ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը ԱԺ-ում օմբուդսմենին քննադատեց Pink Armenia-ի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար

Այսօր Ազգային ժողովում ընդդիմությանը խիստ քննադատության ենթարկելուց հետո ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որը նաև «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահն է, քննադատության ենթարկեց նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Նշենք, որ այսօր օմբուդսմենն Ազգային ժողովում ներկայացնում էր «2013 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը:

 

«Մենք պետք է աջակցենք Մարդու իրավունքների պաշտպանին, բայց այնտեղ աջակցենք, որտեղ կա իսկապես ռացիոնալ բողոք: Այո՛, ոստիկանությունում, դատախազությունում կան խնդիրներ, կան խնդիրներ տնտեսական մրցակցության հարցում: Բայց մենք չենք կարող ձեզ աջակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսին, օրինակ, ձեր փոխըմբռնման հուշագիրն է նույնասեռական, երկսեռական, գենդերային անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված մի շարք կազմակերպությունների միջև, որը դուք կնքել եք 2011-ի հուլիսի 4-ին Ծաղկաձորում: Այդ կազմակերպությունները պարզապես հետապնդում էին երկու աղջնակի, որոնց անունն է Ինգա և Անուշ Արշակյաններ, միայն այն բանի համար, որ վերջիններս իրենց թույլ տվեցին ասել, որ զզվում են Կոնչիտայից: Ես էլ եմ զզվում Կոնչիտայից: Հետո՞: Դա չի նշանակում, որ իրենց կարծիք արտահայտելու իրավունքը կարող են ոտնահարել այն կազմակերպությունները, որոնց հետ դուք կնքում եք փոխըմբռնման հուշագիր»,- դիմելով օմբուդսմենին՝ ասաց Հայկ Բաբուխանյանը: 

 

Բաբուխանյանի խոսքերը բուռն բացասական արձագանք ստացան Ազգային ժողովի դահլիճի աջ կողմում, որտեղ նստում են ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Բարձրացված աղմուկին ի պատասխան, ձեռքով մատնացույց անելով դահլիճի աջ հատվածը, Բաբուխանյանն ասաց. «Փառք Աստծո, որ երկիրը ձեզ չենք տվել, թե չէ Կոնչիտաներին կբերեիք, իշխանության գլուխ կդնեիք»: Բաբուխանյանի ժամանակն այս արտահայտությունից հետո սպառվեց, և նա լքեց ԱԺ ամբիոնը:

 

Ելույթ ունենալով Բաբուխանյանից հետո՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն, ընդհակառակը, իր գոհունակությունը հայտնեց օմբուդսմենի աշխատանքի կապակցությամբ ու նաև խորհուրդ տվեց օմբուդսմենին:

 

«Պետք է խորհուրդ տամ, որ առաջնահերթությունները ճշտելիս՝ պետք է նկատի ունենաք, թե այդ պահին մեր հասարակական պահանջը ո՞րն է. Կոնչիտայի՞ն պաշտպանել, թե՞ իսկապես ընտանիքի բարոյականությունը պաշտպանել»,- ասաց նա: 

 

Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանի հետ: 

 

Հուշագրի տեքստում մասնավորապես ասված է, որ «կողմերը կիսում են նմանատիպ առաքելություններ և ցանկանում են համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող` նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, որպեսզի բարձրացնեն նշված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված իրենց ջանքերի արդյունավերտությունը»: