համատարած արշավ»,- ԱԺ ամբիոնից ասել է Հայկ Բաբուխանյանը: 

 

Հիշեցնենք, որ Բաբուխանյանը «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահն է: 2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթի կայքում հրապարակվել էր «Նրանք սպասարկում են համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված, որի ներքևի հատվածում տեղադրվել էին Facebook սոցիալական ցանցի մի խումբ օգտատերերի անձնական էջերի հղումներ, որոնց էլ ուղղված էր վերոնշված հոդվածը: Հոդվածում տեղ էին գտել մի շարք արտահայտություններ, ինչպիսիք են՝ «սրանք գեյ քարոզչության դրույթերին հավատացող զոմբի են», «յուրաքանչյուր լոբբիստ ազգի և պետության ներքին թշնամին է» և այլն, ու օգտատերերից 16 հոգի ընդհանուր հայցով, 3 հոգի՝ առանձին հայցով դիմել էին դատարան՝ վերոնշյալ արտահայտությունները համարելով իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող: 16-ի գործով առաջին ատյանի դատարանը մերժել էր ընդդեմ «Իրավունք»-ի դատը, Վերաքննիչ դատարանն էլ ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: 3-ի գործով դատական գործընթացն առաջին ատյանի դատարանում դեռևս շարունակվում է: