Հերմինե Նաղդալյանն անտեսում է ԵԽԽՎ պատվիրակների կոչը և պաշտպանում «Իրավունք» թերթը

ԵԽԽՎ մի խումբ պատվիրակներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայտարարություն էին ընդունել Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ և անդրադառնալով «Իրավունք» թերթում դատական գործընթացների պատճառ դարձած հոդվածի հրապակարմանը՝ Վեհաժողովում ՀՀ պատվիրակներին, հատկապես՝ ՀՀԿ-ական անդամներին կոչ էին արել «իրենց գործընկերներին հստակ բացատրել, որ անհրաժեշտ է հեռու մնալ ատելության և անհանդուրժողականության դրսևորումներից»: Նրանք նաև Հայաստանի իշխանություններին կոչ էին արել «անշեղորեն քննադատել նմանօրինակ ցանկացած դրսևորում և միջոցներ ձեռնարկել Նախարարների կոմիտեի առաջարկությունները կյանքի կոչելու և սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորման դեմ պայքարելու ուղղությամբ»:

 

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիկարության ղեկավարը ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է, այդ իսկ պատճառով LGBTnews.am-ը պաշտոնական հարցմամբ դիմել էր վերջինիս՝ խնդրելով պատասխանել հարցման մեջ առկա չորս հարցերին: Հարցերը մենք ձևակերպել էինք՝ հիմք ընդունելով ԵԽԽՎ պատվիրակների հայտարարության տեքստում առկա ձևակերպումները, բայց հարցմանն ի պատասխան ուղարկված նամակի սկզբում Նաղդալյանը հարցերի ձևակերպումը որակել էր «փորք-ինչ հեգնական»: Ինչևէ, ստորև ներկայացնում ենք մեր հարցերն ու Հերմինե Նաղդալյանի պատասխանները:

 

Դուք՝ իբրև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, պատվիրակության անդամներին և ձեր ՀՀԿ-ական գործընկերներին հստակ բացատրե՞լ եք, որ անհրաժեշտ է հեռու մնալ ատելության և անհանդուրժողականության դրսևորումներից։

 

Պատվիրակության անդամներին, ինչպես նաև այլ պատգամավորներին որևէ խնդիր բացատրելու կարիք չկա։ Բացատրել բառը տվյալ կոնտեքստում անընդունելի է էթիկայի և օրինականության տեսանկյունից, քանի որ պատգամավորներն ազատ են իրենց կարծիքն արտահայտելու մեջ և որևէ պատգամավոր ատելություն կամ անհանդուրժողականություն չի ցուցաբերել։

 

Բացի այդ, Աժ պատգամավորներն ընտրվում են ժողովրդի կողմից և, ըստ ՀՀ Սահմանադրության 66 հոդվածի, պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով։ Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Աժ-ում հայտնած կարծիքի համար:

 

Միաժամանակ նշեմ, որ խոսքի և մամուլի ազատությունները, որպես գերագույն ժողովրդավարական արժեքներ, ևս մեկ անգամ վերահաստատել են Եվրոպական բազմաթիվ պետությունների առաջնորդները և ղեկավարները, երբ մասնակցել են Փարիզի աջակցության քայլերթին՝ ի պաշտպանություն մամուլի ազատությանը, փարիզյան «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրակազմի գնդակահարությունից հետո։

 

Ատելության և անհանդուրժողականության դրսևորումներից զերծ մնալը համամարդկային արժեքներ են եւ դրանց նեղ քաղաքական շահարկումները ընդունելի չեն։

 

Դատապարտե՞լ եք կամ պատրաստվո՞ւմ եք դատապարտել «Իրավունք» թերթում հրապարակված, դատական գործի և ԵԽԽՎ պատվիրակների հայտարարության պատճառ դարձած «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակ» հոդվածում տեղ գտած մտքերը:

 

Տեղեկացնեմ Ձեզ, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայցվորների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի՝ Ձեր կողմից նշված հոդվածի կապակցությամբ։ Իր որոշման հիմքում դատարանը դրել է խոսքի և մամուլի ազատության ժողովրդավարական սկզբունքները։ Դատարանի որոշումը հայցվորների կողմից բողոքարկվել է վերադաս ատյան, և այն իրավասու է լուծել միմիայն վերաքննիչ դատարանը։ Ավելին՝ արդարադատություն իրականացնելու ընթացքում անընդունելի են բոլոր այն գործողությունները, որոնք կարող են դիտվել որպես ճնշում անկախ դատական համակարգի նկատմամբ՝ արդարադատություն իրականացնելու փուլում։

 

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ 22 պատգամավորների տարածած հայտարարությանը, ապա դրան ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հանդես է եկել բաց նամակով, որտեղ պարզաբանել է իրավիճակը մամուլի և խոսքի ժողովրդավարական կարևորազույն սկզբունքների տեսանկյունից: Բացի այդ, Բաբուխանյանը պահանջել է ներողություն խնդրել, և այդ վեճը նույնպես կարող է իր լուծումը ստանալ դատական կարգով։

 

Նշենք նաև, որ մի շարք Աժ պատգամավորներ, կուսակցությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպություններ դատապարտել են ԵԽԽՎ 22 պատգամավորների հայտարարությունը՝ դիտելով այն որպես ճնշում մամուլի և խոսքի ազատության հանդեպ։

 

Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր՝ ի՞նչ քայլեր եք ծրագրում իրականացնել «Իրավունք» թերթում մասնավորապես և Հայաստանի մեդիադաշտում՝ առհասարակ ատելության, խտրականության դրսևորումների դեմ պայքարելու ուղղությամբ։

 

Որպես ԱԺ պատգամավոր չեմ կիսում այն գնահատականը, որ «Իրավունք» թերթում առկա են ատելության կամ խտրականության դրսևորումներ։ Պետք է նշեմ նաև, որ ՀՀ Աահմանադրությունը երաշխավորում է բազմակարծությունը (հոդված 7), մտքի ազատության իրավունքը (հոդված 26) , կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը (հոդված 27)։

 

Հոդված 27-ում ասված է. «Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխելու այն»: Նույն հոդվածում ասված է. «Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է», իսկ զանգվածային լրատվության մասին օրենքի հոդված 4-ում ասված է. «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա։ Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունության ընթացքում որպես հասարակական պարք կատարող անձ պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ: Նույն Օրենքի հոդվածում ասված է նաև, որ «Արգելվում է որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրակակացնռղի և լրագրողի նկատմամբ»:

 

Որպես իշխանության ներկայացուցիչ՝ Աժ փոխխոսնակ, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել կամ պատրաստվում ձեռնարկել Նախարարների կոմիտեի առաջարկությունները կյանքի կոչելու և սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորման դեմ պայքարելու ուղղությամբ։

 

ՀՀ Աահմանադրությունը հռչակում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Հետևաբար ցանկացած հատկանիշով խտրականությունն ընդունելի չէ։