«Հավասարության մասին» օրինագիծը դեռևս մշակման փուլում է. Արդարադատության նախարարություն

Հավասարության մասին օրենքի նախագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում. այն ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել ծանոթացման նպատակով՝ հաշվի առնելով օրենքի նախագծի հիմնարար նշանակությունը: LGBTnews-ի՝ ՀՀ Կառավարությանն ուղղված հարցմանն ի պատասխան այդ մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից:

««Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ օրենքի նախագծի մշակման, քննարկման և ընդունման ընթացակարգը ենթադրում է իրավական ակտի նախապատրաստում, մշակում, նախագծերը մշակող մարմնի կողմից նախագծի կարգավորման ազդեցության գնահատման կազմակերպում, նորմատիվ իրավական ակտի նախագիծն օրինաստեղծ մարմին քննարկման ներկայացում և Խորհրդարանում կազմակերպվող գործընթացներ:

Այսպես, «Հավասարության մասին» ՀՀ օրենքի նախագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում, իսկ ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել ծանոթացման նպատակով՝ հաշվի առնելով օրենքի նախագծի հիմնարար նշանակությունը: Սա նշանակում է, որ նախագիծն անհրաժեշտ է համաձայնեցնել համապատասխան շահագրգիռ մարմինների հետ և ստացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփման արդյունքում լրամշակել այն: Այնուհետև, նախատեսվում է կազմակերպել հանրային քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս բոլոր գործընթացներից հետո միայն նախագիծը կառավարությունում կդրվի քննարկման»,- ասված է նախարարության պատասխանում: 

Հարցին, թե ինչ ժամկետներում է օրինագիծը քննարկվելու Կառավարությունում, ե՞րբ է հանրայնացվելու, ե՞րբ է ուղարկվելու Ազգային ժողով, նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են. «ՀՀ կառավարությունն օրենքի նախագծի քննարկման և օրենքով սահմանված կարգով նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու հարցում կաշկանդված չէ որևէ ժամկետով»: 

«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են հրապարակվել մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև կարող են դառնալ համաժողովրդական քննարկման առարկա:

Նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկման, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքման աշխատանքների իրականացման գործընթացն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների միջոցով, որի անցկացման կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ: Մասնավորապես, ըստ ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշման՝ հանրային քննարկումներն իրականացվում են հրապարակայնության, մատչելիության և թափանցիկության սկզբունքի հիման: Հիմնական խնդիրներն են՝  քննարկման դրված հարցերի վերաբերյալ հանրային կարծիքի բացահայտումը, այլընտրանքային տարբերակների, հնարավոր ծախսերի, օգուտների և հավանական ռիսկերի վերաբերյալ տեղեկությունների ստացումը և իրավաստեղծ աշխատանքներում հասարակության մասնակցության ապահովումը:

Հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է, եթե նախագիծ մշակող մարմինը չի սահմանել առավել երկար ժամկետ, որին մասնակից կարող են դառնալ բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Բացի այդ, հանրային քննարկման արդյունավետության բարձրացմանն  է նպաստում նաև ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 1134-Ն որոշումը, որով լրացումներ և փոփոխություններ են կատարվում ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման մեջ:

Փոփոխությունների արդյունքում օրենքների նախագծերի հանրային քննարկումները կարող են կազմակերպվել և իրականացվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Հանրային քննարկումների հրավերը հրապարակելու հետ մեկտեղ նախագիծ մշակող մարմինը միասնական կայքում հրապարակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը և կից փաստաթղթերը և հնարավորություն ստեղծում  ֆիզիկական և իրավաբանական անձանց համար համապատասխան հղման միջոցով հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները:

Նախագիծը հանրային քննարկման կդրվի լրամշակումից հետո»,- ասված է նախարարության պատասխանում: 

Հիշեցնենք, որ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ծրագրերի համակարգող Իզաբելլա Սարգսյանը «Մեդիակենտրոնում» նախորդ տարվա նոյեմբերին կայացած ասուլիսի ժամանակ հանրությանը հայտնել է, որ «Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ օրենսդրությանն ուղղված ծրագրի» շրջանակներում հակախտրական օրինագիծը «մշակվել է արդարադատության նախարարության, «Եվրասիա» հիմնադրամի կողմից, նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների կողմից ստացված առաջարկների, փոփոխությունների հիման վրա և հանձնվել է Արդարադատության նախարարություն մայիսին»: 

Այսպիսով՝ արդեն շուրջ 9 ամիս է, ինչ Հավասարության մասին օրինագծի նախագիծը գտնվում է Կառավարությունում, սակայն դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչ բովանդակություն կունենա այն Կառավարությունում մշակման փուլն անցնելուց հետո, երբ այն վերջապես կներկայացվի հանրության դատին և երբ կուղարկվի Ազգային ժողով: