ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը կարծում է, թե ԼԳԲՏ մարդիկ «ի հայտ են եկել վերջին 30-40 տարվա մեջ»

ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանն ամաչում է խոսել ԼԳԲՏ անձանց ու նրանց իրավունքների մասին: LGBTnews-ի հարցին, թե ինչպես է պատգամավորը վերաբերում ԼԳԲՏ անձանց իրավունքների խնդրին, վերջինս անակնկալի եկավ:

 

«Ամոթ ա, ամոթ ա, ինձ էդպիսի հարցեր մի՛ տվեք, ես տենց բաներին դեմ եմ, գնացե՛ք, ուրիշ պատգամավորներին հարցրեք: Գնա գրի, ասա՝ Մուրադ Մուրադյանը դեմ ա: Ամոթ ա, հայ ժողովրդին ամոթ ա, ինձնից հեռու»,- ասաց Մուրադ Մուրադյանը:

 

Փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ է պատգամավորն ամաչում խոսել ԼԳԲՏ անձանց իրավունքների մասին, ի՞նչն է «ամոթ» և հատկապես ինչի՞ն է Մուրադյանը դեմ:

 

«Ես չեմ պատկերացնում տղարմարդուն տղամարդու հետ, չեմ պատկերացնում»,- ասաց Մուրադյանն ու սկսեց տևական ժամանակ բարձր ձայնով ծիծաղել Ազգային ժողովի միջանցքում:

 

«Ես այն կարծիքին եմ, որ այդպիսի մարդիկ ուղեղի շեղում ունեն, որովհետև երբ մարդկությունը ստեղծվել է, այդպիսի երևույթներ չեն եղել: Վերջին մի 30-40 տարվա մեջ են նրանք ի հայտ եկել, չէ՞»,- ասաց Մուրադյանը:

 

Մեր դիտարկմանը, որ նույնասեռականությունը բոլորովին էլ նոր երևույթ չէ, ինչպես կարծում է Մուրադյանը, նաև ուղեղի շեղում չի համարվում, վերջինս պատասխանեց.

 

«Դե չգիտեմ, բայց ամեն դեպքում ես դեմ եմ այդպիսի իրադարձություններին, այդպիսի շփումներին»:

 

Ինչ վերաբերում է ԼԳԲՏ անձանց իրավունքներին, ապա պատգամավորը վստահեցրեց, որ ինքը «երբեք չի խառնվել նրանց իրավունքներին»:

 

Մեր հարցին՝ արդյոք ՀՀԿ-ական պատգամավորը դե՞մ է, որ Հայաստանը միացել է միջազգային մի շարք փաստաթղթերի՝ պարտավորություններ ստանձնելով պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները, Մուրադյանը նշեց, որ ինքն արդեն ասել է, թե ինչին է դեմ:

 

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արտահայտել իր կարծիքն, ու ես իմ կարծիքն արդեն արտահայտեցի, մնացածը հարցրեք մյուսներին»,- ասաց պատգամավորն, ով ամբողջ հարցազրույցի ժամանակ պարբերաբար կրկնում էր «ամոթ ա» արտահայտությունը, ծիծաղում, ապա բարկանում, փորձում հիմնավորել իր խոսքերն ու որոշ ոչ կոռեկտ մեկնաբանություններից առաջ առաջարկում անջատել ձայնագրիչը: