Հայտնաբերվել է նոր հեծանիվ, կամ գաղափարական մետամորֆոզները Հայաստանում

Հայաստանյան գաղափարական միտքը շարունակում է նորանոր արտադրանք մատուցել յոթ միլիարդանոց մարդկությանը՝ հորինելով այնպիսի հեծանիվներ, ինչպիսին ո՛չ Դա Վինչին էր ժամանակին հաջողացրել առաջարկել, ո՛չ էլ անգամ Fort ընկերությունը։ 

 

Այսպիսով, պարզվում է, ուրեմն, որ առանձին խմբերի իրավունքների մասին խոսելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ռասիզմ, սեքսիզմ, նացիզմ, ֆաշիզմ, ապարտեիդ․ եթե մարդու իրավունքները համընդհանուր են, ապա ինչո՞ւ խոսել առանձին խմբերի իրավունքներից, ինչո՞ւ առանձնացնել, բաժանել և տիրել, առանձնացնելով խտրականացնել, խտրականացնելով՝ առանձնացնել։ Հակառակն, ուրեմն, միավորե՛լ, ասել՝ մարդ ես, ունես իրավունքներ, և վերջ։ Թե չէ՝ ԼԳԲՏԻ անձանց իրավունքներ, կանանց իրավունքներ, սահմանափակ կարողություններ ունեցողների, կրոնական խմբերի, ազգային փոքրամասնությունների․․․ Ո՞ր մեկի հետևից, ախր, հասցնենք, ո՞ր մեկի․․․ Եվ վերջապես, ինչո՞ւ չտես գյոռմամիշություն անել, գնալ-հասնել եվրոպաներ, ամեն ինչ թարս հասկանալ՝ հերիք չէ, մի հատ էլ թարս հասկացածը քարշ տալ Հայաստանում կիրառելու։ Եկե՛ք, ուրեմն, հորինենք հեծանիվ՝ ունիվերսալության սկզբունքից ելնելով։ Որ հանկարծ խտրականություն չլինի ու հավասարությունը չխախտվի։ Թե չէ հանկարծ որ ԼԳԲՏԻ անձանց իրավունքներ ասում ես՝ կանանց իրավունքները դրանից էլ ավելի են սահմանափակվում։ Հայաստանում հայտնաբերվել են, ուրեմն, թե՛ կանանց, թե՛ մյուս խմբերի իրավունքների սահմանափակման հիմնաքար-խնդիրը, սկզբնապատճառն ու ակունքները։ 

 

Հայտնաբերողներն այնքան են ոգևորվել ու տարվել սեփական արտադրանքով, որ, ըստ հավաստի տեղեկությունների, առաջիկայում մարդկության մտքի այս առանձնահատուկ փայլատակումը պատրաստվում են պատենտավորել որևէ ազգային-ներպետական փաստաթղթով՝ հարիր հայոց գենին և հնարամտությանը։ 

 

Ասում են՝ որոշ սկեպտիկներ, չուզողներ ու աբիժնիկներ, որ մշտապես հայտնվում են դարի հեղափոխական մտքերի հանրայնացման էտապներում և փորձում են խաթարելով վարկաբեկել մարդկության առաջընթացն ապահովող գաղափարները, փորձ են կատարել այս անգամ էլ ամեն կերպ փայտեր կոխել հորինված հայկական հեծանիվի ակերում՝ գուգլելով ու սըրչելով բոլոր հնարավոր ու անհնարին ռեսուրսները և փորձելով պարզել՝ արդյոք աշխարհի մի որևէ գողտրիկ անկյունում այս հարցն ու միտքը որևէ տեղ հնչեցվե՞լ է։ Պեղումները ցույց են տվել, որ ո՛չ, հեծանիվն իրավամբ made in Armenia է։ 

 

Հատկանշական է, որ Հայաստանում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որ մեծապես գնահատում են նորարարությունը, չկարողանալով անտեսել ու աչք փակել մարդկության զարգացման արահետում այս նոր փոխադրամիջոցի ի հայտ գալու վրա, անմիջապես և շուտափույթ սկսել են օգտվել դրա ընձեռած հնարավորություններից, բայց իրենց պատրոններից թաքուն։ Նախ որովհետև հեծանիվն այս թեստավորման ու լիցենզավորման բոլոր փուլերը դեռևս չի անցել և չի լեգիտիմացվել միջազգային հարթակներում, եվ երկրորդ՝ վտանգ կա, որ պատրոնների շրջանում էլ կարող են լինել չուզող սկեպտիկներ, որոնք կցանկանան մեխով ծակել նորահայտ հեծանիվի անիվները։ 

 

Լուրեր են պտտվում, որ գյուտարարները պատրաստվում են առաջիկայում իրենց ապրանքն ավելի լայն շրջանակներին ներկայացնելու արշավ սկսել, որի հիմնական շեշտն է լինելու այս գաղափար-հեծանիվի հիմնական դրական հատկանիշը, այն է՝ էկոլոգիապես մաքուր լինելը։ Հանրահայտ է, որ հայաստանյան առաջադեմ իշխանություններն ամեն գնով պայքարում են հայոց գենն աղտոտող տարատեսակ հակահիգիենիկ երևույթների դեմ, ուստի գյուտարարները հույսեր են փայփայում, որ նրանք ոչ միայն կաջակցեն հեծանիվի սպառմանը, այլ նաև հեծանվային ճանապարհներ կգծեն հայաստանյան փողոցներում, մի շահավետ ճանապարհային քարտեզ։ Քանի որ իշխանությունն ինքն էլ աչքի է ընկնում գյուտարարությամբ և ունի սեփական միջոց-մեքենան՝ գեբելսյան քարոզչականը, չի բացառվում, որ երկու գաղափարական տրանսպորտային միջոցների համագործակցությունը նոր հեռանկարներ ծնի և չեզոքացնի հայոց գենի անարատությանը սպառնացող վտանգները՝ այդպիսով Հայաստանում ապահովելով շլացուց հավասարություն և հակախտրականություն՝ իբրև ԵՄ պահանջների ի կատար ածում։ Ինչպես ասում էր դասականի տատը՝ կարևորը գալըչկան է։ 

 

 

LGBTnews-ի հեծանիվների ռեմոնտի բաժին