Հայտարարություն «Անի» հյուրանոցում մահացած երիտասարդի գործով. Pink Armenia

Pink Armenia-ն հայտարարություն է տարածել՝ նոր մանրամասներ ներկայացնելով Երևանում փետրվարի 11-ին տեղի ունեցած դեպքի կապակցությամբ: 

«2017թ. փետրվարի 11-ին Անի հյուրանոցում նախնական տվյալներով ինքնասպանություն է գործել Ռուսաստանի քաղաքացի 23-ամյա Զուրաբ Նեմսաձեն (մամուլում ազգանունը ներկայացված է Համազադեհ):

Մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով դեպքին, նշել էին, որ Զուրաբի դեմ մի երիտասարդ ոստիկանություն բողոք էր ներկայացրել` իր նկատմամբ սեռական բռնության և այդ գործողության պոռնկագրական բնույթի նյութերը համացանցում տարածելու մեղադրանքով: Նաև նշված էր, որ այդ երիտասարդը հետագայում ինքնասպանության փորձ է կատարել:

Սակայն այդ լրատվամիջոցները չէին գրել, որ Զուրաբի, հետագայում նաև «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի անունից նույնպես ոստիկանություն դիմում էր ներկայացվել վերոնշյալ երիտասարդի` վտանգի մեջ լինելու և վերջինիս ինքնասպանության փորձի դրդապատճառների վերաբերյալ:

Ըստ Զուրաբի պատմածի՝ փետրվարի սկզբին նա Հայաստան էր եկել իր զուգընկերոջ` նշված երիտասարդի խնդրանքով, որպեսզի օգնի նրան ազատվել ընտանիքի ճնշումներից:

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ին այս պահին անհայտ է երիտասարդի վիճակը և գտնվելու վայրը: Զուրաբի մահվան առիթով հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով:

Կազմակերպությանը և դրա իրավաբաններին Զուրաբ Նեմսաձեն մահվանից առաջ լիազորագիր է հանձնել, ինչի հիման վրա վերջինիս շահերը կներկայացվեն գործի քննության ընթացքում:

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն, հետամուտ լինելով գործի պատշաճ քննությանը, լրատվամիջոցներին հորդորում է աչալուրջ լինել, համակողմանի լուսաբանել դեպքը, բացահայտել ճշմարտությունը և այն ուշադրության կենտրոնում պահել:

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում առանց նախապաշարումների պարզել իրողությունը, բացահայտել իրական մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել:

Հարկ է գիտակցել, որ այս պատմությունն արդեն ողբերգության է հանգել, սակայն եթե հավանականություն կա մեկ այլ ողբերգության, անհապաղ պետք է կանխել»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարությունում: