Հենց ԼԳԲՏ անձինք են, որ ժամանակի ընթացքում լուծելու են իրենց խնդիրները. Արթուր Սաքունց

LGBTnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Այս անգամ մեր զրուցակին է իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

 

– Պարո՛ն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակը:

 

– ԼԳԲՏ անձանց նկատմամբ ակնհայտ խտրական վերաբերմունք կա ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ՝ իրավական առումով և հասարակության ընկալման տեսանկյունից: Ակնհայտ է նաև, որ անգամ Մարդու իրավունքների պաշտպանը մինչև վերջ չի ընկալում ԼԳԲՏ համայնքի իրավունքների խնդիրները, և դրա ցայտուն օրինակն ու ապացույցը հենց նրա կողմից Կոմայգու վերաբերյալ արված հայտարարություն է (օմբուդսմենը 2013-ի վերաբերյալ տարեկան զեկույցում նշել էր, որ Կոմայգում «պոռնկությամբ զբաղվող մի շարք տրանսգենդեր անձինք» իրենց գործողություններով ոչ միայն վտանգել են հասարակության բարոյականությունը, այլև «բնակչության մոտ ծնում են հոմոֆոբիա» – խմբ. ): Նրա հայտարարությունից պարզ է դառնում, որ նա խտրական վերաբերմունք է դրսևորում մարմնավաճառությամբ զբաղվող սեռական փոքրամասնության ներկայացուցիչների հանդեպ:

 

– ԼԳԲՏ անձինք հաճախ մեղադրվում են նույնքան անհանդուրժող լինելու մեջ, որքան՝ նրանց ճնշող խմբերը, և մեղադրողները պնդում են, որ ԼԳԲՏ անձինք ցանկանում են իրենք ճնշել մյուսներին և որ իրենց նկատմամբ դրական խտրականություն ցուցաբերվի:

 

– ԼԳԲՏ անձինք իրականում որևէ մեկի իրավուքների խախտման կոչ չեն անում, թշնամանք չեն տարածում, նրանք ընդամենը ցանկանում են իրացնել իրենց իրավունքները, իսկ իրավունքի հարցում շատ և քիչ չկա. իրավունքը կամ կա, կամ չկա: Նրանք ուզում են ցույց անել, իրենց կարծիքն արտահայտել հանրային, լրատվական դաշտում: Այդ ամենը կլինի այն դեպքում, եթե Հայաստանը դառնա իրավական պետություն, հասարակությունն ազատվի նախապաշարմունքներից, որն, ի դեպ, խոսում է գրագիտության մասին, քանի որ իրազեկ մարդու կյանքում նման նախապաշարմունքները տեղ չունեն, և նա իրենից տարբերվող անձանց նկատմամբ ունի հանդուրժողական վերաբերմունք: Պետք է մարդկանց իրավունքի նկատմամբ հարգանք լինի հատկապես պետական մարմինների կողմից: Սակայն մենք տեսնում ենք, որ քաղաքական բոլոր ուժերը ԼԳԲՏ համայնքի նկատմամբ վերապահում ունեն, այսինքն՝ դա լուրջ խոչընդոտող հանգամանք է, քանի որ այդ նույն ուժերն են, որ Ազգային ժողովում օրենքներ են ընդունում, գործադիրի նկատմամբ վերահսկողություն իրականացնում, և եթե նրանք չեն ընկալում այս ամենի լրջությունն, ապա բնական է, որ ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ ո՛չ պատշաճ օրենք կընդունվի և ո՛չ էլ պատշաճ վերահսկողություն կիրականացվի, ուստի չեն ապահովվի իրավունքների իրականացման համար պատշաճ պայմաններ: Պետք է նշել նաև, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են կարողանում ղեկավարվել մարդու իրավուքների և արժանապատվության սկզբունքներով, և այս կամ այն խմբի նկատմամբ ստերեոտիպային մտածելակերպի ձևավորման կամ ամրապնդման հարցում շատ նշանակալի դեր ունեն նաև լրատվամիջոցները:

 

-Այսինքն՝ հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող երկու կարևորագույն օղակների՝ պետական պաշտոնյաների և լրատվամիջոցների մեծ մասը չեն նպաստում Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը: Այս պայմաններում դուք ինչպե՞ս եք տեսնում ԼԳԲՏ անձանց ունեցած խնդիրների լուծումը Հայաստանում:

 

– Ժամանակի ընթացքում ԼԳԲՏ անձանց խնդիրները լուծվելու են, և հենց ԼԳԲՏ անձինք են, որ լուծելու են իրենց խնդիրները, իսկ մենք նրանց ամեն կերպ աջակցելու ենք: 

 

– Ձեր կարծիքով՝ հասարակական կազմակերպությունների՝ ԼԳԲՏ անձանց ցուցաբերած աջակցությունը բավարա՞ր է՝ եթե ոչ միանգամից, այլ գոնե ժամանակի ընթացքում նրանց խնդիրները լուծելու համար:

 

– Ցավոք սրտի, հասարակական սեկտորում ևս նրանց նկատմամբ որոշակի վերապահումներ կան: Պետք է շատ կրթվել ու շատ իմանալ և ոչ թե ելնել լսածից ու ըստ այդմ այս կամ այն երևույթի կամ անձի մասին պատկերացում կազմել, վերաբերմունք դրսևորել: Պետք է ճանաչել, նրանց հետ շփվել, իմանալ, ուսումնասիրել: Շատ կարևոր է գիտակցել, որ անձի իրավունքի նկատմամբ վերաբերմունքը չպետք է պայմանավորել անձով. այսօր թե՛ իշխանության, թե՛ հասարակության խնդիրն իրավունքի նկատմամբ խտրական վերաբերմունքն է:

 

– Ձեր կարծիքով՝ խտրականության մասին օրենքի ընդունումը կնպաստի՞ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի վերացմանը:

 

– Օրենքը կանխարգելող նշանակություն ունի, և մարդիկ հասկանում են, որ այս կամ այն բանը չի կարելի: Հայաստանը ընտրել է ժողովրդավարական, իրավական պետություն դառնալու ուղին, սակայն այդ շաբլոնային ձևակերպումից դեպի իրական ժողովրդավարական ու իրավական պետության հասնելը շատ դժվարությունների հետ է կապված, քանի որ երբ իշխանության ձևավորման ճանապարհը անօրինական է, այդ անօրինականությունը դառնում է նաև իշխանության պահպանման միակ միջոցը: Այդ դեպքում հնարավոր են նաև մանիպուլյացիաներ, երբ մարդկանց ու ընտրազանգվածին ուղղորդում են դեպի այնպիսի խնդիրներ, որոնք հենց նպաստում են իշխանության պահպանմանը: Ըստ որում, բոլոր բռնապետական ու սահմանփակող համակարգերն իրենց գաղափարական հիմքում դնում են ազգային պատկանելության բացարձակացումը, ընտանիքի մասին որոշակի պատկերացումներն են բացարձակացվում, կրոնը: Այս համակարգերում իշխանություններն առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով և անում են այնպես, որ մարդիկ միմյանցով, այլ ոչ թե իշխանություններով զբաղվեն:

 

– Օրինակ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հենց այդ նպատակո՞վ է պարբերաբար Ազգային ժողովի ամբիոնից ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի և ատելության կոչեր անում: 

 

– Մի՛ հավատացեք, որ առանց Բաղրամյան 26-ի իմացության և թույլտվության ՀՀԿ-ից որևէ մեկն Ազգային ժողովից նման մի բան ասի: Բաղրամյան 26-ն ունի իր իշխանությունը պահելու խնդիր: Տեսեք թե ինչ է ստացվում. իրավական և ժողովրդավարական պետություն հիմքերն ամրապնդելու համար պետք է լինեն ազատ ու անկախ ընտրություններ, անկախ դատական իշխանություն, խոսքի ազատություն, պետք է լուծվի տնտեսական ազատությունների խնդիրը, սակայն այս հարցերի շուրջ բանավեճ չի ծավալվում, այլ քննարկում է հրահրվում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ, ըստ որում՝ ԼԳԲՏ անձանց ձայնը լսելի դարձնելու համար նրանց երբեք չի տրամադրվում, օրինակ, հարթակ Հանրային հեռուստաընկերությանում: Իշխանությունները, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ավելի են սրում ԼԳԲՏ անձանց խնդիրը, ապա ասում՝ մենք մեղավոր չենք, հասարակությունը չի ընդունում նրանց, բայց եթե իշխանությունների համար այդ նույն հասարակության կարծիքն իսկապես կարևոր լիներ, ապա նրանք իշխանության չէին լինի: 

 

– Նկատի ունեք՝ իշխանությունները շահարկու՞մ են ԼԳԲՏ անձանց վերաբերյալ հարցերը:

 

– Իշխանություններն ապատեղեկատվություն են տարածում: