Հիմնավորումն անհեթեթ է. Խանջյանն ու Էգոյանը «Ոսկե ծիրան»-ին կոչ են անում վերանայել տարօրինակ որոշումը

Դերասան Արսինե Խանջյանն ու ռեժիսոր Ատոմ Էգոյանը խիստ անհանգստացած են Կինոմատոգրաֆիստների միության իրականացրած գրաքննության և դրան հաջորդած՝ «Ոսկե ծիրան»-ի մի ամբողջ ծրագիրը չեղարկելու որոշման առիթով: Իրենց մտահոգությունն արվեստի հանրահայտ գործիչներն արտահայտել են Facebook սոցիալական ցանցում: 

«Մենք շատ անհանգստացած ենք Կինեմատոգրաֆիստների միության կողմից գրաքննության և դրան հաջորդած՝ «Ոսկե ծիրան»-ի ամբողջ ծրագիրը չեղարկելու որոշման առիթով: Ատոմը փառատոնի նախագահն է եղել շուրջ տասը տարի, և մտահոգիչ է տեսնել, որ փառատոնը, որը մենք երկուսս էլ հպարտորեն ջատագովել ենք միջազգային կինոյի շրջանակներում՝ հանուն ֆիլմերի ու ֆիլմարտադրողների, որոնք բարձրաձայնում են մարդու իրավունքների կարևոր խնդիրների մասին, կարող է ճնշումների ենթարկվել, հատկապես երբ այդ գաղափարները պետք է քննարկվեն և երևան բերվեն:

Չկա, իհարկե, ավելի լավ ձև հարգելու հայ կարևոր կինոգործիչ Ռուբեն Գևորգյանցի հիշատակը, քան համոզվելով, որ հայկական ձայներից նոր ֆիլմեր կարող են ցուցադրվել և տարածվել: Մենք երբևէ չենք լսել, որ նոր ֆիլմերի ծրագիր չեղարկվի՝ հարգանքի տուրք մատուցելու կինոգործչի մահվան կապակցությամբ՝ ի նշան սգի և հարգանքի: Այս պնդումը, հետևաբար, բավականին անհեթեթ է թվում:

Մենք կոչ ենք անում «Ոսկե ծիրան»-ին վերանայե՛լ այս տարօրինակ որոշումը: Մենք կոչ ենք ենք անում փառատոնին ներկայացնե՛լ մտածելու դրդող այս ծրագիրը, որն արտացոլում է այսօր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում ձայների իրական բազմազանությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Արսինե Խանջյանը: 

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Կինոմիությունը հրաժարվել է սգի պայմաններում ցուցադրել «Ոսկե Ծիրանի» ոչ մրցութային ֆիլմերի ամբողջ ցանկը, քանի որ ԼԳԲՏ համայնքին վերաբերող երկու ֆիլմերի պատճառով հասարակական աղմում է բարձրացել: Արդյունքում փառատոնը չեղարկել էր «Հայեր. հայացք ներսից և դրսից» խորագրով ծրագիրը, որում ներառված էին այդ երկու ֆիլմերը: